«ՀՀ-ԵՄ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանը փակելու մասին որևէ ձևակերպում չկա». Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որևէ ձևակերպում չկա:

Աժ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը, պատասխանելով Միքայել Մելքումյանի հարցին, Կարեն Նազարյանը վստահեցրեց, որ ատոմակայանի փակվելու մասին խոսք համաձայնագրում չկա՝ հավելելով, որ համաձայնագրի հրապարակումից հետո նման լուրերն անհիմն են շրջանառվել:

«Էներգետիկայի ոլորտում մենք Եվրամիության հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այդ համագործակցությունը, ի թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը: Այսինքն՝ խոսքը ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման մասին է, ոչ թե ատոմակայանի փակման մասին»,- ասաց Նազարյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրով կողմերը պայմանավորվել են միջուկային անվտանգության հարցում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները, Ատոմային միջազգային գործակալության ստանդարտները, ԵՄ փորձը:

«Համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում ընկած էր այն իրողությունը, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել նույն երաշխավորված հզորությունը: Ընդ որում՝ ատոմակայանը նոր բլոկով փոխարինելը ոչ թե մեր ցանկությունն է, այլ Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության հիմնական պահանջը»,-նշեց Նազարյանը:

Նաև հավելեց, որ համաձայնագրի 42-րդ հոդվածում նշվում է նոր հզորությամբ ատոմակայանի բլոկի փոխարինման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման պայմանների ապահովման մասին: «Սա է ընկած հոդվածի հիմքում, ոչ թե համաձայնագրի ստորագրումից հետո ատոմակայանի փակումը: Համաձայնագրում այդպիսի դրույթ չկա»,- ասաց Կարեն Նազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս