
ՌԴ-ի և Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցություններ են անցկացրել Անկարայում

Ռուսաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը եւ Խուլուսի Աքարը բանակցություններ են վարել Անկարայում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի ապրիլի 3-ի հաղորդագրության մեջ:
«ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարին»,-ասված է Twitter-ում թուրքական գլխավոր շտաբի էջում զետեղված հաղորդագրության մեջ: Բանակցությունների մանրամասները չեն ներկայացվում:
Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանելու է Անկարա, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է «Ռոսատոմի» կողմից, ինչպես նաեւ կկայանա Սիրիային նվիրված ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: