
ԳԴՀ-ի ԱԳ նախարարը Արևմուտքին հորդորել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Արեւմուտքը պետք է ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա Սիրիայում հավանական քիմիական գրոհի շուրջ ստեղծված իրավիճակում եւ գործի միասնական ճակատով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 13-ին հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասը, որն այցով գտնվում է Բրյուսելում: Նրա խոսքը մեջբերել է n-tv հեռուստաալիքը։
«Կարեւոր է, որ արեւմտյան հանրակցությունը գործի միասնական ճակատով եւ մեծացնի Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը»,-ասել է Մաասը՝ միաժամանակ ընդգծելով ՌԴ-ի հետ երկխոսությունը պահպանելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ միայն Ռուսաստանի մասնակցությամբ կարելի կլինի կարգավորել սիրիական հակամարտությունը:
«Իմ կարծիքով, այն, ինչ այնտեղ (Սիրիայում) տեղի է ունեցել, չպետք է մնա առանց հետեւանքների»,-նշել է Մաասը: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ գործողությունների շարունակվող համաձայնեցումը ցույց է տալիս, որ Արեւմուտքը մտադիր է պատասխանատվությամբ գործել ստեղծված իրավիճակում եւ իրադրության էսկալացում չի ցանկանում: