Որ երկրներն ամենաուժեղ բանակները կունենան ապագայում
2030 թվականին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Չինաստանը ամենահզոր ցամաքային բանակները կունենան աշխարհում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, գրել է ռազմական փորձագետ Ռոբերտ Ֆառլին The National Interest-ի համար հոդվածում։ Ֆառլիի կարծիքով, ամերիկյան բանակը 12 տարի անց կմնա աշխարհի «ոսկե ստանդարտը»:
Սառը պատերազմի ավարտից հետո Պենտագոնը մարտական գործողությունների զգալի փորձ է կուտակել, այդ թվում՝ Իրաքում եւ Աֆղանստանում: Ընդսմին, ինչպես նշում է փորձագետը, ամերիկացիներն ունեն հսկայական ռազմական բյուջե եւ անօդաչու թռչող սարքերի աշխարհում ամենամեծ հավաքակազմը, որոնք թույլ են տալիս հավաքել ճշգրիտ հետախուզական տվյալներ եւ դիպում հարվածներ հասցնել:
Ռուսաստանի զինված ուժերն իրենց հերթին ծանր շրջան ապրեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ասվում է հոդվածում: Ֆառլին գրում է, որ պատշաճ ֆինանսավորման շնորհիվ ռուսական բանակը, մասնավորապես, նրա էլիտային ստորաբաժանումները, վերածնվել են եւ այժմ «վախեցնում են հարեւաններին իրենց չափերով ու պատրաստվածությամբ»:
«Ռուսական բանակը մահացու ուժ կմնա 2030 թվականին, բայց, այդուհանդերձ, կունենա լուրջ խնդիրներ: Ապագայում տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը կարող է լուրջ խնդիր դառնալ»,-նշում է Ֆառլին: Բացի այդ, հոդվածում ասված է, որ Եվրոպայի երկրներից հզոր զինված ուժերը կպահպանի միայն Ֆրանսիան:
Հնդկաստանը, նշում էփորձագետը, մրցակիցներից հետ է մնում ռազմական տեխնոլոգիաների հարցում, սակայն միջոցներ չի խնայում դրանք ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Եվրոպայից ձեռք բերելու համար, ուստիեւ օգտվում է ժամանակակից գրեթե բոլոր նմուշներից:
Չինաստանի ցամաքային բանակն իրական մարտական գործողությունների փորձի պակաս ունի, բացի այդ, այն, ի տարբերություն օդուժի ու նավատորմի, ավելի քիչ է ֆինանսավորվում, գրում է Ֆառլին: Ընդ որում Պեկինը «գործնականում անսահմանափակ կենդանի ուժ» ունի: