«Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների սպառնում է ռեադմիսիա». Գագիկ Եգանյան

Եվրամիությունից Հայաստանի` անօրինական միգրանտների արտահանձնման դեպքերը տարեցտարի ավելանում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն` անցած տարի ԵՄ երկրներից ստացվել է 869 ռեադմիսիոն հայց՝ 1743 անձանց համար այն դեպքում, երբ 2016-ին եղել է 230 հայց՝ 449 անձի համար, 2015-ին` 110 հայց՝ 220 անձի համար, 2014-ին եղել է 68 հայց՝ 166 անձի համար, իսկ 2013թ.-ին ԵՄ երկրներից ռեադմիսիայի որևէ հայց չի եղել:

ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն (առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման) համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.: Այժմ անցում է կատարվում դրա ակտիվ իրականացմանը: Օրերս ՀՀ կառավարության կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը հավանություն տալուց հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ռեադմիսիայով է պայմանավորված ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը, քանի որ ԵՄ-ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված իր խնդիրներով և շատ նրբանկատ է այդ հարցերին:

«Բայց դա մենք խոչընդոտ չենք համարում և աշխատում ենք այդ ուղղությամբ: ԵՄ պետությունները շահագրգիռ են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների, այսինքն` մեկնողը վերադառնա»,- ասել էր փոխնախարարը:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի հետ անկանոն միգրանտների ինքնությունը ճշտելու և վերադարձի գործընթացը կազմակերպելու հարցում և դրա համար հստակ ժամկետներ ու ձևաչափեր են սահմանված:

«Դա վիզաների ազատականացման գործընթացի հակառակ կողմն է: Եթե չլինի ռեադմիսիոն համաձայնագրի արդյունավետ կիրարկում, ակնկալել վիզաների ազատականացումն իրատեսական չէ,- ասաց Գ.Եգանյանը` մեջբերելով եվրոպական գործընկերների կարծիքը, որոնք խիստ բարձր են գնահատում ՀՀ-ի կողմից գործադրված ջանքերը համաձայնագրով նախատեսված ժամկետներում և ողջ ծավալներով ռեադմիսիոն հայցերին պատասխանելու ուղղությամբ,- Բարձր են գնահատում ինչպես՝ առանձին երկրների ներկայացուցիչները, ում հետ աշխատում ենք, այնպես էլ՝ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումները, ինչը վերջին անգամ արձանագրվել է Բրյուսելում այս տարվա հունվարին կայացած ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում ստեղծված համատեղ հանձնախմբի հերթական նիստի ժամանակ»:

Ըստ նրա` Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների սպառնում է ռեադմիսիա, և այդ հայցերի թիվը տարեցտարի ոչ թե կրկնապատկվում, այլ բազմապատկվում է, և ընդլայնվում երկրների աշխարհագրությունը: Ծառայության պետը նշեց, որ յուրաքանչյուր հայց մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվում ոչ միայն իրենց, այլև պատկան այլ մարմինների կողմից, մասնավորապես` Անձնագրային և վիզաների վարչության, Ազգային անվտանգության, Արտաքին գործերի նախարարության:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ռեադմիսիան «լուրջ խնդիր» որակեց: Նրա կարծիքով` ՀՀ քաղաքացիների և պետության շահերից է բխում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շուտ վավերացվի:

«Վիզայի ազատականացման գործընթացի ժամանակ, ակնհայտ է, կլինեն շատ խնդիրներ, որովհետև վիզայի ազատականացումն այդպես չի լինում հեշտ: Վիզայի ազատականացումն իր մեջ պարունակում է, օրինակ, հակախտրականության դեմ օրենսգրքի ընդունում, առևտրի ոլորտում առաջընթաց, սահմանների պաշտպանության, մարդկանց տվյալների պաշտպանության ուժեղացում, բայց կարևորագույն բաղադրիչը ռեադմիսիայի հետ է կապված:

Ի՞նչ է դա նշանակում: Եվրոպացիներն ասում են, որ՝ ազատ վիզայի, ի վերջո, կգանք ձեր հետ, եթե բարեփոխումներ անեք, բայց դուք պետք է հետ ընդունեք այն մարդկանց, որոնք ուզում են անօրինական մնալ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին մտնում է Եվրոպա ու փորձում անօրինական մնալ, մենք պետք է իրեն հետ վերցնենք: Եվ այդ ռեադմիսիայից շատ բան է կախված, թե ինչքանով կաշխատի:

Կան մարդիկ, որոնք անօրինական մտել են Եվրոպա, կան մարդիկ, որոնք ուզում են անօրինական մնալ, և այստեղ է աշխատանքը գնում: Բայց վերջին ժամանակներս միտում կա, որ բավականին մեծ թվով մարդիկ, որոնք օրինական վիզա են ստացել, մի քանի անգամ օրինական եղել են այնտեղ, փորձում են մնալ: Պարզ է, իրենց իրավունքն է, որ ուզում են ապաստան ստանալ, այսինքն` ասում են, որ Հայաստանում խնդիրներ կան, և ինքն ուզում է մնալ:

Այդ մարդկանց թիվը շատ կտրուկ աճել է, խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր մարդկանց մասին է վերջին 5 տարում: Ու ԵՄ-ն ուզում է հասկանալ, թե դա ինչի հետ է կապված, ուսումնասիրում և քննարկում են մեր կառավարության հետ: Այսինքն` ոչ թե անօրինական միգրանտների մասին է խոսքը, այլ մարդիկ, որոնք փայլուն կենսագրություն ունեն, օրինական վիզա են ստացել, բայց ապաստան են խնդրում: Եվրապացիները փորձում են հասկանալ, թե ինչի հետ է դա կապված, որպեսզի վաղը, երբ վիզային ռեժիմն ազատականացվի, մեծ հոսքեր չլինեն:

Այդ պրոցեսը դրական հունով գնում է, բայց կարող են լինել խնդիրներ: Եվ այստեղ ԵՄ-ի համար կարևոր է ռեադմիսիան, որպեսզի դու այդ մարդկանց բոլորին ընդունես»,- ասաց Ս.Գրիգորյանը:

Ըստ նրա` ռեադմիսիան դրական է նաև Հայաստանի համար, որովհետև մեզ ձեռնտու է, որ մեր քաղաքացին չփախչի Եվրոպա, կամ, երբ մտնում է անօրինական, վերադառնա.

«Կարևոր է կարգավորել իրավիճակը, ոչ թե թողնել ինքնահոսի, երբ մարդիկ ցանկացած ձևով փախչում են, անձնագիրը պատռում են, թաքցնում իրենց ինքնությունը, այլ ազգություն վերցնում, որպեսզի չբացահայտվեն: Վիզաների ազատականացումը նաև կբերի նրան, որ որոշ չափով մարդիկ կփորձեն օրինական մնալ, բայց վախենալ պետք չէ դրանից, քանի որ, եթե ամեն ինչ օրինական ես անում, ու որոշ քաղաքացիներ մնում են Եվրոպայում, դու նրանց չես կորցնում:

Անօրինական միգրանտները չարքաշ կյանքով, վախենալով պետք է ապրեին: Ո՞ւմ է դա պետք: Իսկ արտահանձնված քաղաքացիների համար այստեղ ծրագրեր են իրականացվում, որպեսզի հեշտորեն ինտեգրվեն հասարակությունում»:

Տեսանյութեր

Լրահոս