
Լիտվայի կառավարությունը կքննարկի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու հարցը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Լիտվայի կառավարության նիստի օրակարգում է: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգային 3-րդ թեման ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներկայացումն է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչիուսի կողմից»,- գրել է դեսպանը:
Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կառավարության հաստատումից հետո պայմանագիրը կներկայացվի օրենսդիր մարմին՝ Սեյմաս, վավերացման համար։
Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Այս պահի դրությամբ՝ ԵՄ երկրներից Համաձայնագիրն ամբողջությամբ վավերացրել է Էստոնիայի խորհրդարանը, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ: