
ՔԶԱԿ-ի փորձագետները հույս ունեն Դումա այցելել ապրիլի 18-ին

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 16-ին այս մասին հայտնել է ՌԴ-ի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Իգոր Կիրիլովն՝ ամփոփելով ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի հատուկ հանդիպման արդյունքները։
Ապրիլի 17-ին, պատմել է գեներալ-մայորը, Դումա «կմեկնի ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը՝ հետախուզելու երթուղին, իսկ հաջորդ օրվա համար պլանավորվում է ՔԶԱԿ-ի մասնագետների մեկնումը»: Թե մասնագետները որքան ժամանակ կգտնվեն Սիրիայում, նա չի ճշտել:
Ավելի վաղ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ասել է, որ խմբի մեջ մտնում է ինը մասնագետ: Նա նաեւ հավաստել է, որ փորձագետներն առայժմ չեն հասել Դումա, քանի որ նախքան դա հնարավոր կդառնա, «պետք է լուծվեն անվտանգության հետ կապված որոշ հարցեր»: