Բաժիններ՝

Գյումրիում տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը

Ապրիլի 5-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ արվեստի «Վերածնունդ» տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որին մասնակցել են հռչակավոր երաժիշտներ՝ շեփորահար Մաուրո Մաուրը և դաշնակահար Ֆրանկոզի Դե Քլոսսեն՝ Իտալիայից, Վյաչեսլավ Վալսը, Իգոր Ֆյոդորովը, Միխայիլ Վոսկրեսենսկին՝ Ռուսաստանից, Յուրի Ժիսլինը՝ Մեծ Բրիտանիայից, և շատ այլ հռչակավոր երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից:

Ինչպես թատերական ներկայացումների, այնպես էլ համերգների և փառատոների կազմակերպման ժամանակ Գյումրու դրամատիկական թատրոնը բազմամարդ է լինում: Իսկ այս փառատոնի բացմանն ամեն տարի երաժշտասեր գյումրեցիներն անհամբերությամբ են սպասում:

Նշանավոր երաժիշտները նաև վարպետության դասեր են անցկացնելու հայ պատանի երաժիշտ-կատարողների համար:

Գյումրիում փառատոնի անցկացման շրջանակներում ապրիլի 6-ին ծրագրված է համերգ կազմակերպել Տեքստիլ ակումբում:

Ապրիլի 6-8-ը փառատոնի մասնակիցները լարային գործիքներով հանդես են գալու Շիշյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն ժամանակահատվածում փողային գործիքներով հանդես են գալու «Գոհար» երաժշտանոցում, ապրիլի 15-ին երգչախումբը հանդես է գալու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Փառատոնի կազմակերպման ընթացքում ծրագրվում է նաև այլ միջոցառումներ կազմակերպել, անցկացնել գիտաժողով, և այլն:

Ըստ gyumrirenaissance.com կայքի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում Լոնդոնից Գյումրի է ժամանել աշխարհահռչակ ջութակահար Յուրի Ժիսլինը: Փառատոնի շրջանակում Ժիսլինը վարպետության դասեր է անցկացրել հայ պատանի երաժիշտների համար՝ նշելով, որ առաջին անգամ չէ, որ ինքը Գյումրի է ժամանում: «Ամեն անգամ հաճելիորեն զարմանում եմ փառատոնի աճող ծավալով ու կազմակերպիչների անվերջ խանդավառ աշխատանքով: Բախտ եմ ունեցել ժյուրիի կարգավիճակում լսել պատանի երաժիշտներին, գնահատել նրանց ու մանկավարժների աշխատանքը: Միշտ մեծ հաճույք է լինել այստեղ ու ելույթ ունենալ փառատոնի բացմանը»,- նշել է Յ.Ժիսլինը: Հավելենք, որ «Վերածնունդ» իններորդ միջազգային մրցույթ-փառատոնի բացումը Գյումրիում տեղի էր ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին: Այն նվիրված է եղել է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ 25, և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:

Անահիտ Սիմոնյան
Լուսանկարը՝ gyumrirenaissance.com կայքի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս