Բաժիններ՝

Սարապատում ֆոտովոլտային էլեկտրակայաններ են տեղադրվում

Շիրակի մարզի գյուղական համայնքներում արևային էներգիան օգտագործելու արդյունավետ եղանակ են գտել:

Ի տարբերություն քամու էներգիայի, այն լայնորեն կիրառվում է: «Ծրագրով Արթիկում, Ախուրյանում, Վահրամաբերդում, Ջրարփիում, Գուսանագյուղում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանները համայնքային կառույցների վրա են տեղադրվում:

Կառավարության որոշում կա, որի համաձայն ՀԷՑ-ը պարտավոր է արտադրված էլեկտրաէներգիան գնել: Եթե քաղաքացին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրեց, տվեց ցանցին, ՀԷՑ-ն է իրեն փոխհատուցելու:

Վերջիններս նաև տեղեկացված են, թե քանի կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա է արտադրվում մարզում արևի էնեգիայի հաշվին:

Մի շարք գյուղերում էլ տեղադրված են փոքր ջրատաքացուցիչ համակարգեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ արևային էներգիայի օգտագործումը մասսայական բնույթ չի կրում, դրա համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Կառավարության կողմից պետական միջոցներով արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածելու մասսայական միջոցներ չեն տեղադրվում: Նույնիսկ արտասահմանում նմանատիպ ծրագրերը վարկային միջոցներով են իրականացվում, քաղաքացիներին շահագրգռելով, սակայն հիմնականում ոչ երկրի բյուջեի հաշվին»:

Հաշվի առնելով վերջին տարիներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումներն արդյո՞ք արևային էլեկտրակայանների թվի ավելացման անհրաժեշտություն չկա, հարցրեցինք Գ.Պետրոսյանին:

«Դրանց թիվը չի կարող անվերջ շատանալ, քանի որ ցերեկային ժամերին արևային էլեկտրակայանները հոսանքն արտադրում և ցանցին են տալիս, սակայն ցանցն ինչպե՞ս պետք է այն պահեստավորի, որպեսզի գիշերը մեզ տա: Բացի այդ, գիշերային ժամերին մենք ավելի շատ հոսանք ենք սպառում, իսկ ցերեկային ժամերին ՀԷՑ-ն էլեկտրաէներգիայի ավելցուկ է ունենում:

Չինաստանում օրինակ ընդերքից ստացված ջերմության հաշվին են էլեկտրաէներգիա ստանում, ծովի ալիքներից, քամուց, այդ դեպքում 100% այլընտրանքային էներգիայի աղբյուրների անցում կատարել հնարավոր է, իսկ մեր մոտ այդ տեխնոլոգիան նոր է սկսում զարգանալ:

Եթե չլինի ատոմակայանը, ջերմաէլեկտրակայանները, մենք չենք կարողանա ունենալ էլեկտրամատակարարման կայունություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Շիրակի մարզի Սարապատ համայնքում լուսավորության համակարգն արդիականացնելու և էլեկտրաէներգիայի խնայողության ծրագիր է իրականացվում:

Տեղադրվում են ֆոտովոլտային էլեկտրակայաններ, որոնց միջոցով արևի ճառագայթները վերածվում են էլեկտրաէներգիայի:

Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի խոսքով, ՀՀ կառավարության որոշմամբ չգազաֆիկացված և անտառամերձ համայնքների համար ցածր միջնորդավճարով, առանց տոկոսադրույքի «ԱԿԲԱ» բանկը գումար է տրամադրում լուսավորության և ջեռուցման խնդիրները կարգավորելու համար:

«Օգտվելով կառավարության այդ որոշումից՝ դիմել եմ «ԱԿԲԱ» բանկ 24 միլիոն 800 հազար դրամ միջնորդավճարով վարկ վերցնելու, որպեսզի այդ վարկային ծրագրով տեղադրեմ 50 կիլովատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան, համայնքի արտաքին լուսավորության և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի, մշակույթի տների ջեռուցման խնդիրներն էլեկտրաէներգիայի միջոցով լուծելու համար:

Արևոտ օրերին ֆոտովոլտային էլեկտրակայանների օգտագործումը շատ արդյունավետ է: Բացի դրանից, եթե տեղադրենք խնայողական լամպեր, ասենք 80 վատտանոց դիոդային լամպ, որը համարժեք է սովորական 400 վատանոց լամպերին, համայնքային 104 միլիոնանոց բյուջեից էլեկտրաէներգիայի վարձ համարյա չենք վճարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Մանուկյանը: Ըստ Սարապատի համայնքապետի՝ վերցված վարկը մարելու համար համայնքը բավարար միջոցներ ունի:

Բացի արտաքին լուսավորության ցանցն արդիականացնելուց համայնքն ունի նաև այլ խնդիրներ. ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, որոնք աստիճանաբար են փորձում լուծել:

«Այս պահին միջհամայնքային ճանապարհները բոլորը մարզային ենթակայության են, որոնց վերանորոգման աշխատանքներն իրականացնում է Շիրակի մարզպետարանը՝ կառավարության համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում, սպասարկումն էլ են իրենք իրականացնում:

Նման կարգի խնդիրներ կան՝ Վարդաղբյուրից մինչև Մուսայելյան, Ձորաշեն, Հարթաշեն, Թորոս գյուղից մինչև Գոգհովիտ, Հովունի, պետական ճանապարհից մինչև Արփենի հիմնանորոգման կարիք ունեն:

2011 թվականին իրականացվել է Թորոս գյուղ-Գոգհովիտ ճանապարհի վերանորոգումը, մինչև Ձորաշեն կառավարության կողմից գլոբալ ծրագիր է իրականացվել, գրունտային ճանապարհներ են կառուցվել: Ձմռանից հետո իրականացված վերանորոգման իմաստը կորավ: Երբ գարունը գալիս է, կրկին աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Գրունտային ավազով ճանապարհը պետք է լվացվի, քանդվի: Ասֆալտապատ ճանապարհներ էլ մենք չունենք»,- իր մտահոգությունն է հայտնում Արտուշ Մանուկյանը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս