«Դեմ չեմ լինի Սերժ Սարգսյանի հետ առերես երկու բառ խոսել». Նիկոլ Փաշինյան
«Սա մի քաղաքական ուժի խնդիր և օրակարգ չէ , և բնական է, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ համաձա՞յն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի այն առաջարկի հետ, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի։
«Մենք բաժանված չենք, որ միանանք»,- ասաց նա՝ ի պատասխան այն հարցի, թե կմիանա՞ն «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցության գործընկերներն այս նախաձեռնությանը։
Փաշինյանը նշեց, որ ապրիլի 13-ից քաղաքական նոր փուլ է սկսվել. «Պետք է այդ նոր փուլը հնարավորություն ունենանք հատկապես ընդդիմադիր դաշտում մաքուր էջից սկսել։ Մենք պետք է ներենք իրար՝ նույնիսկ նախկինում միմյանց հասցեին հնչեցրած կոշտ բառերի, վիրավորանքների համար։ Այս ժողովրդին մենք հիասթափեցնելու իրավունք չունենք»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե ասվում է, որ պետք է արվեն այս կամ այն գործողությունները, ապա դրանք արվելու են. «Եթե Մաշտոցի պողոտան լցված կլինի, ես երաշխավորում եմ իշխանափոխությունը, երաշխավորում եմ։ Ես հիմա պատասխանատու հայտարարում եմ՝ եթե այս հանրահավաքն այստեղից սկսվում է և մինչև Փակ շուկա շարունակվում է, կամ իշխանափոխություն է տեղի ունենում, կամ ես քաղաքականությամբ Հայաստանում չեմ զբաղվում, հեռանում եմ Հայաստանից»։
Հարցին՝ 2008թ. ժողովուրդ չկա՞ր, նա այսպես պատասխանեց. «Ես ասացի, որ 2018թ. ապրիլի 13-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսվել է նոր փուլ, որը պետք է մաքուր էջից սկսենք։ Ինչ է եղել նախկինում, շատ ենք քննարկել»։
Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդի հավաքվելու պարագայում Ոստիկանությունը ևս իրենց կօգնի։
Նա նաև նշեց, որ դեմ չի լինի Սերժ Սարգսյանի հետ առերես երկու բառ խոսել. «Վաղը ես գնում եմ իրեն շրջափակելու»։
Հարցին՝ ի՞նչ է ասելու Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց, որ տեսական հարցեր չի սիրում. «Երբ լինի խոսակցությունը, դուք կտեսնեք՝ ինչ եմ ասելու»։