Բաժիններ՝

Շիրակի մարզին էժան դիզվառելիք է անհրաժեշտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գյումրիում էր: Շիրակի մարզպետարանում նա լսեց և փորձեց լուծումներ գտնել համայնքապետերին հուզող խնդիրներին:

Համայնքապետերը, ինչպես մարզխորհրդի նիստի ժամանակ, այս անգամ ևս բարձրացրեցին Շիրակի մարզում պետության աջակցությամբ սերմնաբուծության ծրագրի շարունակական լինելու անհրաժեշտությունը:

Շիրակի մարզպետն էլ կարևորեց Կապսի ջրամբարի արագ կառուցումը: Մարզի որոշ ջրամբարներ թերի են լցված ջրով, դրանք մաքրելու անհրաժեշտություն կա:

21-րդ դարն է, սակայն Շիրակի մարզի մի շարք համայնքներ զրկված են մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորությունից, կեղտաջուր են խմում: Կան նաև այնպիսի համայնքներ, որտեղ անգամ ջրագծեր քաշված չեն:

Ներկաներից մեկը նշեց, որ Արևիկում խմելու ջուրը երկու տարի առաջ խորքային հորերից են ստացել: Անցած տարի Հողմիկ-Մարալիկ ջրատարին միանալուց հետո խմելու ջուրն այնտեղից են սկսել ստանալ:

Իգնատի Առաքելյանը կարևորեց գյուղացիական մշակաբույսերի իրացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ լրացուցիչ սուբսիդավորված ֆինանսական ռեսուրսներ են ստեղծվում:

Հանդիպմանը ներկա համայնքապետերից մեկն էլ նշեց, որ իրենց գյուղում տարբեր տեսակի համեմունքներ և մշակաբույսեր ունեն կուտակած, սակայն դրանք իրացնել չի հաջողվում.

«Մեր գյուզում 50 տոննա կտավատ կա պահեստավորված, տարբեր տեսակի համեմունքներ, որոնք չեն իրացվում: 100 տոննայից ավելի հնդկացորեն ունենք կուտակված: Խոտ էլ արտադրենք, այդքան անասուն չկա, որ վաճառվի: Վրաստանից ներկրում են, սակայն մերը չեն գնում: Կաթի գինն էլ կարող է իջնել: Վարորդը կարող է գա ու ասի՝ վաղվանից 1 լիտր կաթն ընդունում ենք 130 դրամով»:

Հողը մշակելը որոշ համայնքների համար դարձել է ոչ ձեռնտու. ոռոգման համար զգալի գումարներ են անհրաժեշտ:

ՀՀ-ում կան արոտավայրեր, որոնք չեն օգտագործվում: Պետությունը ներդրումներ է կատարում դրանք պիտանի դարձնելու նպատակով: Որպեսզի դրանք գործածելի դառնան, համայնքները ևս պետք է ներդրումներ կատարեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտեց, որ համայնքային անասնաբույժ ունենալը շատ կարևոր է՝ կենդանիների հիվանդությունների մասին նախօրոք պատկերացում կազմելու համար:

Անդրադառնալով դիզվառելիքի խնդրին՝ Ի.Առաքելյանը նշեց.

«Շիրակում տարբերակ կա, որ էժան դիզվառելիք լինի, մնացած մարզերում այդ կարգի հարց չի բարձրացվել: Ցորենի և դաշտավարության վրա դիզվառելիքի գինը շատ է ազդում, բայց այսօր իջեցնել 440-ից՝ 320 դրամ, շատ է, բայց եթե լիներ 380, նորմալ է: Կճշտենք՝ մրցույթի արդյունքում ինչո՞ւ 380-ը դարձավ 440»:

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ պարարտանյութը պետության կողմից 1000 դրամով սուբսիդավորելն անիմաստ ծախս է, դրա փոխարեն՝ կարելի է սերմացու բերել:

Նախարարի այցի ընթացքում բարձրացվեց Կառնուտի ջրամբարի հարցը, որտեղ ջուրը պակաս է սահմանված նորմայից:

Նշենք, որ այս համայնքում խնդիրն առկա է եղել դեռևս 2015 թվականից, որտեղ գրեթե միշտ ոռոգման ջրի անհրաժեշտություն է եղել:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս