
ԱՄԷ-ի չորս հազարից ավելի քաղաքացիներ տիեզերագնաց դառնալու հայտ են ներկայացրել

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ավելի քան չորս հազար քաղաքացիներ ցանկություն են հայտնել դառնալու երկրի առաջին տիեզերագնացները: Այդ մասին հայտնել է National հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի Mohammed bin Rashid Space Centre տիեզերական կենտրոնը:
Տիեզերագնացների ընտրության ծրագիրը գործարկել են անցյալ տարվա դեկտեմբերին: Հայտերի ընդունումն ավարտվել է անցյալ ամսվա վերջին: Ընդամենը տրվել է 4022 հայտ 17-ից մինչեւ 67 տարեկան քաղաքացիներից, որոնք ներկայացնում են գործունեության 38 տարբեր ոլորտներ: Ըստ որում յուրաքանչյուր երրորդ հայտատուն կին է, նշել են կենտրոնում:
Հատուկ կոմիտեն կկազմի պոտենցիալ տիեզերագնացների համառոտ ցուցակ, ինչից հետո կսկսվի ընտրության հաջորդ փուլը, երբ կանցկացվեն զրույց, բժշկական եւ հոգեբանական թեստավորումներ: Արդյունքում կընտրեն չորս թեկնածուների, որոնք այս տարվա վերջին պետք է պաշտոնապես դառնան տիզերագնացներ, իսկ այնուհետեւ հաջորդ տարի սկսեն պատրաստությունը: Այն կտեւի երկու տարի: Սպասվում է, որ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացը տիեզերք կթռչի 2021 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: