ԱՄՆ-ում սալմոնելոզի բռնկման պատճառով ավելի քան 200 մլն հավկիթ է հետ կանչվել
ԱՄՆ-ի շուկայից գրեթե 207 միլիոն հավկիթ են հետ կանչել Միացյալ Նահանգներում սալմոնելայով ձվի՝ մեծությամբ երկրորդ ձեռնարկության՝ Rose Acre Farms-ի ախտահարման պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA):
Հավկիթներն ստացվել են ինը նահանգների՝ Վիրջինիայի, Արեւմտյան Վիրջինիայի, Կոլորադոյի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Հյուսիսային Կարոլինայի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի խանութներում եւ ռեստորաններում: Food Safety News-ի տվյալներով՝ սալմոնելոզով է հիվանդացել արդեն 22 մարդ:
Միացյալ Նահանգների շուկայից հավկիթների հետկանչումը ամենաընդգրկունն է 2010 թվականից ի վեր: Հյուսիսային Կարոլինայում սալմոնելայով վարակված ֆերման օրական արտադրում է շուրջ 2,3 միլիոն հավկիթ: ԱՄՆ-ի կառավարության տվյալներով՝ երկրում ամեն տարի սալմոնելոզով վարակվում է մոտավորապես 1 միլիոն մարդ, շուրջ 380 դեպքն ավարտվում է մահացու վախճանով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: