Բաժիններ՝

#CultTalk. Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ #CultTalk մշակութային նախագծի հյուր ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը պատմում է միությունում կատարած աշխատանքի, կինոցուցադրությունների, կառույցը միջազգային ու տուրիստական կենտրոն դարձնելու և այլ ծրագրերի մասին:

«Ոսկե ծիրան»-ից՝ Կինեմատոգրաֆիստների միություն

Ես կինոյին նվիրված մարդ եմ, և կինոյին նվիրված ցանկացած մարդ մտածում է, թե ինչ կարող է անել այս ասպարեզում: Մենք ունեինք կինոժառանգություն, որը մոռացության էր մատնվել, հայկական ֆիլմերը ցիրուցան եղան աշխարհով մեկ, որովհետև կինոստուդիան փակվեց, վաճառվեց: Ունեինք կինոմիություն, որը կարծես Սովետական Միության մնացորդներից լիներ: Ժամանակին նման կառույցները զբաղվում էին վերահսկողությամբ… Այսինքն՝ այնքա՜ն հարցեր կային: Միայն «Ոսկե ծիրան»-ով զբաղվելը շատ մեծ էգոիզմ կլիներ:

Կինեմատոգրաֆիստների միության առաջնային խնդիրները

Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք պահպանենք մեր ժառանգությունը: Ահա թե ինչու առաջիններից մեկն էր կինոթանգարան ստեղծելու նախագիծը: Թանգարանն իր հարկի ներքո ամբողջ աշխարհից կհավաքի, կմեկտեղի այն ամենը, ինչ մենք ենք ստեղծել:

Մեր առջև դրած երկրորդ խնդիրը գիլդիաների ստեղծումն էր: Այսօր, բացի Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներում կան պրոֆեսիոնալ գիլդիաներ: Գիլդիաների ստեղծումն օգնում է, որ պրոֆեսիոնալները հավաքվեն իրար կողքի, բարձրաձայնեն խնդիրներ, ստեղծեն օրենքներ, որոնցով պետք է պաշտպանվեն, օրենքներ, որոնց միջոցով պետք է հարաբերվեն մյուսների հետ:

Գիլդիաներն են հենց ընտրելու, թե ովքեր են դառնալու Կինեմատոգրաֆիստների միության անդամներ: Ստեղծել ենք նաև գիլդիաների մրցանակաբաշխություն, և գիլդիաների անդամներն ամեն տարի պետք է ընտրեն լավագույններին՝ լավագույն սցենարիստին, օպերատորին, ռեժիսորին, դերասանին և այլն:

…Միությունը պետք է իսկապես մի լուրջ միջազգային կենտրոն դառնա, որտեղ պետք է իրականացվեն և՛ կրթական, և՛ ճանաչողական ծրագրեր:

Անցած գրեթե 6 ամսում մենք արդեն կարողացանք ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ կազմակերպել: Շատ լավ համագործակցում ենք կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի հետ, շատ լավ աշխատում է օպերատորների գիլդիան: Շաբաթը 3 անգամ միությունում տեղի են ունենում կինոցուցադրություններ: Մենք բացել ենք մեր փոքր դահլիճը, որը 50 մարդ է տեղավորում: Այն միշտ լեփ-լեցուն է, և ցուցադրությունների ժամանակ տարբեր ժանրերի ֆիլմեր ենք ներկայացնում:

Ունենք մեծ դահլիճ, որը 30 տարի չի աշխատել: Այն Երևանի ամենահաճելի վայրերից էր: Մենք հենց այստեղ էինք դիտում արտասահմանյան ֆիլմերը: Այս դահլիճը մոռացության էր մատնվել: Այսօր արդեն վերանորոգել ենք այն, շուտով կբացենք: Այն արտհաուս, փառատոնային, մշակութային, կրթական ֆիլմերի կենտրոն է դառնալու:

Համաշխարհային հիմնադրամներ և լավ առաջարկներ

Պետք է մարդկանց սովորեցնել օգտվել աշխարհի հիմնադրամներից: Հայաստանը դժվարին իրավիճակում է, պատերազմող երկիր է, և շատ դժվար է կինոյին մեծ գումարներ հատկացնելը: 1-2 ֆիլմով մենք չենք կարող հուսալ, որ որակ կունենանք: Աշխարհում կան հիմնադրամներ, որոնք փող ունեն, բայց պետք է անգլերեն լավ իմանաս, կարողանաս լուրջ նախագիծ կազմել, համոզել հիմնադրամին, որ ներկայացրել ես համամարդկային նշանակության թեմա, որը պետք է ֆինանսավորել: Համաշխարհային լավագույն հիմնադրամները պատրաստ են ընդունել լավ գաղափարներ:

Կինոյի անցած բարդ ճանապարհը

Կինոն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում: «Ոսկե ծիրան»-ը հիմնելիս մեր ցուցադրություններին մասնակցում էին 15-16 տարեկան պատանիներ, որ առաջին անգամ էին էկրանին ֆիլմ տեսնում: Մենք բարդ ճանապարհ անցանք…

Հիմա ամեն ինչ այլ է: Ամեն մի միություն պետք է զբաղվի մշակութային ժառանգությունը պահպանելով և ներգրավելով երիտասարդներին, ովքեր ուզում են ստեղծագործել:

Աջակցություն երիտասարդներն

Պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ երիտասարդը կարողանա կրթվել, դաստիարակվել, այնպիսի մթնոլորտում ապրել, որպեսզի չհեռանա այստեղից: Մենք այդ գործին ենք նվիրվել, հուսով ենք գոնե կինեմատոգրաֆիստների համար ստեղծել այդպիսի մթնոլորտ:

Եթե հաջողենք նաև մի հիմնադրամ ստեղծել, որը կկարողանա երիտասարդներին արտերկիր սովորելու ուղարկել, արդեն բավականին մեծ գործ արած կլինենք:

Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան

#CultTalk. Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան

Gepostet von Armenpress am Dienstag, 10. April 2018

Անձնական ծրագրեր

Ես աշխատում եմ մի ֆիլմի վրա, որն իմ նախագծի մաս է կազմում, կոչվում է «Վերադարձողները»: Միշտ երկրից փախչողների մասին եմ ֆիլմեր նկարել, այս անգամ որոշեցի վերադարձողներին անդրադառնալ: Արդեն ավարտած ֆիլմ ունեմ, պետք է մոնտաժեմ, կոչվում է «Հայ նկարչի ճանապարհը»: Հերոսը տարիներ շարունակ իր կյանքն անցկացրել է Էստոնիայում, Ուկրաինայում: Նկարիչ Վահան Անանյանը շատ մեծ հետք է թողել, բազում նկարներ, ունեցել շատ աշակերտներ: Մայիսին կավարտեմ «Վերադարձողները», «Հայ նկարչի ճանապարհն» էլ մինչև տարեվերջ կվերջացնեմ: Երազում եմ այս երկուսից վերջինի պրեմիերան անել Կինոյի տան դահլիճում:

Հ.Գ. «Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել հայ ժամանակակից մշակույթը. մեր հերոսները ներկայացնում են իրենց ծրագրերը, գաղափարները, անդրադառնում այս ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս