Բաժիններ՝

«Ցանկության և անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպել ու երես առ երես որոշ անհերքելի իրողություններ ներկայացնել». Գառնիկ Իսագուլյանը՝ Ասյա Խաչատրյանին

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ ինքը նախկինում տեղեկություն է ունեցել, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ Թբիլիսիից Բաքու է գնացել: Նա կասկածներ հայտնեց, որ հնարավոր է՝ աղջիկը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Գ. Իսագուլյանը նաև նշել էր, որ իր տեղեկությունները ճշտված չեն:

Հիշեցնենք նաև, որ Ա. Խաչատրյանն օրերս բարձրաձայնել է այն մասին, որ առանց որևէ պատճառաբանման՝ Արցախում ոստիկանները նրան տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել: Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:

Գ. Իսագուլյանի հայտարարություններից հետո Ա. Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ լուրջ չի վերաբերվել Գ. Իսագուլյանի ասածներին: «Երբ կարդացի Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը՝ ծիծաղեցի ու անցա, բացարձակ լուրջ չվերաբերվեցի, բայց քանի որ այս քայլը բավականին լուրջ է ընդունվել, և մի քանի լուրջ լրատվականներ ինձ արդեն դիմել են այս հարցով, ուզում եմ հայտարարել, որ ես Բաքվում, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, երբեք չեմ եղել, և ապացույցներ եմ պահանջում, որովհետև ինքը (նկատի ունի Գառնիկ Իսագուլյանին.- Ա. Ք.) իմ արժանապատվության հետ է խաղացել»,- նշել է Ասյան՝  հավելելով, որ Իսագուլյանը փաստորեն իրեն ազգի դավաճան և ստախոս է համարում:

168.am-ի հետ զրույցում Գ. Իսագուլյանն ասաց, որ ինքն իր ցանկացած խոսքում, նույնիսկ, եթե այն մեղադրանք է, առաջնորդվում է անմեղության կանխավարկածով. «Դա է պատճառը, որ ես ոչ թե՝ մեղադրել, այլ՝ ուղղակի իր կարծիքն եմ հայտնել՝ հստակ նշելով չճշտված տեղեկության մասին, և դրանում ազնվորեն խոստովանել եմ իմ մեղքը: Ինչ մնում է Ասյա Խաչատրյանի հարցազրույցին, ես շատ ուրախ եմ, որ նա, կարդալով իմ ասածը, ծիծաղել ու անցել է և լուրջ չի վերաբերվել, բայց, ինչպես երևում է՝ բավականին լուրջ հետևություններ է արել, որն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան մնացած ամեն ինչը:

Ուրախ եմ, որ անկախության տարիներին ծնված և որևէ լուրջ փորձություն չտեսած 19-ամյա աղջնակն իրեն համարում է ազատ ու անկախ մարդ՝ զերծ ցանկացած բարդույթից, բայց երբ մենք միայնակ չենք աշխարհում, ու մեր շրջապատը միայն մեր նմաններով չի պարուրված, ապա մեր ցանկացած գործողություն պետք է համահունչ լինի այն իրավիճակին ու շրջապատին, որում մենք գտնվում ենք»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ Արցախում ամեն մի ընտանիք իրեն ու իր հայրենիքին պարտադրված պատերազմում հերոսաբար պայքարեց ու հասավ հաղթանակի՝ տալով իր համար անչափ թանկարժեք կյանքեր, ընդ որում, առավելապես՝ երիտասարդ կյանքեր, և այդ պատերազմը դեռ ավարտված չէ.

«Այսօր էլ Արցախում յուրաքանչյուր ոք պատրաստ է իր ուսերին տանել է՛լ ավելի մեծ ծանրություն՝ վերջնական հաղթանակը կերտելու համար, և այս պարագայում նրանց մոտ հայտնվել, այսպես կոչված, «ազատություն» կերպարով ու կապույտ մազերով, համահունչ և հարիր չէ, և, եթե մենք սա չենք հասկանում, ազատ չենք մտոք, ուստի և՝ ազատ չենք ընդհանրապես: Չեմ ցանկանում մանրանալ ու էլ ավելի խորանալ արտահայտած մտքերին ու վարքագծի մանրամասներին տալով գնահատականներ՝ ունենալով դրա թե՛ իրավունքը, թե՛ հնարավորությունը: Բավարարվենք նրանով, որ Ասյան դեռ երիտասարդ է, դեռևս ամբողջապես չձևավորված, չի անցել կյանքի այն փորձառությունը, որ հասկանա, թե ոնց կարող են մեր բարին չցանկացողներն օգտագործել նրա «ազատատենչությունը»:

Ցանկության և անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ եմ հանդիպել ու երես առ երես որոշ անհերքելի իրողություններ ներկայացնել: Միայն իմացեք մի պարզ ճշմարտություն. Արցախը մեզ համար սկիզբ է միայն գալիք հաջողությունների, եթե այդ սկիզբը մենք չապականենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս