Ցուկերբերգն ամերիկացի օրենսդիրներին պատմել է օգտատերերի տվյալների պաշտպանության մասին
Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, ապրիլի 10-ին գրեթե հինգ ժամ պատասխանել է օրենսդիրների հարցերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու կոմիտեների՝ իրավաբանական, ինչպես նաեւ առեւտրի, գիտության եւ տրանսպորտի կոմիտեների համատեղ ունկնդրումների ժամանակ:
Հանդիպման հանգուցային թեմաների թվում եղել են օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, կանխահայտ կեղծ տեղեկատվության տարածումը, ինչպես նաեւ այլ պետությունների կողմից դրա կիրառումը հանուն իրենց շահերի։
Լսումների ընթացքում ձեռնարկատերը քանիցս ներողություն է խնդրել այն պնդումների պատճառով, թե Facebook-ից օգտվել են Ռուսաստանի հետ կապված կառույցները, որպեսզի ազդեն ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրարշավի վրա, ինչպես նաեւ վերջերս Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերության շուրջը բորբոքված սկանդալի պատճառով:
Այդ առնչությամբ Facebook-ի ղեկավարը նշել է, որ սոցիալական ցանցում սկսել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի վրա հիմնված նոր միջոցներ կիրառել «կեղծ օգտահաշիվների» բացահայտման համար, որոնք, հնարավոր է, փորձում են միջամտել ընտրություններին կամ տարածել կանխահայտ կեղծ տեղեկատվություն»:
Արդյունքում, նրա խոսքով, տասնյակ հազարավոր օգտահաշիվներ են արգելափակվել, մինչ դրանք կկարողանային «լուրջ վնաս հասցնել»: Ցուկերբերգը նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ընթացիկ տարվա վերջին Facebook-ում կլինեն «կոնտենտի անվտանգության եւ զննության» ավելի քան 20 հազար մասնագետներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: