«Կառույցների հեղինակությունը սասանվում է, երբ կիրառվում են երկակի ստանդարտներ». Արմեն Ռուստամյանը՝ ԵՄ-ի մասին

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը դժգոհություն արտահայտեց Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ-ի կիրառած երկակի ստանդարտների խնդրի շուրջ։

«Ունենք դառը փորձ, որ, երբ գալիս է ժամանակը, Ադրբեջանի հետ մի հայտարարություն են կատարել, Հայաստանի հետ՝ մեկ այլ։ Սա չի նպաստում հարցի կարգավորմանը»,- հայտարարեց Ա.Ռուստամյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց՝ արվո՞ւմ են արդյոք քայլեր, որպեսզի այդ առումով ԵՄ քաղաքականությունը միասնական լինի։

Կ.Նազարյանը հավաստեց, որ կողմերն ընդունում են ՄԱԿ կանոնադրության մեջ ԵԱՀԿ Հելսինկյան պակտում արձանագրված 3 սկզբունքները, նշելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու ԵՄ հանձնառությունը. «Այս համաձայնագիրն ունի իրավական ուժ երկու կողմի համար և պարտադիր է։ Եվ հուսանք, որ կառաջնորդվեն դրանով»։

Ա.Ռուստամյանի բնորոշմամբ՝ ԵՄ-ի դերը շատ մեծ է լինելու, որ օբյեկտիվ տեսակետներ հայտնող կողմ լինի։ Ըստ նրա՝ ընդհանուր հայտարարությունները շատ քիչ են, պետք է գործողություններ իրականացվեն, որպեսզի հակամարտությունը կարգավորվի. «Կառույցների հեղինակությունը սասանվում է, երբ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Պետք է ամեն ինչ անել, որ նույն լեզվով խոսենք, և ԼՂ հակամարտությունը լուծվի՝ գլխավոր 3 սկզբունքները հարգելով։ Բայց այսօր ամեն օր սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից, որ պետք է պատերազմը վերսկսել»։

Կարդացեք նաև

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ ԵՄ-ն կունենա միասնական ձայն Հարավային Կովկասում իր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում։ Նա տեղեկացրեց, որ բանակցվում է ԵՄ-Ադրբեջան շրջանակային նոր համաձայնագիր, և Հայաստանն ակնարկում է, որ պարտադիր իրավական ձևակերպումները բառամթերքի ու ոճաբանության առումով տեղ կգտնեն նաև այդ փաստաթղթում. «Սա կարևոր է, որ համաձայնագիրն ունի քաղաքական ուժ, և միայն այս կամ այն ուղղություններով ֆինանսների ակնկալիք չէ։ Հայաստանն ակնկալում է, որ ձևակերպումները կդառնան նաև քաղաքական գործունեության ձևակերպումներ»։

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ շատ բարդ կլինի ընկալումների հարցը, եթե մի օր պարզվի, որ հակամարտության հարցում տուրք է տրվում քաղաքական ռեալ պոլիտիկին. «Սա կարող է ամբողջությամբ ընկալելի չլինել հանրության համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս