Բաժիններ՝

«Էդ «Սադեի» ու «Դարոժնիկի» ձեռքը կրակն էինք ընկել». Գյումրու քաղաքապետ

Ապրիլի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում էր կազմակերպել Գյումրու մի շարք փողոցների հիմնանորոգման հարցով:

Ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի առանցքում Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի և դրան հարող փողոցների վերակառուցման աշխատանքներն էին:

Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների, կապի և հեռահաղորդակցության՝ «Բիլայն» ընկերության պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում կողմերը խոսեցին ու քննարկեցին մի շարք հարցեր՝ կատարված ու կատարվելիք աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաներին հորդորեց անել հնարավորը՝ աշխատանքների բնականոն ընթացքը չխաթարելու, դրանք ճիշտ ու ժամանակին իրականացնելու համար:

Նշենք, որ պատասխանատուներից մեկը նշեց, որ փողոցների հիմնանորոգման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջանում: Ղորղանյանից դեպի Հակոբյան փողոց կոյուղու հետ կապված աշխատանքներ են իրականացվելու: Մնում է դիտահորերի տեղադրումը: 

«Տուն առ տուն, բոլոր փողոցները, որոնք վերականգնվելու են, չենք թողնելու, որ մի հատ խրամուղ փորվի: Պարտադիր կարգով: Եթե որևէ մեկի համար անլուծելի հարցեր կմնան, իմ դուռս բաց է բոլորի համար, պայմանավորվեցի՞նք: Զանգեք ընձի: Եթե էս գործի տակ մտել ենք, պետք է կարողանանք նորմալ դուրս գալ այս շինարարական աշխատանքից:

Անցած տարի մենք փորձ ունեցանք, քանդեցինք, ու կրակն ընկանք բոլորով: Գիշերով նույնիսկ զանգ են տալիս, թե ուր հասաք: Ես հասկանում եմ, որ աշխատում են, սակայն երեկոյան, ավելի ուշ՝ կիրակի օրերը նկատում եմ, որ չեն աշխատում: Անձրևային օրեր կլինեն, որոնք կխանգարեն աշխատանքներին: Շիրազի հետ կապված փողոցները, հրապարակները, որոնք թվեցի, պետք է կարողանանք վերջնական հասկանալ, որ հունիսի 1-ն ամենաբարվոք պահն է, որ լրիվ պատրաստ վիճակում պետք է լինեն: Ջրմուղն էլ էսօր առանձնապես կոյուղու հետ խնդիր չունի, ամենաբարդը ՀԷՑ-ի խնդիրն է:

Եղիկյան, էդ ասֆատչիկն ո՞վ է: Նայե, էդ կապալառու ընկերությունը հանկարծ ձեռքս չընկնի, չի կարելի, նորմալ աշխատանքներ կիրականացնեք: Մեր էս պրոցեսի ժամանակ՝ հենց սկզբից՝ 2012 թվին, որ եկանք, էդ խրամուղները, դուք չեք պատկերացնե, մի հատ շիբին էր լցված, վրեն 2 սանտի ասֆալտ, վերջացավ գնաց: Մի հատ պրոյեկտները բերեք, հասկնանք, մենք էլ պատասխանատու չենք: Էդ «Սադեի» ու «Դարոժնիկի» ձեռքը կրակն էինք ընկել: Հմի դուք եկաք, մենք ուրախացանք: Նորմալ դրեք, ասֆալտեք, էդ կապալառու կազմակերպությանն էլ ասեք, թող նորմալ ասֆալտեն, այլապես լրիվ քանդել կտամ»,- դիմելով փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին՝ նշեց Սամվել Բալասանյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս