181 մարդ է զոհվել Ալժիրի ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետևանքով
Ալժիրում Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 181 մարդ: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera-ն, հայտնել է Ալժիրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
Զոհվածների թվում են Ալժիրի կողմից աջակցվող ՊՈԼԻՍԱՐԻՈ ճակատի 26 անդամներ, որը ձգտում է հասնել Արեւմտյան Սահարայի անկախությանը, որը Մարոկկոն համարում է իր անքակտելի մասը: Ալժիրի զինված ուժերի ինքնաթիռը, որը կատարում էր Բուֆարիկ-Տինդուֆ-Բեշար չվերթը, ընկել է երկրի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուֆարիկում ռազմակայանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց:
Գյուղատնտեսական հողատարածքում ընկնելուց անմիջապես հետո օդանավը բռնկել է: Ալժիրի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման փաստը: Աղետի վայր է ժամանել փոխնախարար բանակի գեներալ Ահմեդ Հայդ Սալահը: Ստեղծվել է արտակարգ պատահարի բոլոր հանգամանքների հետաքննության հանձնաժողով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: