Ինչ իրավասություններով է օժտված լինելու ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում ստեղծվող Ռազմական ոստիկանությունը

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցող փոփոխությունները մի շարք հարցեր են հարուցել հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնակչության շրջանում:

Օրերս հայտնի դարձավ, որ, ինչպես՝ 102-րդ ռազմաբազայում, այնպես էլ՝ Երևանի կայազորում, որտեղ կան ռազմաբազային պատկանող զորամասեր, ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական կարգուկանոնի և կայազորում օբյեկտների պահպանության նպատակով ձևավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում: ՌՈ ներկայացուցիչները զինվելու են զենքերով, հատուկ հանդերձանքով և ռազմական տեխնիկայով:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի տարածած հաղորդագրության՝ Հայաստանում ռազմական ոստիկանության տեղակայվելիք ստորաբաժանման նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:

Սակայն 1997 թվականին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրով, որը կնքվել է 1995 թվականին ստորագրված պայմանագրի հիման վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազայում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին որևէ բառ գրված չէ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակն էլ, իր հերթին՝ ասել է, որ խնդիրն այս պահին քննարկման փուլում է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով:

Հայաստանյան փորձագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն, որ ռազմաբազայում ստեղծվող Ռազմական ոստիկանության ուժերը կարող են օգտագործվել հասարակության դեմ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու և ինչ-ինչ որոշումներ պարտադրելու նպատակով: Ըստ փորձագետների, ռուսական ռազմական ոստիկանությունը Հայաստանում կարող է միջամտել երկրի ներքին գործերին: Հայաստանցի փորձագետներն այս փոփոխությունները նաև պայմանագրի խախտում են որակում։

Այնինչ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ այդ մտավախությունները ռազմական ոստիկանության իրականացնելիք գործառույթների հետ որևէ առնչություն չունեն: Ըստ նրա` Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի դեպքեր չլինեն:

«Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, որից հետո շատ ենք քննարկել, թե ինչպիսի միջոցառումների կարիք կա, հատկապես, երբ դա հանցագործության մասշտաբով շատ մեծ էր, բայց այնտեղ ու ընդհանրապես զորամասերում հաճախ են պատահում նման դեպքեր, դրանք ենթակա են ռազմական ոստիկանության աշխատանքին, զինվորականը չպետք է և չի կարող նման գործերով զբաղվել:

Ռազմական ոստիկանությունն օժտված է լինելու նաև հոգեբանական աշխատանք տանելու համար պատրաստ աշխատակիցներով, քանի որ զինծառայողները հոգեբանական խնդիրներ հաճախ են ունենում: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս ոստիկանությունը լիազորությունների չափազանց նեղ շրջանակ է ունենալու, իրականացնելու է պարետային ծառայության գործառույթներ»,- մանրամասնեց Եվսեևը:

Ռուս փորձագետը նաև նշեց, որ այս փոփոխությունները նախաձեռնվում են բոլոր այն վայրերում, որտեղ Ռուսաստանն ունի բազաներ:

«Ես դրանում որևէ անհանգստանալու առիթ չեմ տեսնում: Հայաստանում կա, չէ՞, Ռազմական ոստիկանություն: Սա նորմալ պրակտիկա է, եթե Ռուսաստանը որևէ տեղ զորքեր ունի, եթե զինծառայողը կարող է որևէ ոչ իրավաչափ գործողության դիմել, դրանով պետք է զբաղվի Ռազմական ոստիկանությունը, դա ճիշտ է: Ռազմական ոստիկանության ներկայությունը զրոյի կհասցնի ռազմաբազայում գրանցվող խնդիրները: Իսկ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չի կարող լինել, Ոստիկանությունը նման գործառույթ չունի: Ռուսաստանը չի փորձում միջամտել որևէ երկրի ներքին գործերին»,- ասաց Եվսեևը:

Վերջինիս խոսքով, ռուսական հնարավոր միջամտության մասին խոսակցությունները արդիական են դառնում ամեն անգամ, երբ հայ-ռուսական ռազմական հարաբերություններում ինչ-որ բան է փոխվում: Ըստ նրա՝ նման խոսակցություններ եղել են թե՛ ռազմաբազայի, թե՛ հայ-ռուսական միացյալ զորամիավորման, թե՛ ՀՕՊ-ի, և թե՛ այս դեպքի՝ Ռազմական ոստիկանության հետ կապված: «Վստահ եմ` անհիմն են»,- ասաց նա:

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, ի պատասխան մտահոգությունների, թե ինչ իրավասություններ են ունենալու ռազմական ոստիկանները, իրավունք ունենալո՞ւ են դուրս գալ ռազմաբազայի տարածքից, ասաց, որ նման ստորաբաժանումների իրավասությունները խիստ սահմանափակ են:

«Ներկայումս մշակվող փաստաթղթով կֆիքսվի, թե որ դեպքում ինչ քայլերի իրավունք ունեն ոստիկանները, որովհետև նրանք գործելու են ոչ թե ՌԴ տարածքում, այլ վարձակալված տարածքում և ՀՀ տարածքում, բայց հստակ ֆիքսվում են բոլոր հնարավոր քայլերն ու այն, թե ինչը չի կարելի: Սա ավելի հարմար տարբերակ է, քան այն, երբ նման Ոստիկանություն չկար, քանի որ նախկինում, եթե զինծառայողը փախուստի էր դիմում, նրան սկսում էին փնտրել, ըստ էության, ռազմաբազայի աշխատակիցները, որոնք համապատասխան ունակություններով օժտված չեն, չունեն իրենց ձեռքի տակ նաև կարգավորումներ, թե ինչ իրավունք ունեն և ինչ չունեն:

Սա ավելի հստակ է դարձնում անկանխատեսելի իրավիճակում ռազմաբազայի գործունեության սահմանները»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա ևս շեշտեց, որ փոփոխությունները տեղի են ունենում ՌԴ բոլոր օտարերկրյա ռազմաբազաներում:

Տեսանյութեր

Լրահոս