Ինչ առաքելությամբ էին Երևան ժամանել Կոսաչովն ու Զատուլինը
Չնայած ՌԴ ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հագեցածությանը, վերջին շրջանում ՌԴ Դաշնային ժողովի երկրորդ պատվիրակությունն է ժամանում Երևան:
Ուշագրավն այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության համար ամենազգայուն հարցի` ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ տևական լռությունից հետո երկու պատվիրակությունները իրար հետևից այս հարցի առնչությամբ աչքի ընկան ՀՀ իշխանությունների և հասարակության համար ականջահաճո հայտարարություններով:
Մարտի 14-ին Երևանում էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ով, ըստ էության, դարձավ առաջին ռուս պաշտոնյան, ով ընդգծեց, որ ՌԴ-ն չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանում լրագրողների հետ զրույցում Կոսաչովը նշել էր, որ ՌԴ-ն իրականացնում է միայն այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր Կ. Կոսաչովը:
Իսկ նախօրեին Երևանում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե 2016 թ. իրադարձություններից հետո 2 տարի է անցել, բայց ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին, ավելին՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ վերադարձնելու է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Զանգեզուրը, որովհետև «դրանք իրենց պատմական հողերն են», Կ. Զատուլինը պատասխանեց, որ Ադրբեջանին զենքի մատակարարում, իսկապես, եղել է, բայց դա արվել է արդեն վճարված և նախկինում կնքված պայմանագրերի համաձայն:
«Հայաստանին դրանք տրամադրվել են այլ պայմաններով: Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա ասեմ, որ ես կցանկանայի մաքսիմալ կոռեկտ արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ վաղը կկարդամ իմ մեկնաբանություններն Ադրբեջանի ԶԼՄ-ներում: Ադրբեջանի հարգելի նախագահը թուլացրել է իր դիրքերը՝ միջազգային հանրության առաջ նման հայտարարություններ անելով:
Դրանք, հավանաբար, ներքին լսարանի համար են արվել, ընտրություններից առաջ, բայց չեմ կարծում, թե այն քննադատությանը կդիմանա պատմական, քաղաքական և այլ տեսանկյուններից: Պարզ չէ, թե ով կարող էր լուրջ վերաբերվել այս մտքերին»,- նշեց Կ. Զատուլինը:
Հետաքրքրական է այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հասարակության դժգոհություններին ի պատասխան՝ ռուս-ադրբեջանական զենքի գործարքների «կնքահայր», ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այդ դժգոհություններն անվանել էր «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:
«Երբ մենք զինամթերք ենք մատակարարում, մենք հստակ գիտենք, որ կա որոշակի բալանս, և այդ բալանսը հենց պատերազմը լուրջ հակամարտության վերածելու զսպող գործոնն է։ Հենց որ մենք այդտեղից հեռանանք, հենց որ մենք դադարենք լինել Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերը, այնտեղ քաղաքականության մեջ ավելի կատարելագործված տղաներ կհայտնվեն, որոնք իրական ջարդ կկազմակերպեն»,- նշել էր նա: Ռոգոզինը նաև ասել էր, որ ոչ թե զենքն է կրակում, այլ մարդիկ։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված ռուսական կողմի դիրքորոշումների անակնկալ փոփոխությունը: Նա նշեց, որ այցերը և նման հայտարարությունները պատահական չեն: Մալաշենկոյի դիտարկմամբ՝ այս հայտարարությունների ուղերձը մեկն է` ՀՀ-ն արժեքավոր գործընկեր է և հաշվի է առնվում ՌԴ-ի կողմից:
Մալաշենկոն, ով վստահ էր, որ չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը շարունակվելու է, այս հռետորաբանության ներքո դիվանագիտություն է նկատում:
Ըստ նրա, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պահանջի դեպքում Ռուսաստանը մերժի զենք վաճառել, հատկապես, երբ ՌԴ-ի համար դժվար ժամանակներում սպառազինության վաճառքը մեծ եկամուտներ է ապահովում: Մալաշենկոյի կարծիքով, ռուս-ադրբեջանական բոլոր նախկին գործարքներն ավարտվել են, նոր առաջարկներ դեռ չկան կարծես, և ՌԴ-ն կարող է փորձ անել մեղմել Հայաստանում տիրող կոշտ հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են նաև այս խնդրով:
«Սակայն այստեղ մեկ ուրիշ հանգամանք ևս կա: ՌԴ դիվանագիտությունը նկատում է, թե ինչպիսի ծավալուն արտաքին քաղաքական աշխատանք է նախատեսում սկսել Թրամփի վարչակազմը, բոլոր փոփոխությունները, Ռուսաստանի դեմ տարվող արշավն ու ռուս-ամերիկյան բանակցությունների պատրաստակամությունն այդ մասին են վկայում: Պոմպեոյի նշանակումը Ռուսաստանին կարող է անակնկալի բերել, ուստի դիվանագետները պետք է հող նախապատրաստեն հնարավոր քայլերի համար:
Ապրիլյան պատերազմից հետո գործնականում նկատվեց միտումը, որ Ռուսաստանը նկատել է հավասարակշռության բացակայությունը ռեգիոնում, փորձելով ուղղել իր սխալները: Կարծում եմ` «ստորջրյա քարեր» այս ամենում փնտրել պետք չէ առանձնապես, քանի որ մասամբ սպառազինության գործարքները նախկին տեսքով այլևս չեն կարող շարունակվել, բայց Ադրբեջանը տարածաշրջանում ևս կարևոր և վճարելու պատրաստ գործընկեր է Ռուսաստանի համար:
Սակայն Ռուսաստանի ԵԱՏՄ գործընկեր Հայաստանը շատ ավելի կարևոր է, Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը և չի կարող դրա խախտողը դառնալ: Կարծում եմ` սա են հասկացել իշխանությունները»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն:
Հարցին, թե ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներ այլևս չե՞ն լինելու, Մալաշենկոն պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կվաճառի զենք Ադրբեջանին: Սակայն, նրա դիտարկումների համաձայն, Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է՝ հօգուտ Հայաստանի, քանի որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները:
Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ ՌԴ Պետդուման ակտիվացրել է այցերը ՀՀ ԱԺ, քանի որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ում:
Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է բոլոր դեպքերում վերահսկել իր գործընկերների շփումները Միացյալ Նահանգների հետ, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այսօր այնքան էլ դրական փուլում չեն: «Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ը կարող է փորձել մերձենալ Հայաստանի հետ, սահուն գործընթացներ նախաձեռնել և այն սկսել խորհրդարանական շփումներից, որին ռուս պաշտոնյաներն աչալրջորեն են վերաբերվում»,- ասաց Հալբախը:
Ինչ վերաբերում է սպառազինության վաճառքի վերաբերյալ նրանց հավաստիացումներին, ապա, ըստ նրա՝ ռուսական կողմը փորձում է Հայաստանում վերջ դնել հակառուսական տրամադրություններին՝ հասկանալով, որ դրանք Հայաստանին կարող են ուղղորդել Արևմուտքի ուղղությամբ:
«Ռուսաստանը թույլ տվեց, որպեսզի Հայաստանը ստորագրի համաձայնագիր Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն անտարբեր է, և Ռուսաստանին չեն մտահոգում ՀՀ-Արևմուտք հարաբերությունները: Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը դրական է նաև հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանի համար»,- ասաց Հալբախը:
Նրա կարծիքով, ՌԴ-ն նմանատիպ հայտարարություններից հետո չի կարողանա Ադրբեջանին զինել հարձակողական սպառազինությամբ այնպես, ինչպես նախկինում: «Հայաստանի կարևորությունն է փոխվել Ռուսաստանի համար՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, հետևաբար՝ փոխվել է նաև Ռուսաստանի վերաբերմունքը: Եթե այդ հարաբերությունները շարունակեն խորանալ, հայ-ռուսական հարաբերությունները ձեռք կբերեն այն դինամիկան, որն անհրաժեշտ է հայկական կողմին»,- ասաց գերմանացի վերլուծաբանը: