Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությունը, որ հետաքննեն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած դեպքը
epress.am կայքի փոխանցմամբ, ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պնդում է, որ ԼՂՀ ոստիկանների կողմից գործողություններն իր նկատմամբ իրավաչափ չեն եղել:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն. «Համապատասխան հանձնարարականները տրվել են Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը: Պետք է մանրամասնորեն քննվի այդ միջադեպը, և, եթե եղել է նման բան, անպայման պետք է պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կատարել են անօրինական գործողություններ»:
Մյուս կողմից՝ Դ. Բաբայանը համոզմունք հայտնեց, որ անթույլատրելի է, որ շահարկումների ենթարկեն այդ հարցերը. «Առավել ևս, ցուցադրեն՝ որպես «հայաստանցի-ղարաբաղցի» տեսակետից: Սա անթույլատրելի է, որովհետև նման բան ընդհանրապես չկա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստական և աննորմալ գաղափարները տարածել, աշխատում են հայոց պետականության դեմ»:
Դ. Բաբայանի խոսքով՝ աղջիկը պետք է անմիջապես դիմեր, ոչ թե սպասեր 2 ամիս. «Ինչքան ես հասկացա, դա եղել է փետրվարի սկզբին, և պայմանավորվածություն է եղել իր հետ, որ պետք է դիմում ներկայացնի Արցախի մարդու իրավունքների պաշտպանին: Դա անմիջապես պետք է արվեր, որովհետև տաք հետքերով ավելի հեշտ է, և շահարկումների հավանականությունն իջնում է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞վ է հանձնարարականներ տվել, որ հետաքննություն սկսվի: Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասաց, որ հանձնարարականները տրվել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից: