Բաժիններ՝

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ, կոնկրետ՝ ինձ համար. ես գտնում եմ, որ այդ հարցում ինքս թերացել եմ». Գառնիկ Իսագուլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը խոսեց ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի մասին, որն օրերս բարձրաձայնել է այն մասին, որ Արցախում ոստիկաններն իր նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ են կատարել:

Հիշեցնենք, որ աղջիկը պատմել է, որ առանց որևէ պատճառաբանման՝ Արցախում ոստիկանները նրան տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել՝ չպարզաբանելով, թե ինչն է պատճառը: Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:

Գ. Իսագուլյանը մեղադրեց լրատվամիջոցներին՝ չճշտված ինֆորմացիան տարածելու համար:

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ, կոնկրետ՝ ինձ համար: Ես գտնում եմ, որ այդ հարցում ինքս թերացել եմ, որովհետև ժամանակին ինձ ասվել է, ցավոք սրտի, մենք չկարողացանք դա ապացուցել, չճշտված տեղեկություն է այն, որ հաճախ Թբիլիսի կատարած այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկն իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Թբիլիսիով միշտ ավելի հեշտ է Բաքու գնալ՝ առանց համապատասխան նշումների: Անակնկալ կերպով նա հայտնվում է Արցախում: Ոստիկանների հետ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը և միջադեպը միանգամայն այլ բնույթ է ունեցել»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Կարդացեք նաև

Նա հույս հայտնեց, որ Արցախի իշխանությունների հանձնարարականների համաձայն՝ հատուկ ծառայությունները կպարզեն, թե ինչ նպատակներով է Ա. Խաչատրյանը մի քանի անգամ այցելել Վրաստանից Ադրբեջան, արդյոք գտնվո՞ւմ է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Լրագրողի հարցին՝ որքանո՞վ է ճիշտ՝ լրագրողներին ներկայացնել չճշտված ինֆորմացիա՝ այն դեպքում, երբ դուք ինքներդ էլ ասում եք, որ չի կարելի չճշտված ինֆորմացիա տարածել, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Բայց նաև չի կարելի ոչ ճիշտ տեղեկությունը տալ մամուլին, հանդես գալ՝ որպես տուժող կողմ, ամբողջ Հայաստանը խառնել իրար, Արցախին վարկաբեկել այն պարագայում, երբ շատ կարևոր միջոցառումներ են տեղի ունենում, երբ Արցախի նախագահը հրաշալի այց է կատարել թե՛ Բրյուսել, թե՛ Մոսկվա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս