«Հանրահավաքը որևէ արդյունք չի տա. իշխանափոխություն տեղի չի ունենա». Արմեն Բադալյան
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» օրինական դաշտում իր պայքարն է իրականացնում՝ փորձելով կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու գործընթացը։
«Փաշինյանը ԱԺ պատգամավոր է և կարող է մտնել համալսարան, ռադիո, նա դրա իրավունքն ունի։ Համալսարանի շենքում նա փորձեց քաղաքական քարոզչություն անել, ինչն օրենքով արգելված չէ։ Նա օգտվում է իր իրավունքից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։
Ինչ վերաբերում է իշխանությունների պասիվությանը, նա ասաց, որ ՀՀԿ ղեկավարը շախմատային բոլոր քայլերը կատարել է, հասել է վերջին քայլին՝ ապրիլի 17-ին վարչապետ դառնալուն, և չի ցանկանում՝ վարչապետ դառնալու գործողությունները բացասաբար ընկալվեն Արևմուտքի կողմից.
«Եթե նա ուժային գործողությունների դիմի, դա կարող է Արևմուտքում բացասական արձագանք գտնել։ Նա դրա կարիքը չունի, որովհետև այս քաղաքական միջոցառումները նրան վտանգ չեն սպառնում։ Եթե վտանգ չեն սպառնում, նա սառը հաշվարկով է մոտենում այդ ամենին, զգացմունքային քայլեր չի անում։ Դրա համար որևէ գործողություն այս պահին չի կատարվում։
Երբ հանրահավաքի մասնակիցները փորձեն ԱԺ շենքը փակել, այդ ժամանակ կարող է թեթև ուժ կիրառվել ԱԺ շենքը բացելու համար, և՝ ոչ ավելի։ Իհարկե, նրանք կարող են այնպես անել, որ ցուցարարներն անգամ շենքին մոտ չգնան։ Սերժ Սարգսյանը չի առաջնորդվում զգացմունքային պահերով, որ, եթե պատգամավորը համալսարան մտավ, ապա ինչ-որ ռեպրեսիա կիրառի, կամ՝ Հանրային ռադիոյի շենք մտնելու հետ կապված»։
Բադալյանի խոսքով՝ հանրահավաքի մասնակիցների թիվը վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար։ Նրա կարծիքով՝ հանրահավաքը որևէ արդյունք չի տա։
«Իշխանափոխություն իրականացնելու համար պարտադիր 2 գործոն պետք է առկա լինի. հասարակության շատ մեծ զանգվածի մոբիլիզացիա՝ գոնե 50-60 հազար մարդ, երկրորդ պարտադիր պայմանն Արևմուտքի աջակցությունն է։ Եթե երկու գործոններից որևէ մեկը բացակայի, ապա իշխանափոխություն տեղի չի ունենա։ Միայն Արևմուտքը կարող է ստիպելով՝ որոշակի իշխանափոխություն անել այստեղ, ինչ-որ չափով նրան կհաջողվի, բայց ԱՊՀ տարածքում իշխանափոխություն իրականացնելու համար այդ երկու գործոնը խիստ անհրաժեշտ է»,- ասաց նա։