Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմի հուշերը

Կենսուրախ, կյանքով լի էր այս երիտասարդը, ծնողների հույսն ու ապագան: Բազում երազանքներով լի գյումրեցի Տիգրան Աբգարյանը մեկն էր այն երիտասարդներից, ով կյանքը զոհեց հանուն հայրենիքի:

Տիգրանը ծնվել է 1996 թվականին՝ Գյումրիում:

Ծնողների պատմելով՝ նա չափից ավելի խելոք երեխա է եղել: Երբևէ ոչ մեկի հետ չի վիճել: Սիրում էր զբաղվել սպորտով և հրաձգությամբ: Տիգրանը նաև մեքենա քշել է շատ սիրել: Որպես մեխանիկ-վարորդ՝ Ստեփանակերտում տեղի ունեցած տանկային մրցույթի ժամանակ առաջին տեղն է զբաղեցրել, հետագայում ցանկանում էր գնալ Ռուսաստան՝ տանկային բիաթլոնին մասնակցելու համար:

Զոհված 20-ամյա գյումրեցի տանկիստը նախ ծառայել է Հոկտեմբերյանում, ապա՝ Ֆիզուլիում: Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է 2016 թվականի ապրիլի 2-ի երեկոյան:

«Էս դեպքերի մասին իմացել էի, անհանգիստ էի: Զանգեց, ամսի երկուսի իրիկունն էր, ասաց՝ մամա ջան, մի լաց, ես շատ լավ եմ: Անսպասելի հարված է եղել: Ախր, մենք չգիտենք՝ մեր էրեխեքին պատրաստե՞լ են, թե՞ չէ: Ամեն զանգ տալուց իմ տղես կըսեր, որ մամ, մենք կերթանք զինավարժությունների: Տիգրանը, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, երեք տանկ է խոցել և զոհվել»,- պատմում է Տիգրանի մայրը:

«Մեզ միշտ զինվոր պետք է: Կողմ եմ, որ բոլոր տղաները բանակում ծառայեն: Առանց զինվորի մենք անպաշտպան ենք, այլապես կգան, մեզ կտրորեն, կանցնին: Ցույց կուտան, թե ինչըղ մարդկանց գլուխները կկտրեն: Պատկերացրեք՝ էդ վայրենի ցեղերը գան, մեզ վերացնեն և էրթան: Դրա համար մեզ զինվոր է պետք»,- ասում է զոհված զինվորի հայրը:

Տիգրանի ընկերոջ՝ Շահեն Սուքիասյանի խոսքով, իրենց ընկերության մեջ մտած է այն գաղափարը, որ տղամարդը պետք է իր օջախի պահապանը լինի: Թուրքի դեմ միշտ էլ պետք է պատրաստ լինեն կռվելու:

«Տիգրանն ինչ-որ մեկի հետ թշնամանք չուներ: Շատ ներողամիտ, ամեն ինչ հասկացող, իրական ընկեր էր: Քաջ էր և ամեն հարցում ձգտում էր առաջինը լինել: Տիգրանը մեզ զանգահարեց և ասաց՝ ադրբեջանցիները մեզանից այնքան հեռու են, որ կրակոցներ չենք լսում, շուտով կգամ տուն: Փաստորեն, մարտից առաջ է զանգահարել մեզ, և այդ զրույցից հետո մարտը սկսվել է»,- ասում է Շահենը:

Ապրիլյան պատերազմի արդյունքում Շիրակի մարզը տվեց 10-ից ավելի զոհեր՝ Ալեքսան Առաքելյան, Վլադիմիր Մելքոնյան և ուրիշներ:

Ապրիլյան պատերազմի մեկ այլ հերոս՝ գյումրեցի ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը, զոհվել է ապրիլի 1-ին: Նրա հայրը ևս Արցախյան պատերազմի մասնակից է եղել: Վլադիմիրի մոր՝ տիկին Սվետլանայի խոսքով, պատերազմն իր դառը հետևանքներն էր թողել մահացած ամուսնու վրա, հիվանդությունն էլ պատերազմի արդյունքն էր:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վ.Մելքոնյանը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Ապրիլյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Ալեքսան Առաքելյանը, ծնվել է 1982 թվականին, Գյումրիում, սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո 9 տարուց ավելի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014 թվականին նա ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում: Հարավային սահմանում նշանակվել է հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ:

Ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը 4 սպայի հետ ընկերներին օգնելու նպատակով «Ուազ» մակնիշի մեքենայով մեկնել են դիրքեր: Վերջիններս անտեղյակ են եղել հակառակորդի կողմից դիրքը գրաված լինելու մասին: Երբ Ալեքսանը ցանկացել է ետ վերցնել հակառակորդի կողմից գրաված դիրքը, շրջափակման մեջ է ընկել հակառակորդի կողմից: Մահացու վիրավորվելով՝ զոհվել է:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, Գյումրիում բնակվող Արցախյան պատերազմի մասնակից Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նրանք շարունակում են զոհվել մե՛ր փոխարեն… Ո՞վ է ասել, թե նրանք զոհվել են։ Նրանք չեն զոհվել, նահատակվել են, մեր տան շեմին մարտիրոսվել են, որ մեր Հող Հայրենին միշտ պարարտ մնա։

Չէ՛, նրանք չեն զոհվել, նրանք ընկել են, որ մենք բարձրանանք… Բարձրանանք, որ բարձրացնենք, որ անցյալն ու ապագան ներկայում ապրենք, հիշենք-փոխանցենք…

Փառք, խոնարհում ու հարգանք, մեր նորօրյա նահատակներին․․․ որոնց արյունը դեռ շարունակում է թաց մնալ սրբազան հողին…

Շնորհակալ եմ, իմ ու զավակներիս անունից, որ Ձեր կյանքի գնով չեք թողնում ոսոխին մեր խաղաղ քունը խաթարել։ Փա՛ռք Քեզ, նահատակ որդի…

Փա՛ռք Քեզ, մահվան հետ կռիվ տվող որդի…»:

«Ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ 100-ից ավելի զոհերի: Պատերազմի արդյունքում 800 հեկտար հողատարածք կորցրեցինք: Եղան իշխանավորներ, որոնք հայտարարեցին, թե կորցրած տարածքը չունի ռազմավարական նշանակություն: Մեր հակառակորդի դեմ չօգտագործվեց ժամանակակից զենք-զինամթերք, իշխանավորներից, գեներալներից ոչ ոք չպատժվեց, պատասխանատվության չենթարկվեց:

Ինչո՞ւ պետք է 4 օրում 100 զոհ ունենայինք, իսկ եթե պատերազմն ավելի երկա՞ր տևեր, ինչ կստացվեր: Ամենակարևորը՝ կռվում և զոհվում են նաև այս անարժան իշխանությունների համար»,- մեզ հետ զրույցում նշեցին Գյումրիում բնակվող՝ ապրիլյան պատերազմի զոհերից մեկի հարազատները:

Մեր մեկ այլ զրուցակից էլ նշեց, որ շրջափակված լինելով թշնամիներով, Հայաստանի միակ փրկությունը հզոր տնտեսություն և ժամանակակից զինատեսակներ ունենալու մեջ է, ու մենք այն վիճակում չենք, որ մշտական բանակ չպահենք:

Հավելենք, որ երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք զինվորականներ և ազատամարտիկներ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»՝ հարգանքի տուրք մատուցելով 2016 թվականի ապրիլի քառօրյա մարտական գոծողություններում զոհված քաջորդիների հիշատակին: Նրանք նաև ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Գյումրու Մուշ 2 թաղամասում, գյումրեցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս