Ռուս-ամերիկյան բախումը Սիրիայից կտեղափոխվի՞ Արցախ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են։ Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ամերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես՝ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել։
168.am-ը ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հավանական նման զարգացումները։
«Դրանք տարբեր խնդիրներ են, որոնք, բնականաբար, ազդում են միմյանց վրա, դերակատարները նույնն են, բայց շահերը տարբեր են։ Այնտեղ իրականում այլ խնդիր կա․ խնդիրը կարող է վերաբերել ԱՄՆ-Ռուսաստան հավանական բացահայտ բախմանը, որը քիչ հավանական է, բայց պետք չէ բացառել։ Այսինքն՝ կարո՞ղ է Ռուսաստանը պարտադրել ՀԱՊԿ անդամ երկրներին՝ հետևել պայմանագրի պահանջներին, թե՞ ոչ։ Նման հարցեր կարող են լինել, ինչը շատ ծայրահեղ սցենար է։ Դա չերևացող մասն է, հավանականության տեսանկյունից՝ շատ անհավանական զարգացում, բայց քաղաքականություն է, ամեն ինչ հնարավոր է»,- պարզաբանեց արաբագետը։
Նա ընդգծեց, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ, որովհետև իրավիճակը երբեք այսքան լուրջ չի եղել։ Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, նա ասաց, որ պետք է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները՝ իր խնդիրները բարձրաձայնելու համար. «Կարևոր հարթակ կարող է լինել ֆրանկոֆոն համաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ աջակցություն ցույց կտա սիրիական դեմոկրատական ուժերին, որտեղ հիմնական կռվող ուժը քրդերն են, նաև կան հայկական ուժեր։ Մենք առաջիկայում ունենք ֆրանկոֆոն մեծ համաժողով, որտեղ Մակրոնը ներկա է լինելու, և լավ առիթ է՝ օգտագործել այս հարթակը՝ մեր այնտեղի խնդիրները բարձրաձայնելու և օրակարգ դնելու, մանավանդ, որ սիրիական հակամարտության հարցում Ֆրանսիան արդեն ունի պասիվ չմնալու մտադրություն»։
Սիրիական գործողությունների՝ Հարավային Կովկաս տեղափոխվելու հավանականության մասին խոսել էր նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը` ասելով. «Եթե Սիրիայում մեծ պետությունները կոնսենսուսի չգան, ապա չի բացառվում՝ արդեն ռազմական գործողությունները տեղափոխվեն Հարավային Կովկաս։ Սա ամբողջական շղթա է, որը պետք է աշխատի։ Արցախյան պատերազմը, ռազմական գործողությունները երբեք հենց այնպես չեն, դրանք շղթայի մասեր են, և հիմա այդ վտանգը տեսնում ենք այն առումով, որ, եթե Սիրիայում շարունակվեց խորանալ հակամարտությունը, ապա հնարավոր է՝ նաև Հարավային Կովկասում ռազմական գործողությունների նոր օջախ առաջանա»: