Զարմինե Զեյթունցյանի պատասխանը՝ Լապշինին
Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հետ
– Տիկին Զեյթունցյան, ռուս բլոգեր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է Հայաստան թռչելն այդքան թանկ այն դեպքում, երբ դեպի Վրաստան թռչելը բավականին մատչելի է։ Լապշինը նշում է, որ Փարիզից Երևան թռիչքն արժե միջինը՝ 350 եվրո, իսկ Վրաստանից՝ 130 եվրո, Քութաիսի օդանավակայանից՝ 50 եվրո։ «Իմ մայրը տիպիկ օրինակ է այն բանի, որ օտարերկրացի զբոսաշրջիկները, անգամ Հայաստանի հանդեպ համակրանք ունենալով, ստիպված են հանգստի համար այլ երկրներ ընտրել»,- գրել է նա։ Ի՞նչ կասեք բարձրացված հարցերի վերաբերյալ, Ձեր կոմիտեն ինչ-որ քայլեր անո՞ւմ է այս ուղղությամբ, խնդրի լուծումը ո՞րը պետք է լինի։
– Լապշինի ամբողջ գրառումը շատ սիրողական էր, որևէ հստակ տվյալ չկար, կար շատ լուրջ անգիտություն թե՛ գների մասին, թե՛ զբոսաշրջիկների քանակի մասին։ Մեկ հոգու օրինակով մի ամբողջ երկրի մասին դատողություն էր արվում։ Մենք մեր քաղաքականությունն ենք առաջ տանում, նախորդ տարի 18.5 % աճ ենք գրանցել զբոսաշրջության ոլորտում, եթե Լապշինի մայրը այդ 18.5%-ի մեջ չի մտել, դա իր խնդիրն է։ Պատահականություններ լինում են, երբեմն տուր-փաթեթներ են լինում, և Հայաստանի շատ մատչելի տոմս է հայտնվում, մի օր էլ կարող է Իսրայելի շատ մատչելի տոմս հայտնվել։ «Ibis» հյուրանոցի կայքը մի քանի օր առաջ նայում էի՝ 27 հազար դրամով հյուրանոցի համար կա, իսկ Լապշինը գրում է, որ Հայաստանում 50 դոլարով քաղաքի կենտրոնում ոչ մի տեղ չես կարող հանգստանալ։
Նա Վրաստանի այցելուների քանակն ու զբոսաշրջիկներինը խառնում է և նշում, թե 7 մլն զբոսաշրջիկ է այցելում այնտեղ։ Եթե նույնիսկ այսօր Վրաստանը 7 մլն զբոսաշրջիկ ունի, որն իրականում չունի, ապա տարածքի մեծության վերլուծություն չկա, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է այդքան զբոսաշրջիկ ընդունել, թե՞ ոչ։ Այսօր մեր աշխատանքի արդյունքը ցույց են տալիս զբոսաշրջության թվերը. 18.5% աճ, 1.5 միլիոն զբոսաշրջիկ։
Այստեղ մյուս հարցն է առաջանում․ իսկ ո՞վ է ասել, որ մեր երկիրը բոլորի հետ պետք է մրցի միայն էժանության տեսանկյունից։ Եթե գնում են Թուրքիա հանգստանալու, դուք կարծում եք, որ Թուրքիա մեկնում են հատկապես տեսարժան վայրերը դիտելո՞ւ, թե՞ մեկնում են ծովում հանգստանալու համար։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ, երբ ընտրում են՝ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա, ընտրում են Թուրքիան, որովհետև էժան է, այլ ոչ թե նրա համար, որ գնում են ծովափին հանգստանալու։ Այսինքն՝ շատ սիրողական էր նրա մեկնաբանությունն ինձ համար։
– Այնուամենայնիվ, ավիատոմսերի գների մասով խնդիր չունե՞նք, ոչ միայն Լապշինը, այլ բոլորն են ասում, որ Վրաստանում ավիատոմսերն ավելի մատչելի են։ Սա ինչի՞ հետ է կապված, ինչ-որ քայլեր արվո՞ւմ են այս ուղղությամբ։
– Քաղավիացիայից ավելի հստակ կպատասխանեն, բայց ես գիտեմ, որ հիմա բանակցություններ են վարվում տարբեր բյուջետային ավիաընկերությունների հետ։ Այսօր 28 ուղիղ ավիաթռիչք իրականացնող ավիաուղիներ ունենք։ Շատ հաճախ հենց ռուս կորպորատիվ տուր-օպերատորները կարծիք են հայտնում, որ Մոսկվա-Երևան, Մոսկվա-Թբիլիսի, Ամերիկա-Երևան, Ամերիկա-Թբիլիսի ուղղությունների ավիատոմսերի գներն այդքան էլ չեն տարբերվում։
Իհարկե, իրենք բյուջետային ավիաընկերություններ ունեն, և այսօր գիտեմ, որ մեր Քաղավիացիայի վարչությունն էլ է դրա վրա աշխատում։ Ես շատ եմ հանդիպել զբոսաշրջիկների, որոնք տուր-փաթեթներով այդ պահին կարողացել են շատ մատչելի տոմսեր ձեռք բերել։ Իհարկե, մեզ մոտ իսկապես մի փոքր ավելի թանկ է, քան Վրաստանում, բայց սա այն խնդիրը չէ, որ պետք է այդ հարցում մրցենք։ Կարող է՝ մեր պետական քաղաքականությունն է այնպիսին, որ գուցե մենք մասսայական տուրիզմի երկիր չենք։ Երբ ասում են, որ մի տեղ ավիատոմսերը մատչելի են, մենք ընկնում ենք պանիկայի մեջ, ինչն ինձ անհանգստացնում է։
Համացանցում շատ հաճախ հոդվածներ են հրապարակվում, թե որոնք են ամենամատչելի ուղղությունները, որտեղ Հայաստանը հաճախ է հայտնվում։ Տոմսը կարող է մի փոքր թանկ լինել, բայց գները Հայաստանում շատ մատչելի են զբոսաշրջիկների համար, ինչն իրենց անգամ զարմացնում է. թե՛ հյուրանոցների, թե՛ սնունդի արժեքը ցածր է։ Այնպես որ, ինձ համար Լապշինի գրառումը սիրողական էր։
Ինչքան էլ բլոգերը հայտնի լինի, եթե նա գրում է, որ Հայաստանն ունի 1.5 մլն զբոսաշրջիկ, իսկ Վրաստանը՝ 7 մլն, այն դեպքում, երբ Վրաստանն ասում է, որ ունի 7 մլն այցելու, ես համոզված եմ, որ Լապշինն այդ երկուսի տարբերությունը չգիտի։