«Նման պնդումներն անարձագանք մնալ չեն կարող». Արցախի ՄԻՊ-ը՝ Ասյա Խաչատրյանի հայտարարությունների մասին
«Այսա Խաչատրյանի հայտարարությունից 3 ժամ հետո անմիջապես արձագանքել ենք, եթե հաշվենք այն ժամանակը, որ մենք ծախսել ենք տեսանյութին ծանոթանալու և աշխատավայր հասնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հաջորդ օրը Ոստիկանություն ներկայացրինք մանրամասն հարցեր՝ Ասյա Խաչատրյանի պնդումների հիման վրա։ ԱՀ նախագահը հրապարակավ հայտարարություն արեց, հանձնարարական տվեց Ոստիկանությանը՝ ծառայողական քննություն իրականացնել, Ոստիկանությունը ստանձնեց ծառայողական քննությունը, այն հանձնարարվեց Ներքին անվտանգության վարչությանը, և հանձնառություն եղավ պարզել խախտում թույլ տված ոստիկաններին և պատասխանատվության ենթարկել։ Ֆորմալ գործընթացն իրականացվում է, մեզ համար դա շատ կարևոր է։ Նման պնդումներն անարձագանք մնալ չեն կարող՝ թե՛ ընթացակարգային, թե՛ արդյունքի իմաստով»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Օրերս ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասել էր, թե ինքը նախկինում տեղեկություն է ունեցել, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ Թբիլիսիից Բաքու է գնացել: Գ. Իսագուլյանը նաև նշել էր, որ իր տեղեկությունները ճշտված չեն: Ի պատասխան՝ Ա. Խաչատրյանն ասել է, որ լուրջ չի վերաբերվել Գ. Իսագուլյանի ասածներին:
«Երբ կարդացի Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը՝ ծիծաղեցի ու անցա, բացարձակ լուրջ չվերաբերվեցի, բայց քանի որ այս քայլը բավականին լուրջ է ընդունվել, և մի քանի լուրջ լրատվականներ ինձ արդեն դիմել են այս հարցով, ուզում եմ հայտարարել, որ ես Բաքվում, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, երբեք չեմ եղել, և ապացույցներ եմ պահանջում, որովհետև ինքը իմ արժանապատվության հետ է խաղացել»,- նշել է Ասյա Խաչատրյանը։
Արցախի ՄԻՊ-ն այս մասին որևէ տեղեկություն չունի վերոնշյալի հետ կապված։
Նա նշեց, որ Ասյա Խաչատրյանն իրեն դիմել է Հայաստանից, դրանից հետո նրանք չեն զրուցել. «Ինչպես ես նշել եմ՝ մեր առաջին զրույցի արդյունքները ներկայացվել են ոչ ամբողջական, մեծ մասով՝ սխալ և կոնտեքստից կտրված։ Ես նախաձեռնություն չցուցաբերեցի իր հետ խոսել, բայց մենք ֆորմալ դրա կարիքն էլ չունենք։ Այն փաստակազմը, որ ներկայացվեց, մեզ համար լիովին հիմք էր, որպեսզի նախաձեռնեինք քննարկման ընթացակարգ, մանրամասն հետազոտեինք նրա պնդումները և ներկայացնեինք Ոստիկանություն մանրամասն հարցեր՝ ակնկալելով դրանց պատասխաններ։ Անկախ ամեն ինչից՝ մենք քաղաքացիների կողքին ենք, անկախ նրանց դրսևորած վերաբերմունքից, սա է մեր առաքելությունը»։
Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանը բարձրաձայնել է այն մասին, որ առանց որևէ պատճառաբանման՝ Արցախում ոստիկաններն իրեն տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել: