Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այսպես, Գ. Ղ.-ն հաղորդում է տվել, որ նախկին ամուսին Ա. Վ.-ն տևական ժամանակ չարամտորեն խուսափել է դատարանի կողմից իրենց երեխաների համար սահմանված ալիմենտը վճարելուց:
Հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունքում 03.11.2012թ.-ին հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում հիշյալ բաժանմունքի հարկադիր կատարողը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, միջոցներ չի ձեռնարկել Ա. Վ.-ի իրական եկամուտների չափն ու աշխատանքի վայրը պարզելու ուղղությամբ, որի հետևանքով պարտապանի միջին ամսական աշխատավարձից 130.000 ՀՀ դրամ բռնագանձելու փոխարեն անչափահաս երեխաների օգտին բռնագանձվել է ընդամենը 50.000 ՀՀ դրամ: Արդյունքում` 2012թ.-ի նոյեմբերից մինչև 2017թ.-ի սեպտեմբերը որպես ալիմենտ չի բռնագանձվել ավելի քան 5.000.000 ՀՀ դրամ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մյուս քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձը դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքն իր որոշմամբ վերացրել է:
Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի վրա: Սակայն 21.02.2018թ.-ին պարտապանի ներկայացուցիչը ԴԱՀԿ ծառայություն է դիմել արգելանքը վերացնելու խնդրանքով` միաժամանակ ներկայացնելով հիշյալ անշարժ գույքի նկատմամբ որևէ գործարք չկնքելու պարտավորագիր:
Դրանից հետո ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձն առանց օրենքով սահմանված հիմքերի որոշում է կայացրել վերացնել պարտապանի գույքի վրա դրված արգելանքը: Օգտվելով դրանից` պարտապանը որոշման հաջորդ իսկ օրն արգելանքից հանված անշարժ գույքը օտարել է ուրիշի, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Եվս մեկ քրեական գործ էլ քննվում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից դատական ակտը տևական ժամանակ չկատարելու դեպքի վերաբերյալ:
Այսպես, դատարանի կողմից կայացրած վճռով Հ. Գ.-ին պարտավորեցվել է փոքրահասակ որդուն հանձնել նախկին կնոջ խնամքին: Ըստ այդմ, 12.06.2017թ.-ին դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում կատարողական վարույթ է հարուցվել, սակայն դրա շրջանակներում ԴԱՀԿ աշխատակիցները շուրջ 9 ամիս է որևէ գործողություն չեն ձեռնարկել դատարանի վճիռը կատարելու` երեխային մորը հանձնելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: