Բաժիններ՝

«Մեր բյուջեն նվազել է գրեթե 17 մլն դրամով». «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի» տնօրեն

Վերջերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) խախտումներ է արձանագրել հանրապետության մի շարք հոգեբուժական կազմակերպություններում, այդ թվում՝ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում»:

Ըստ ՄԻՊ-ի զեկույցի, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում» կանանց բաժանմունքն առանձնացված չէ նարկոլոգիական բաժանմունքից:
Դրա համաձայն, առանձնացված կացարանային հատվածի բացակայությունն անթույլատրելի է. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար բավարար ու արժանապատիվ պահման պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է՝ կանանց պահել տղամարդկանցից անջատ:

Զեկույցում նաև նշվում է, որ դեռևս 2016 թվականին է արձանագրվել, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում» և´ կանանց, և´ տղամարդկանց բաժանմունքներում անձնական տարածքն ապահովված չի եղել:
Մասնավորապես, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կողպելու հնարավորություն ունեցող անձնական տարածություն չեն ունեցել:

«ԽԿԿ-ն (լրագրող՝ Խոշտանգումների և անմարդկային կամ Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ Պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) առաջարկել էր միջոցներ ձեռնարկել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում» պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց կողպելու հնարավորություն ընձեռող անձնական տարածություն ապահովելու ուղղությամբ, որտեղ նրանք կարող են պահել իրենց իրերը: Խնդիրը, սակայն, մինչ օրս լուծված չէ:
Լոգանքի հետ կապված՝ հոգեկան առողջության կենտրոններում ևս խախտւմներ են արձանագրվել:

Դրանցում հիվանդների լոգանք ընդունելու հնարավորությունները սահմանափակված են, և կազմակերպվում են որոշակի ժամանակացույցով, անգամ 10 օրը մեկ անգամ:
Զեկույցում նշված է, որ սանիտարահիգիենիկ պայմաննների հարցն առաջին հերթին՝ կապված է հոգեբուժական կազմակերպությունների որոշ հիվանդասենյակներում օդի աղտոտվածության հետ («Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», Արմաշի առողջության կենտրոն, Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսեր):

Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ հիվանդասենյակներում պահվում են գիշերամիզող պացիենտներ, որոնց համար տակդիրներ առկա չեն:
Հոգեբուժական կազմակերպությունների տնօրենների պատճառաբանությամբ, վերը նշվածը պայմանավորված է ոչ բավարար ֆինանսավորմամբ:
Հոգեբուժական կազմակերպություններում պահման անբարենպաստ պայմանները հիմնականում պայմանավորված են վերանորոգման ու հիմնանորոգման խնդիրներով: Գրեթե բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է վերանորոգման և մաքրման աշխատանքների կարիք:

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի» տնօրեն Նադյա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ մեկ տուփ ժամկետանց «Անալգին» են հայտնաբերել՝ նարկոլոգիական բաժանմունքում, որը դրված է եղել կողքի, և իրենք ժամկետանց դեղորայքի խոտանման կարգուկանոն ունեն ու չեն պատրաստվել այն տալ հիվանդներին:

««Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը» ստեղծվել է ավտոդպրոցի շենքում: Նախարարի, կառավարության, մարզպետի կողմից ընդունված շենքում նպատակահարմար են գտնել 65 մահճակալի պայմաններում գործունեություն ծավալել: Մահճակալները տեղավորելիս իրենք չտեսա՞ն, որ խտության չափը չի համապատասխանում որևէ սանիտարահիգիենիկ նորմի:

Մենք ունենք զսպման հրաշալի միջոցներ, որոնք Ֆրանսիայից ենք ստացել:
Երբ մեզ մոտ եկել են մոնիթշտորինգի, մենք ունեցել ենք 56 թե 57 հիվանդ, բնականաբար, ծանրաբեռնված աշխատել ենք: Սանիտարահիգիենիկ պայմանների մասին ասեմ, որ բացի մասնավոր հիվանդանոցներից՝ մեր հանրապետության որևէ հիվանդանոցում գրքի մեջ գրած սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանող տարածք հիվանդի համար գոյություն չունի: Շենքի պարագայում ես չեմ գտնում դրա լայնացման, ընդարձակման հրաշք ճանապարհը:

Իրենց գալու պահին մեր խոհանոցի ջրատաքացուցիչը չէր աշխատում: Արդեն 2-3 ժամ հետո հինը ոչ միայն վերանորոգված է եղել, այլև դրել ենք նաև երկրորդ, նորմալ գործող ջրատաքացուցիչը: Մեր ճաշարանում հիվանդները սնվում են միաժամանակ:
Ասում են՝ մեր գույքը հին է, այո´, հին է:

Որոշ գույք բերել ենք հին տնակային կառույցներից, շատ չնչին մասն ենք կարողացել գնել, քանի որ 2015 թվականի համեմատությամբ, նույն ծանրաբեռնվածության պայմաններում մեր կենտրոնի ֆինանսավորումն առանց որևէ մեկնաբանության պակասեցվել է 10 մլն դրամով, պատճառաբանելով, թե՝ փող չունենք, իսկ 2016-2017 թվականներին ֆինանսավորումը պակասեցվել է ևս 6.5 միլիոնով: Ընդհանուր առմամբ մեր բյուջեն նվազել է գրեթե 17 մլն դրամով:

Նման պայմաններում, երբ աշխատողների թիվը նույնն է, հիվանդների թիվը՝ ևս, նոր գույք գնելու հնարավորություն կարո՞ղ է լինել: Տարեկան 95% ծանրաբեռնվածությամբ աշխատող հիմնարկին իրատեսական բյուջե է պետք տրամադրել: Անցյալ տարի 4.5 միլիոն դրամի հիվանդ ենք պահել, քանի որ որևէ մեկին չենք մերժում, ստիպված ընդունում ենք, սակայն պետությունը չի ֆինանսավորել, ասել է՝ չպահեիք: Մենք ամիսը 55-56 հիվանդ ենք պահում, իրենք ասում են՝ 30 հիվանդ պահեք: Խաղերի մասին: Մենք ունենք շաշկի, շախմատ, լոտո, դոմինո, թղթախաղ, նարդի»,- ասաց Նադյա Վարդանյանը:

Կենտրոնում կանանց և տղամարդկանց բաժանմունքի առանձնացված չլինելու վերաբերյալ նշումների վերաբերյալ մեր զրուցակիցն առարկեց.

«Կանանց և տղամարդկանց բաժանմունքը լրիվ առանձնացված է: Այդ հարցը տվողին նախարարը պետք է պատասխաներ՝ հազար անգամ ներողություն եմ խնդրում մեր սխալի համար, որովհետև ավտոդպրոցի շենքը դարձրել եք երեք տարբեր կառույցների՝ նարկոլոգիական, նևրոզների և հոգեբուժության կենտրոն»:

ՄԻՊ-ի՝ Գյումրու հոգեբուժարանում արձանագրած խնդիրներին զուգահեռ՝ Շիրակի մարզում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը գնալով ավելանում է, մինչդեռ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում» նոր հիվանդներ ընդունելու սահմանափակ հնարավորություններ կան:

Շիրակի մարզում այդ հիվանդների աճի դինամիկան վկայում են փաստական տվյալները:

Եթե 2010 թվականին Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոնում» գրանցված հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը եղել է 3378, ապա 2011 թվականին՝ 3515:

Շիրակի մարզպետարանի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են հոգեկան հիվանդությամբ տառապող 5169 հիվանդ: Ըստ մասնագետների՝ հոգեկան հիվանդների թվի աճին որոշ չափով նպաստում են նաև սոցիալական խնդիրները:

Սոցիալ-տնտեսական խնդիրների աճին զուգահեռ՝ 8 տարվա կտրվածքով Շիրակի մարզում հոգեկան հիվանդների թիվն աճել է գրեթե 35 տոկոսով, ինչը բավական մեծ ցուցանիշ է: Ն.Վարդանյանի պարզաբանմամբ, երբ իրենց կենտրոն դիմող հիվանդներն անկառավարելի են լինում, նման անձանց խնամքը հոգեբուժարանն իր վրա է վերցնում.

«Երբ խնամող չունի, դեղորայքն ինքնուրույն չի խմում, քաղաքի փողոցներում իրենք իրենց վնասելով կարող են քայլել»:

Նշենք, որ բժշկական կազմակերպությունների վերաբերյալ որոշ հիվանդներ մտահոգություն են հայտնում, որ ստացիոնար բուժման մեջ գտնվելիս հիվանդներին բժշկական ծառայությունների մատուցումը պատշաճ կերպով չի իրականացվում:

Մասնավորապես, հիվանդանոցներում դեպքեր են լինում, երբ մի հիվանդասենյակում կարող է ստացիոնար բուժում ստանալ 11 հիվանդ: Այդ հանգամանքը երբեմն հիվանդների մոտ դժգոհությունների առիթ է տալիս. օդային տարածությունն է քիչ:

Այս խնդիրն առկա է եղել «Գյումրի ԲԿ»-ի հիվանդասենյակներից մեկում: Հիվանդների՝ որոշ հիվանդասենյակներում պահման նման ձևը հիվանդների մեծամասնության տեսանկյունից անընդունելի է: Որոշ դեպքերում նաև հիվանդանոցներում սպիտակեղենի մաքրության և այլ խնդիրներ են ի հայտ գալիս: Նման խնդիրներ առկա էին Գյումրու նախկին «Սամարիթեր» և այլ հիվանդանոցներում:

ՄԻՊ զեկույցի մանրամասները այստեղ.

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս