«Սրացումներ թույլ չտալու համար պետք է Ալիևին և ամբողջ Ադրբեջանին հասկացնել, որ Հայաստանն այսօր ավելի հզոր է, քան երբևէ». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր ժամանակահատվածում։

«Մի քանի տարի առաջ, երբ կնքվեց Միջուկային համաձայնագիրը, մենք ուրախացանք,  բայց հիմա տեսնում ենք, որ Թրամփի ադմինիստրացիան նոր նշանակումներով ավելի նպաստելու է, որ նորից Իրանը հայտնվի փակուղային իրավիճակներում։ Թուրքիան նախաձեռնում է գործողություններ Միջին Արևելքում՝ փորձելով իր դիրքերն ամրապնդել։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան թիրախավորել է քրդերին, շատ փորձագետներ նշում են, որ Աֆրինից հետո կարող են Սիրիայի հայաբնակ շրջանները լինել Թուրքիայի թիրախում, ինչը մեզ համար խնդիրներ կառաջացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Պողոսյանի՝ այս ժամանակաշրջանում, երբ այնտեղ ընտրություններ են սպասվում, Ալիևն ամենաանկանխատեսելին է. «Դա նշանակում է, որ մենք պետք է զգոն և ուշադիր լինենք, թույլ չտանք, որ սադրանք տեղի ունենա, հատկապես, որ հաջորդ շաբաթ Սուրբ Զատիկի տոնակատարությունն է, իսկ Ադրբեջանը միշտ փորձում է մեր տոներին սրացումներ անել։ Բացի այդ՝ ապրիլի 2-ն է լինելու, ինչը փորձելու է ներկայացնել՝ որպես իր հաղթանակ, և Աստված գիտի՝ ինչեր կարող են լինել»։

Պողոսյանի խոսքով՝ միակ ուժը, որ կարող է թույլ չտալ սրացումներ, հենց հայկական կողմն է, իսկ սրացումներ թույլ չտալու համար պետք է Ալիևին և ամբողջ Ադրբեջանին հասկացնել, որ Հայաստանն այսօր ավելի հզոր է, քան երբևէ։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին, ասաց, որ այն հաջողված էր. «Ժամանակին ես եղել եմ Արցախի ներկայացուցիչն ԱՄՆ-ում և նախապատրաստել եմ Արկադի Ղուկասյանի այցը։ Մենք ամեն անգամ կարողանում ենք ավելի նոր էլեմենտ մտցնել, ավելի լայն լսարան ներգրավել, ինչը հնարավորություն է տալիս Արցախի մասին խոսել, ներկայանալ։ Նախկինում եղել են հանդիպումներ Կոնգրեսում, բայց չի եղել ելույթի հնարավորություն։

Այցը դիտարկել միայն Վաշինգտոն, սխալ կլինի, մենք ավելի շատ պետք է ներկայացնենք՝ որպես միջազգային այցելություն ԱՄՆ և Լիբանան։ Ամեն անգամ շեշտելով, որ աշխարհագրությունն ընդլայնվում է։ Մենք ունենք հնարավորություններ՝ ձևավորելու դաշտն այնպես, որ մյուս համանախագահող երկրները նույնպես բաց լինեն այդ տեսակի այցելությունների համար»։

Տեսանյութեր

Լրահոս