«Իշխանությունը տագնապի մեջ չէ, բայց անհանգստացած է». Վիգեն Հակոբյան

Ապրիլի 17-ին, երբ ՀՀ Ազգային ժողովն ընտրելու է ապագա վարչապետին, ընդդիմադիր 3 ուժերն Ազատության հրապարակում հանրահավաք են նախատեսում:

Հիշեցնենք, որ այդ ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Երկիր Ծիրանին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատը, գործում են առանձին, և այդ օրը, ըստ ամենայնի, միասնական հանրահավաքով հանդես չեն գալու: Ի վերջո, կխանգարե՞ն իրար, թե՞ կմիավորվեն այդ ուժերը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, թեև ընդդիմադիր 3 ուժերի օրակարգում նույն խնդիրն է դրված (թույլ չտալ Սերժ Սարգսյանին 3-րդ ժամկետով ղեկավարել երկիրը), բայց նրանք չեն համագործակցում իրար հետ և ապրիլի 17-ին առանձին հանրահավաքներ են իրականացնելու Ազատության հրապարակում: Իշխանությունը, 3-ի իրազեկումներն ի գիտություն ընդունելով, փաստացի չի՞ միավորում այս 3 ուժերին հենց իշխանության դեմ պայքարելու համար, և արդյոք դա չի՞ նշանակում, որ նրանք մտավախություններ չունեն ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող գործընթացների վերաբերյալ:

– Բնականաբար, եթե վարչապետի ընտրությունը լինելու է ապրիլի 17-ին, ապա բոլոր քաղաքական ուժերը, որոնք որոշում ունեն՝ ակտիվորեն փորձել խոչընդոտել այդ գործընթացին, պետք է հենց այդ օրվա համար էլ դիմում տային: Դա ո՛չ կարող է կատալիզատոր հանդիսանալ այդ ուժերի միավորման համար, ո՛չ էլ խնդիրներ կարող է ստեղծել նրանց համար, որովհետև դա ավելի շուտ տեխնիկական հարց է, որի շուրջ շատ հեշտ կարելի է պայմանավորվել: Չեմ կարծում, որ դա որևէ ձևով կա՛մ խնդիր կստեղծի, կա՛մ կմիավորի, եթե տենդենց չկա միավորվելու:

Մոտակա օրերը ցույց կտան, թե որքանով են այդ 3 քաղաքական ուժերի տեսակետները կամ մոտեցումները մոտեցել իրար, որովհետև մենք բազմիցս լսել ենք Նիկոլ Փաշինյանից, որ ինքն ունի որոշակի մարտավարական նշանակության տարաձայնություններ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ: Նա ասում է՝ «ես դեմ եմ բռնությանը», և կասկածներ է հայտնում, որ այդ ճակատում կան մարդիկ, ովքեր չեն մերժում բռնությունները, և ցանկացած եղանակ իրենց համար ընդունելի է: Մոտակա ժամանակները ցույց կտան, թե որքանով այդ ուժերի մոտեցումները կարող են մերձենալ:

Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունը մտահոգվա՞ծ է, թե՞ ոչ, ես կարծում եմ՝ իշխանությունն այս պահի դրությամբ մտահոգված չէ, թեպետ կարծում եմ՝ որոշակի տենդենցներ կան: Ես կարծում եմ՝ իշխանության համար իրավիճակն աստիճանաբար մի քիչ անդուր է ստացվում, բայց այս պահի դրությամբ ես համաձայն եմ, որ իշխանությունը շատ լուրջ մտահոգության նշաններ ցույց չի տալիս: Ամեն դեպքում, կարծում եմ՝ որոշակի անհանգստություններ կան:

– Որտե՞ղ է երևում այդ անհանգստությունը:

– Թեպետ հիմա թվում է, թե որևէ միտում չկա, որ այս շարժումը կվերածվի զանգվածային շարժման, բայց քանի որ նույն իշխանությունը բազմաթիվ փորձություններով է անցել, տեսել է, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսում բազմաթիվ անգամ եղել են դեպքեր, երբ ամեն ինչ հանգիստ էր թվում, բայց երբ ընդդիմությունը գնում էր դեպի ժողովուրդը, գնում էր մարզեր, սկզբում լինում էր 10, 20, 50 վախվորած մարդ, բայց մի 20 օր հետո արդեն այդ քանակը վերածվում էր բազմահազար զանգվածների: Դրա համար ես կարծում եմ՝ որոշակի անհանգստություն կա: Դա երևում է նաև հակաքարոզչական որոշակի ինչ-որ նշաններից, մանավանդ, երբ օգտագործվում են ավելի արմատական տրամադրված ընդդիմադիրների դեմ:

– Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք դեմ են բռնություններին, բայց իրենք նաև հայտարարել են, որ ապրիլի 17-ին պատրաստվում են շրջափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ պատգամավորներին մտնել ներս ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Դա արդեն իր մեջ բախումների վտանգ չի՞ պարունակում՝ հաշվի առնելով, որ իրավապահ մարմինները, ըստ երևույթին, փորձելու են պատգամավորների ԱԺ ելումուտն ապահովել:

– Բնականաբար, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դեմ է բռնությանը, և իրենք բռնի մեթոդներով չեն շարժվելու, իրենք նկատի ունեն իրենց քաղաքական ուժի վարքագիծը: Այսինքն՝ Ն. Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ՝ «ես պատասխանատու եմ մեր գործողությունների համար»: Բայց դուք հիշում եք, որ իր կողմից բազմիցս ասվել է, որ, եթե նույնիսկ բռնություն գործադրվի իրենց նկատմամբ, իրենք բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու: Եթե նույն իշխանությունը, ավանդույթի համաձայն, փորձի բռնություն իրականացնել, բնականաբար, բռնություն կարող է լինել: Այսինքն՝ երաշխավորել, որ չեն լինի բռնության դեպքեր, չի կարելի:

Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ Ն. Փաշինյանը, ասելով, որ իրենք բռնության չեն դիմելու, ուղղակիորեն շեշտում է իր ակցիայի խաղաղ բնույթը և փորձում է դրանով իսկ ապահովագրել պրոցեսը բռնություններից՝ ինչ-որ չափով և՛ դրսի ուժերի համար, և՛ ներսի. բոլորին ասել, որ՝ «մենք խաղաղ ենք տրամադրված, եթե որևէ մեկը բռնություններ կիրառի, դա ամեն դեպքում լինելու է ոչ համարժեք, որովհետև մենք բռնությունն ի սկզբանե բացառել ենք»:

Դա կարող է հղի լինել որոշակի հետևանքով, որ, եթե ինչ-որ բաներ լինեն, մեղքի սլաքը միանգամից ուղղվի իշխանությանը: Սա բավականին տակտիկական, տեխնոլոգիական հնարք է, որը միջազգային պրակտիկայում բազմիցս եղել է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ զանգվածներ կարող են իրականում հավաքվել: Ամբողջ հարցն այն է՝ կստացվի՞ հավաքել լուրջ զանգվածներ, թե՞ ոչ: Օրինակ, իր հերթական հարցազրույցներից մեկում երեկ Նիկոլ Փաշինյանը միանգամից հնչեցրեց այն թիվը, որն ինքն ակնկալում է, որի պարագայում կարելի է ակցիան հաջողված համարել և հարցեր լուծել: Ինքն ասաց՝ 50 հազար մարդ պետք է լինի:

– Իսկ դա ինչքանո՞վ է իրատեսական:

– Այս պահի դրությամբ, երբ մենք նայում ենք տրամադրությունները, թվում է՝ դա անիրական է, բայց դա՝ այս պահի դրությամբ: Նորից եմ ասում՝ մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, երբ ամեն ինչ հանգիստ է եղել, բայց ընտրությունների արդյունքում մարդկանց տրամադրությունները հրապարակում անակնկալի են բերել իշխանություններին:

Հիշենք, թեկուզ, Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքը, երբ նա էր ընդդիմության թեկնածուներից մեկը, բավականին բարձր տոկոս ստացավ՝  հաշվի առնելով, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, այդ ժամանակ իշխանության մոտ եղավ բավականին լուրջ անհանգստություն: Մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ռացիոնալիզմով է չափվում, շատ դեպքերում մեր զանգվածները, թվում է, թե ռացիոնալիզմով չեն առաջնորդվում:

Հիմա, եթե դուք ինձ հարցնում եք՝ որքանո՞վ է իրատեսական, որ մի շաբաթից հետո հրապարակում կլինի 50 հազար մարդ, և այլն, այս պահի դրությամբ ես այդ տենդենցը չեմ տեսնում, բայց  ես նաև տեսնում եմ մի բան, որ, ի տարբերություն  նախորդ դեպքերի՝ այս անգամ գոնե «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է՝ ոչ թե պասիվ  ձևով սպասել՝ երբ է զարթնելու բողոքական զանգվածը, այլ՝ աշխատել այդ զանգվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս