Բաժիններ՝

«Արտագաղթը կնվազի, եթե մեր երիտասարդներն ընտրեն ՏՏ ոլորտը, որտեղ կան աշխատատեղեր». Ամալյա Եղոյան

«Հայաստանն ամեն տարի վերածվում է սեփական լուծումներ ստեղծող երկրի։ Կառավարության կողմից ևս խթանվում է սեփական ընկերությունների ստեղծումը, ստարտափների ձևավորմանն ուղղված ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցները ևս աջակցում են հայկական սկսնակ ընկերություններին։

Նա նշեց, որ նախարարությունը ցանկանում է մարզերում խթանել արտապատվիրման շուկան, որովհետև մարզերի թիմերը, ըստ նրա՝ դեռևս չունեն այն հնարավորությունները, որ ունեն մայրաքաղաքի թիմերը՝ իրենց սեփական ընկերությունները զարգացնելու համար.

«Տեխնոլոգիական առումով ունեն հնարավորություններ, սակայն ստարտափ ընկերությունները միայն տեխնոլոգիական հնարավորություններով չեն աշխատում, կարևոր է միջավայրը, խորհրդատվությունը, ռիսկերի գնահատումը, ռիսկերը ճիշտ կառավարելու դասընթացները, և այլն։

Այսինքն՝ երբ ասում ենք, որ Հայաստանը դառնա սեփական արտադրանք տվող երկիր, կարևոր է շատ լավ իմանալ ոչ միայն ծրագրավորման լեզու, այլև՝ որ այդ նույն ընկերությունները նախ գնահատեն տեղական շուկայի պահանջը, հետո մտածեն գլոբալ շուկայի մասին, և դրա շուրջ կառուցվի լուծումը։ Դեռևս թերանում ենք այս հարցում։ Բայց այս ուղղությամբ ևս ԵՄ-ի, ՀԲ-ի, կառավարության կողմից քայլեր են իրականացվում, որպեսզի ձեռներեցության հմտությունները զուգահեռ գնան տեխնոլոգիական հմտությունների հետ»։

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ Հայաստանում այսօր խնդիր կա՝ ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավել ՏՏ ոլորտում. «Պետք է փորձենք կոտրել կարծրատիպերը, թե շատ կոչումներ ունենալու դեպքում է հնարավոր պատրաստել մրցունակ կադրեր։ Այսօր Հայաստանն ունի արտագաղթի նվազեցման կարիք, իսկ արտագաղթը կնվազի, եթե մեր երիտասարդներն ընտրեն այն ոլորտը, որտեղ կա աշխատատեղ, որը կարող է Հայաստանը դիրքավորելով որպես բիզնես երկիր՝ նոր պատվերներ բերել Հայաստան»։

Ամալյա Եղոյանն ընդգծեց՝ ՏՏ ոլորտը չի կարող իզոլյացված լինել մյուս ոլորտներից. «Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով պետք է նպաստենք տնտեսական հզորացմանը։ Շատ կարևոր է, որ Հայաստանում ստեղծված այն լուծումները, որոնք վաճառվում են դրսում, կիրառվեն նաև Հայաստանում, այն ոլորտներում, որոնք զարգացած են, օրինակ՝ տեքստիլ, գինեգործություն, և այլն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս