«Երբ ես ծնվեցի, շատ տգեղ երեխա էի, մկան պես…»
Մոսկովյան փողոցում եմ, ճեպում եմ Լոֆթ՝ հանդիպելու «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանին. պիտի ճյուղ առ ճյուղ հավաքենք նրա «Կենաց Ծառը»: Մտնում եմ ներս ու փորձում եմ մտաբերել՝ երբևէ տխրե՞լ եմ Լոֆթում: Ոչ: Լոֆթի դռներից ներս տոնի զգացողություն կա, ստեղծագործական խառնաշփոթ, թեթևություն… Եվ դա վարակիչ է: Վարակիչ է նաև Արևիկի հանգստությունն ու ժպիտը: Տարածքում, ուր այժմ Լոֆթն է, ժամանակին նկուղ ու աղբանոց էր:
Մեծ ներդրումների, թիմային և անհատական ահռելի աշխատանքի արդյուքում արդեն մի քանի տարի է՝ գործում է Լոֆթը՝ զարգանալու, աճելու, աշխատելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն տալով հարյուրավոր մարդկանց:
«Լոֆթն ինձ համար կենսակերպ է, օր… (ժպտում է,-հեղ.): Լոֆթի հաջողության գաղտնիքը մարդիկ են.այստեղ մարդկանց միավորում է լավ ու բարի բան անելու ցանկությունը: Լոֆթը գործընթաց է, որի կորիզը բարի է: Որքան էլ խնդիրներ ենք ոնենում՝ միջանձնային, ֆինանասական, տեխնիկական, կադրային, ինձ մոտ ստացվում է այնպես անել, որ Լոֆթի թիմը չմոռանա՝ ինչի համար ենք այստեղ ի սկզբանե: Իմ գործում ամենադժվարը դա է՝ պահել թիմի ներքին ներդաշնակությունը»,- ասում է Արևիկ Համբարձումյանը:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում qahana.am-ի հետ զրույցում Արևիկը խոսել է իր աշխարհի մյուս կարևոր բաղադրիչներից ևս…
Երբ ես ծնվեցի, շատ տգեղ երեխա էի, մկան պես (ծիծաղում է,-հեղ.): Ծնվելուցս հետո մայրիկիս հարցրել են՝ ի՞նչ ունեք տանը, մի աղջիկ՝ պատասխանել է մայրս: Բժիշկները սրտնեղած ասել են՝ սա էլ է աղջիկ: Անունս ընտրել է քույրս: Մի անգամ, երբ շատ փոքր էի, սկսեցի բարձրաձայն կրկնել անունս՝ Արևիկ: Ինչ-որ մի զգացողություն եկավ, որ հենց Արևիկ պիտի լիներ անունս… վազեցի ծնողներիս մոտ ու ասացի, որ շատ ուրախ եմ անվանս համար:
Որքան մեծանում եմ, և որքան ավելի շատ է լայնանում մարդկանց հետ շփմանս շրջանակը, այնքան համոզվում եմ, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից. կարևոր է՝ ինչ ընտանիքում է անցել մարդու ձևավորումը: Միայն այս տարիքում ենք հասկանում, որ այդ կոդի կրողն ենք: Հաճախ չենք հասկանում կամ մոռանում ենք, որ մեր դիմացինն էլ բոլորովին այլ կոդի կրող է…
Հայկական ուրախ ընտանիքում եմ մեծացել, ուր երգվել է Կոմիտաս, ուր նկարիչ քեռիս հայրիկի ու մայրիկի հետ քննարկել է Led Zeppelin-ի ալբոմները, ուր նրանք պատմել են ռոք համերգներից ստացած իրենց տպավորությունների մասին: Հիշում եմ՝ մենք արդեն մեծ էինք, մերոնք ինչ-որ երեկույթներից վերադառնալիս իրենց սիրած երգի տակ տանգո էին պարում խոհանոցում (ժպտում է,-հեղ.): Ընտանիքս դեմոկրատ ու ազատ էր. սիրուն բաներից համով ու չափավոր խոսելը երբեք արգելված չի եղել:
90-ականներին, մանկությանս Վանաձորում հրաշքներ տեղի չէին ունենում. կեցությունը ծանր էր, ձմեռները՝ շատ ցուրտ, վախ ներշնչող… Մեզ համար հրաշք էր երկրորդ զույգ ձեռնոց ունենալը, հրաշք էր, երբ պատահաբար «լույսերը տալիս էին»: Հիմա, երբ ուզում եմ հասկանալ՝ երբ եմ ես իսկական եղել, երբ է եղել իրական Արևիկը, հասկանում եմ, որ դա այն ժամանակ էր, երբ ես 8-րդ դասարանում սովորող աղջիկ էի և ավտոտնակների տանիքից թռչում էի ձնակույտերի մեջ… (ժպտում է,-հեղ.): Մինչև շատ ուշ գիշեր մնում էինք բակում, երբեմն զարմանում եմ՝ ինչպես և ինչու էին մեր ծնողները դա թույլ տալիս, հետո հասկանում եմ, որ տանն անելիք չկար, լույս չկար, իսկ բակում մենք երջանիկ էինք…
Մայրս շատ կարևոր կերպար է մեր տանը: Մոտ 20 տարի առաջ նա շատ ամուր կերպով մեր ընտանիքում և իմ մեջ դրեց Աստծո գաղափարը: Դա մոլուցք չէր, աղանդ չէր, այլ ավանդական հայկական ընտանիքում Աստծո ներկայության ամրապնդումը կնոջ միջոցով:
Հետո ավանդույթ դարձավ Ամանորին եկեղեցի գնալը, քրիստոնեական բոլոր տոները նշելը:
Ես շատ փոքր տարիքից եմ հասկացել՝ ով է Աստված, և ես ինչ կապվածություն ունեմ Նրա հետ: Մինչև հիմա, երբ զգում եմ, որ Աստծո հետ իմ հարաբերությունները մի քիչ կորչում են կենցաղի մեջ, ինչ-որ բան իմ ներսից ահազանգում է՝ դու շատ հեռացար… կամ նորից հարաբերություն է պետք (ժպտում է,-հեղ.):
Ներքին ներդաշնակությունս, ընտանիքի գաղափարը ու ստեղծագործելու, լավ բան անելու հնարավորությունն այն երեք երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս, սովորեցի, որ պետք է ներքին ազատություն ուենենալ, իրադարձություններին ու դեպքերին նայել բարի հոգով, ազատ, բաց:
«Ազատություն» ու «հաղթահարել» բառերն ինձ համար շատ փոխկապակցված են:
Մարդը սկսում է մահանալ, երբ դժգոհ է իրենից, իր շրջապատից, իր արածից, իր կերածից, իր երկրից, իր քաղաքից, իր ծնողներից, ամուսնուց, կնոջից…
Հուսահատության պահերին փորձում եմ գտնել հարազատ մեկի և խոսել՝ կարևոր չէ, թե ինչից, հետո զգալ քաղաքը: Երևանն անչափ եմ սիրում. հասկացել եմ, որ պատրաստ չեմ թողնել այն որևէ պարագայում: Միգուցե դա իմ գործունեության հետ է կապված. Լոֆթին երեխայի պես եմ վերաբերվում:
Ինձ ներշնչում է իմ աշխատանքը, քանի որ տեսնում եմ դրա արդյունքներն ու քաղում եմ դրա պտուղները: Ոգևորվում եմ, երբ կարողանում եմ տեսնել աշխատանքիս հետևանքները: «Հետևանք» բառը շատ վտանգավոր ու խորը բառ է. եթե օրը տասն անգամ կրկնենք այն՝ մեր գործողություններում ավելի ուշադիր կլինենք: Միշտ ասում եմ՝ խուսափեք այն գործողություններից, որոնց հետևանքը զրո է կամ քիչ, զբաղվեք արժեքավոր հետևանքներով լի գործերով:
Սերն է պտտում մոլորակը, այդպես է, երբ ժամանակ չկա գեղեցիկ ձևակերպելու միտքը, պատասխանը շատ անկեղծ է ստացվում (ծիծաղում է,-հեղ.): Բարությունն ու սերն են պտտում մոլորակը, ինձ համար դրանք նույնն են:
Կյանքիս մեծագույն ձեռքբերումը միջավայրային տրամադրությունն է, ամենատարբեր մարդկանց հետ իմ հարաբերություններն ու նրանցից ստացած «ամենաուրիշ» էներգիան: Մեծագույն կորուստն ինձ համար ապարդյուն անցկացրած ժամանակն է, ժամանակի սղության հետևանքով էներգիաների կորուստը:
Մի ժամանակ կար, երբ նկարում էի ու Աստծուն ամենաշատը նկարելիս էի մոտ զգում: Հիմա այլևս չեմ կարողանում նկարել: Նախորդ տարեդարձիս իմ թիմը մոլբերտ և ներկեր էր ուղարկել մեր տուն: Նրանցից մեկ-երկուսը գիտեին, որ ժամանակին նկարել եմ: Մեկ տարի է՝ այդ մոլբերտը դրված է իմ ննջարանում՝ լուսավոր մի անկյունում: Նայում եմ դատարկ մոլբերտին ու վախենում եմ, որ այն մի օր պարզապես ինտերիերի մաս կդառնա: Եվ դա ինձ հուշում է, որ պիտի վերադառնամ, պիտի կտրվեմ վազքից, առօրյայից, կենցաղից, պիտի հետ գամ…
Մենք դժվար իրավիճակներում ենք փորձում գտնել Աստծուն, բայց ամեն ինչ այդքան բարդ չէ: Ես հուզվում եմ, երբ տեսնում եմ, որ կարողացել եմ մարդկանց երջանկացնել: Այդ ժամանակ եմ Աստծուն ամենաշատը մոտ զգում: Մանր ու լավ բաներ անելիս է ամենաճիշտ պահը Աստծուն մոտ զգալու համար:
Սիրած եկեղեցի ունեմ, երկուսն են. առաջինը՝ Սուրբ Գայանեն, մյուսը՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երբ հուսահատված եմ լինում, իմ ոտքերն ինձ այնտեղ են տանում:
Քրիստոսից երկու հազար տարի անց մենք դեռ անում ենք նույն սխալները:
Դրախտն իմ պատկերացմամբ վայր է, ուր իմ մայրն է (ժպտում է,-հեղ.):
«Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ.5:39) աստվածաշնչյան միտքը, որը հաճախ ոչ միանշանակ է մեկնաբանվում մարդկանց կողմից, իմ ամենասիրելին է: Փորձում եմ միշտ իմ հանդեպ արված վատ ու սխալ քայլերը բարությամբ շրջանցել:
Ինչպես ես կարող եմ սխալվեմ, այնպես էլ դիմացինս: Լուրջ ձեռքբերում եմ համարում այն, որ իմ կյանքում եղել են մարդիկ, ովքեր արցունքոտ աչքերով ասել են՝ ես այսքան վատ բան եմ արել քեզ, ինչպե՞ս ես կարողանում բոլորովին հակառակ կերպով պատասխան տալ: Եղել են նաև դեպքեր, երբ ինձ մեղադրել են դրա համար, ասել են՝ նորմալ չէ սիրել մարդու, որը քո առաջ մեղավոր է: Բայց ես այդպես չեմ կարծում (ժպտում է,-հեղ.):
Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ կամաչեմ բոլորիս համար, կամաչեմ մեր ապրելակերպի, մեր մտքերի ու քայլերի, մեր չարության համար…
Զրուցեց՝ Ա. Պողոսյանը