«Լելե-Թեփեն բավականին հետաքրքիր բարձունք էր, որն իր ափի մեջ էր պահում ողջ Հորադիս քաղաքը, ոչ միայն իր հարակից դիրքերը»

«Երբ խոսում ենք զոհերից՝ ցավ ենք ապրում, բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի մեջ ենք, և զոհեր դեռ լինելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։

Նա հիշեցրեց՝ եղել է զինադադար, ոչ թե համաձայնագիր, որ պատերազմ չի լինելու. «Մինչ ապրիլյան քառօրյան էլ, դրանից հետո էլ մենք պատերազմի մեջ ենք։ Ապրիլյան քառօրյան ընդամենը մի գործողություն էր թշնամու կողմից, հարձակման փորձ։ Մինչ այդ էլ զինադադարի խախտումներ կային, դիպուկահարների պատերազմի ժամանակաշրջան էր հայտարարվել։ Եղավ հզոր հարձակման փորձ, որ կարողանային ավելի մեծ տարածքներ վերցնել, բայց չհաջողվեց։ Հիմա զինվորական վերլուծություն տալով այս ամեն ինչին՝ պետք է պարտադիր գանք այն հանգամանքին, որ, եթե չի ստացվել, ուրեմն՝ իրենք այդքան պատրաստ չէին, որպեսզի կարողանային առաջ գալ։ Ճիշտ է՝ եղան որոշակի հողային կորուստներ, սակայն պատերազմում ոչ մի կողմը չի հաղթում։ Հիմա մենք ունեցանք որոշակի ձախողում, եթե վերցնում ենք Լելե-Թեփեն ու մյուս ստրատեգիական նշանակության տարածքները, որ իրենց վերցրին։ Բայց ես դա չեմ համարում մեր կողմից ոչ պատրաստ լինել»։

Կորյուն Ղումաշյանի խոսքով՝ ովքեր չեն պատկերացնում՝ պատերազմն ինչ է, կարող են մեղադրանքներ հնչեցնել բանակի հասցեին. «Ես դա երբեք չեմ արել ու չեմ անի, որովհետև թիկունքը ռմբակոծելով՝ օգնության գնալով՝ մենք ավելի շատ զոհեր կունենանք։ Ռմբակոծության ժամանակ ոչ մի շարժ անելու իրավունք չկա, որևէ տեխնիկա չպետք է շարժվի, մինչև դադարի ռմբակոծությունը, որից հետո նոր գործը հասնում է տեխնիկային, զինվորների առաջխաղացմանը, նոր հաց ու զինամթերք են տանում։ Բայց մեր տղաներն այդ ամենից զատ՝ հերոսաբար են կռվել։ Եթե երեք հարյուր սպարտացիները դարձել են լեգենդ ամբողջ աշխարհում, որովհետև պարսկական զորքի դեմն են առել, այս մեր երեխեքը, որ կարողացան այդ հսկայական գազանի դեմն առնել՝ առանց օգնություն ստանալու, դա պետք է լիներ մեր պատմական լեգենդը՝ ամբողջ աշխարհի առաջ։

300 սպարտացիները գլուխները պատով էին տվել, որ կարողանային այնպիսի հզոր ուժի դեմն առնեին, ինչպես առան մեր երեխեքը։ Նրանք մինչև վերջ կռվել են, ոչ մի նահանջող չի եղել։ Ինձ բախտ է վիճակվել Լելե-Թեփեի միակ կենդանի մնացած զինվորի՝ Արմանի հետ ծանոթանալ, նա պատմում էր, թե ինչպես են իրենք կռվել, մենք այսօր այս մասին խոսում ենք ոչ ճիշտ ձևով, խոսում ենք ցավալով։ Դարձել ենք սգացող ազգ, ինչը չեմ ընդունում»։

Կարդացեք նաև

Գնդապետն ապրիլյան պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում և համաձայն չէ այն պնդումների հետ, որ մեքենաներում վառելիք չի եղել. «Բայց որ եղել է այն հոգեբանությունը, որ դեռ տեղ չհասած՝ որոշ մարդիկ խոսում էին իրենց տոկոսների, կնոջ, հողի, վարկի մասին, փաստ է։ Դուք դրա՞ համար էիք եկել այնտեղ, պանիկյորներ։ Եվ այսօր էլ մեդալներով դրանք հանրության մեջ ման են գալիս, մորուքները երկար թողած, երևի ոջիլներն էլ՝ մեջը»։

168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտարարում, թե Լելե-Թեփեն ռազմավարական նշանակություն չունի, իսկ ինքը քիչ առաջ հակառակն էր պնդում, ի վերջո՝ ի՞նչ նշանակություն ունի այն։

Ի պատասխան՝ նա ասաց, որ ամեն մի թիզ հողն ունի ռազմավարական նշանակություն.

«Որտեղ պոստ է դրված, դա ունի ռազմավարական նշանակություն։ Ես այդ կարծիքին եմ, մնացածն ով ոնց է մտածում, ես չգիտեմ։ Լելե-Թեփեն բավականին հետաքրքիր բարձունք էր, որն իր ափի մեջ էր պահում ողջ Հորադիս քաղաքը, ոչ միայն իր հարակից դիրքերը։ Լելե-Թեփեն գրավելուց անմիջապես հետո պարսիկները, ռուսներն ու ադրբեջանցիները երկաթուղին շահագործելու վերաբերյալ պայմանագիր կնքեցին, որովհետև երկաթուղին մեզ համար թիրախ էր, իսկ հիմա իրենք դա շահագործելու են՝ Իրանից Ադրբեջանով Ռուսաստան ապրանքներ տանելու համար։ Եվ մենք մոռանանք դրանից հետո, որ Իրան-Հայաստան երկաթուղի կկառուցվի։ Ա՛յ, ռազմավարական նշանակության կետերն այդպիսի կետեր են, սա իմ անձնական կարծիքն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս