«Երևանում ապօրինի կերպով շրջում են շարժական արագաչափեր». Իրավապաշտպան
«Լինում են դեպքեր, որ ՀՀ քաղաքացիները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, բայց ստանում են վարչական ակտեր, դրանք հենց անօրինական ակտերն են»,- այսօր «ՃՈ տուգանքներ. ինչպե՞ս խուսափել անօրինական տուգանքներից ու ծուղակներից» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավաբանության արվեստը» փաստաբանական գրասենյակի տնօրեն Էդգար Հակոբյանը:
Հարցին՝ հաճա՞խ են նման անօրինական ակտեր գրանցվում, թե՞ դրանք բացառություններ են, Է. Հակոբյանը պատասխանեց, որ դրանք զգալի մաս են կազմում. «Ցավալի է, որ այդ ակտերը բողոքարկման վարույթում շատ քիչ են բեկանվում, այսինքն՝ գործը հասնում է դատական գործընթացների, որի պատճառով թե՛ դատարաններն են ծանրաբեռնվում, և՛ դա ծախսատար է, և՛ ժամանակատար է»:
Փաստաբան Անի Հալուլյանն էլ, պատասխանելով հարցին, թե երբ գործը հասնում է դատարան, հիմնականում ի օգուտ ՃՈ-ի՞ են վճիռներ կայացմում, թե՞ ի օգուտ վարորդների, ասաց, որ ակտերը բազմապիսի են լինում.
«Միանշանակ պատասխանել չեմ կարող: «Փարքինգ Սիթիի» կողմից կարմիր գծերի դեպքերով մեծամասնությունը վարորդը հաղթում է, քանի որ անօրինական են կարմիր գծերի տուգանքներն ի սկզբանե: Քաղաքապետարանը տուգանքի որոշումից հրաժարվում է մինչև դատական նիստերը: Ապացուցման պարտականությունը կրում է Երևանի քաղաքապետարանը, նա պետք է ապացուցի, որ 15 րոպեից ավելի տվյալ մեքենան կանգնած է եղել վճարովի կայանատեղիում՝ այն դեպքում, երբ իրենք ներկայացնում են ստատիկ 3 կամ 4 նկար, որտեղ, բացի գծերից՝ որևէ այլ բան չի երևում, տեսագրություն մեծամասամբ չեն ունենում, ինչից չի երևում՝ վարորդն այնտեղ քանի րոպե է կանգնել: Նման դեպքերում երբ դիմում են քաղաքապետարան, քաղաքապետարանը հիմնական դեպքերում որոշում է կայացնում՝ վարույթը կարճել»:
«Իմ իրավապաշտպանը» հ/կ նախագահ Քրիստ Հովսեփյան էլ նկատեց, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է բազմաթիվ ապօրինի խախտումներ: Նա անդրադարձավ շարժական արագաչափերին.
«ՃՈ-ն չունի հստակ վիճակագրություն, որ վթարների թիվը շարժական արագաչափերի բացակայության պատճառով աճ է գրանցել: ՃՈ-ն փետրվարի 8-ից սկսեց կիրառել շարժական արագաչափերն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում մահացությունների թիվմ ավելանում է: Իրենց հաղորդագրության համաձայն՝ շարժական արագաչափերը պետք է լինեին Երևանից դուրս՝ մարզերի ճանապարհներին, բայց նկատում ենք, որ դրանք Երևանում էլ են շրջում: Դրանք շրջում են ապօրինի կերպով. միացնում են իրենց վթարային ազդանշանները, որ մեքենան կայանել է ու գտնվում է վթարային իրավիճակում, ու լուսանկարահանում և տեսանկարահանում են իրականացնում: Նման որոշում իրավական ակտի տեսքով ոստիկանապետի կողմից չկա: Ստացվում է, որ շարժական արագաչափն ապօրինի բնույթ է կրում»: