«Բոլորս պատրաստվում էինք հակահարձակման անցնել, հասնել Քուռ, և դա հաստատ հնարավոր էր անել. մեզ չթողեցին». Ռոմիկ Մխիթարյան

«Ես համաձայն չեմ, որ ապրիլյան պատերազմը պետք է կոչվի քառօրյա պատերազմ, դա պատերազմի մի դրվագ էր։ Այդ պատերազմը սկսվել է դեռևս 1988-ից և շարունակվում է առ այսօր ու դեռ երկար է տևելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի  նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ պետք է միայն խոսել ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորականների հերոսության մասին. «Նրանք միասնական հերոսական գործողություններ արեցին։ Մնացածը՝ այդ մեդալներ թափ տվողները, որ ասում են, թե մասնակցել են ապրիլյան պատերազմին, այդպես չէ․ մենք գնացել ենք, երբ արդեն այդ երեխեքն իրենց հերոսությունն արել են։ Մենք գնացել ենք ընդամենը ֆիզիկապես և բարոյապես հոգնած զինվորների կողքին կանգնելու, իրենց հետ կամ իրենց փոխարեն ծառայություն տանելու՝ անկախ մեր կոչումներից, մեր հրամանատար կամ ոչ հրամանատար լինելուց։ Ես անձամբ գնացել՝ ենթարկվել եմ դիրքի սերժանտին՝ Մաթոսին, և 20 օրից ավելի կատարել եմ նրա հրամանները, պոստ եմ պահել, և հպարտ եմ, որ ճանաչել եմ այդ տղերքին»։

168.am-ի հարցին, թե Լելե-Թեփեն ունի՞ ռազմավարական նշանակություն, թե՞ ոչ, ինչպես երեկ հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, նա պատասխանեց, որ յուրաքանչյուր սանտիմետրը ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հողեր են.

«Մենք ժամանակին այնքան ենք շռայլել, որ այսօր այդպես արտահայտվելու իրավունք չունենք։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի, մենք շատ դասեր ենք քաղել և՛ այն պատերազմից, և՛ այս գործողություններից։ Աստված մի արասցե, բայց այդ օրը գալու է, և էլի ոտնձգություն է լինելու, ու ես համոզված եմ, որ այս անգամ նրանք էլ ավելի ուժեղ հակահարված են ստանալու։

Այս անգամ ոչ միայն մենք նրանց հետ ենք մղելու, այլ փորձելու ենք ու հասնելու ենք վերջակետին, որտեղ էլ պատերազմն ավարտվելու է։ Վերջակետն իմ ու իմ մարտական շատ ընկերների կարծիքով՝ Քուռ գետն է։ Այն ժամանակ էլ եղավ մի պահ, երբ բոլորս պատրաստվում էինք հակահարձակման անցնել, հասնել Քուռ, և դա հաստատ հնարավոր էր անել։ Մենք կարող էինք մեկ-երկու օրում այդ խնդիրները լուծել-վերջացնել»։

Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ այդ խնդիրները չլուծվեցին, ո՞վ խանգարեց, նա ասաց, որ չի կարող պատասխանել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս