«Մեր ամբողջ գումարը գնում է Վրաստան, հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ամեն ինչ լավ այդ երկրում». Սամվել Զաքարյան
Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ընտրած քաղաքականությունը հեռանկարային է և իրատեսական մի քանի տարի հետո.
«Դեղատոմսի առկայությունն անհրաժեշտություն է պրակտիկ բժշկի համար, սակայն դեղատոմսի որոշման կիրառելիությունը մեծ խնդիրներ է առաջացնում պրակտիկ բժիշկների համար, առաջացնում է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Այժմ ունենք դեղատոմսի նոր ձևաչափ, որը սահմանափակում է մեզ երկու դեղով, այնինչ՝ այդ երկու դեղերը կարող է դեղատնում չլինեն։ Մեզ ասում են, որ կա բազմակի օգտագործման դեղատոմս, այսինքն՝ մենք պետք է մեր բոլոր հիվանդներին հարցնենք՝ արդյո՞ք բոլոր դեղերը ձեռք բերելու գումար ունեք, և չունենալու պարագայում նոր գրենք բազմակի օգտագործման դեղատոմս, ինչն էթիկապես սխալ է»։
Նա նկատեց՝ որպեսզի պրակտիկ բժիշկը հակաբակտերիալ դեղամիջոց նշանակի, անհրաժեշտ է փաստական հիմք՝ բակտերիոլոգիական քննություն, որից, ըստ նրա՝ զրկված են գրեթե բոլոր պոլիկլինիկաները. «Այդ քննությունը կատարվում է հիվանդի ֆինանսական միջոցներով, և սխալ է ասել, թե դա ոչ մի ֆինանսական բեռ չի ավելացնում։ Դեռևս բոլոր ընկերությունները չէ, որ ունեն GMP հավաստագիր։ Նույնիսկ այն ընկերությունները, որոնք չեն արտադրում դեղորայք, այլ ներմուծում են, չունեն GDP և GSP հավաստագրեր։
Նույնիսկ GSP ստանդարտ չկա մեր մաքսային կետում։ Նոր որոշման մեջ կան բացեր՝ կապված նրա հետ, թե բժիշկն ինքն իրեն կարո՞ղ է դեղորայք նշանակել, եթե այո, ապա ինչ քանակությամբ։ Դա բերում է ռիսկայնություն, որ բժիշկը ձեռք կբերի իր համար նախատեսված դեղորայքը և կվաճառի այն, ինչն ընդունելի չէ»։
Դեղատոմսի պատճենահանման մասով նա նշեց, որ կարելի է նույն դեղատոմսը 50 օրինակով պատճենահանել, տարբեր դեղատներից գնել այդ դեղերն ու ունենալ դեղորայքի մեծ պաշար. «Դեղատոմսի կորստի դեպքում ևս չկա կարգավորող մեխանիզմ»։
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատիկի բոստանը չէ. «Ունենք միջազգային օրենքներով ընդունված բոստան, որտեղ տարբեր բանջարեղեններ են աճեցվում, բայց ժամանակ առ ժամանակ որոշումներ են ընդունվում, որոնք, օրինակ՝ կտրում են բոստանի ջուրը կամ թողնում, որ մոլախոտեր աճեն։ Բոլոր քննարկումները պետք է լինեին մինչև նման որոշում ընդունելը, ոչ թե դրանից հետո։ Հերիք է էքսպերիմենտներ անեք այս երկրի օրենքների, քաղաքացիների վրա»։
Նա նշեց, որ հայերը հիմա Վրաստան են գնում բուժվելու. «Վերադառնալիս էլ այնտեղից են դեղեր առնում, և ամբողջ մեր գումարը գնում է Վրաստան, հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ամեն ինչ լավ այդ երկրում»։