Կեմերովոյի 100-ամյակի առթիվ լոգոտիպը՝ բոցի լեզուներով, կփոխեն հրդեհից հետո
Կեմերովոյի իշխանությունները «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո հավանություն են տվել բնակիչների առաջարկությանը՝ փոխելու քաղաքի 100-ամյա հոբելյանի առթիվ ավելի վաղ հաստատված լոգոտիպը, որտեղ քաղաքի տարիքը նշված է բոցի լեզուների տեսքով:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքային վարչակազմում: «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո սոցիալական ցանցերում սկսել են քննարկել այդ խորհրդանշանի տեղին լինելու հարցը: Ինտերնետ-օգտատերերի մեծամասնությունը համաձայն է, որ «հուրհրատող» լոգոտիպն անհրաժեշտ է փոխել:
«Այո՛, մենք պաշտպանում ենք այդ նախաձեռնությունը, եւ այժմ այդ կապակցությամբ մեկնարկել է հասարակական կարծիքի հարցումը»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բնակիչներն իրենք կորոշեն, թե անհրաժեշտ է արդյոք տոնի պաշտոնական խորհրդանշանի նոր տարբերակ: Նաեւ հասարակայնության ներգրավմամբ է որոշվում այն հարցը, թե ինչ հուշավայր կազմակերպվի այրված առեւտրի կենտրոնի տեղում: Առցանց քգեարկությունն արդեն սկսվել է քաղաքի վարչակազմի պաշտոնական կայքում: