«Բոլշևիկներից առաջ Ղարաբաղը հանձնելու որոշումը կայացրել էին բրիտանացիները». ՀՀԿ-ական պատգամավորը տեսնում է ՀՀ-ում ՌԴ ՌՈ ստորաբաժանման անհրաժեշտությունը

«Ռուսաստանը Ռազմական ոստիկանություն ստեղծել է բոլորովին վերջերս՝ 2011թ., իսկ մինչ այդ զինվորական հանցագործությունների խնդիրը փորձել են կարգավորել կոմենդատուրաների միջոցով։ Հետո, այնուամենայնիվ, գնացին այն ճանապարհով, որով մենք ավելի շուտ էինք գնացել։ 1995թ. կնքված և 1996թ. վավերացված պայմանագրում չկար Ռազմական ոստիկանության մասին, որովհետև այն ժամանակ դա չի եղել»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Սակայն նա նշեց, որ պայմանագրում առկա է հատուկ կետ, ըստ որի՝ պետք է նոր պայմանագիր կնքվի, ինչն այս պահին քննարկվում է։ «Պետք է հասկանանք իրավական կարգավիճակը, թե Ռազմական ոստիկանությունն ինչ կարգավիճակով է լինելու և կոնկրետ ինչ խնդիրներով է զբաղվելու։ Իմ անձնական տեսակետն այն է, որ Ռուսաստանն այստեղ պետք է ունենա Ռազմական ոստիկանության ստորաբաժանում, որը պետք է զբաղվի իրենց զինվորականների կարգուկանոնով, հանցագործությունների խնդիրներով։

Դրանցով մենք չէ, որ պետք է զբաղվենք, մենք չպետք է մտնենք 102-րդ ռազմաբազա և զբաղվենք իրենց կարգուկանոնով, կամ, երբ իրենց զինվորն ինչ-որ հանցագործություն է կատարում, դրանով մենք զբաղվենք։ Դա իրենց պարտավորությունն է, և իրենք պետք է զբաղվեն։ Թե ինչ քանակի մասին է խոսքը, քննարկումները ցույց կտան, բայց չեմ կարծում, թե դա մեծ քանակ է լինելու։ Հնարավոր է՝ 20 հոգի լինեն Գյումրիում, 5-ը՝ Երևանում, 5-ը՝ Մեղրիում, որովհետև այնտեղ էլ իրենք սահմանապահներ ունեն»։

Պատգամավորը որևէ վտանգ չի տեսնում. «Ռուսական ռազմական խմբավորումը մեր պետության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ինչ վերաբերում է պատմական անցյալին, ապա իրոք խնդիրներ ունեցել ենք՝ հայ բոլշևիկները պետք է ժամանակը չխառնեին, նրանք այդ շրջանում հավատում էին «Կարմիր հեղափոխությանը», իդեալիստներ էին և գտնում էին, որ ամբողջ աշխարհն է կարմրելու, բոլոր տեղերում հաղթելու է սոցիալիզմը, սահմաններն էական չեն լինելու, բայց պետք է փաստենք, որ Կարսը հայ բոլշևիկները չեն հանձնել, այլ մենք ենք զիջել, դրանից առաջ նույնը եղել է Ղարաբաղում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա 1921թ. Կովկասյան բյուրոյի՝ Ադրբեջանին Ղարաբաղը հանձնելու որոշումից առաջ այդ որոշումը կայացրել էին բրիտանացիները»։

Տեսանյութեր

Լրահոս