«Երբ նշանակվի նոր հանձնաժողովը, պարոն Շաբոյան, դուք չպետք է լինեք դրա անդամ». Էդմոն Մարուքյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

«Գործող հանձնաժողովի նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը կկաշկանդի, և մարդը կսկսի կատարել կուսակցության պատվերները, և հանձնաժողովն անկախ չի գործի։ Մինչդեռ 2 տարի առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց հակակոռուպցիոն փաթեթ, որը մերժվեց։ Ի՞նչ էինք մենք առաջարկում։ Մենք առաջարկում էին ապակուսակցականացնել հանձնաժողովը և պնդում էինք, որ քանի որ Արտակ Շաբոյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, նա չի կարող Հանրապետական կուսակցության մյուս անդամներին, որոնք պատգամավորներ են կամ չեն, հետապնդել տնտեսական մրցակցության պաշտպանության լույսի ներքո և մրցակցությունը պաշտպանել։ Հիմա նույն մարդն էս ամբիոնից ասում ա՝ դա անթույլատրելի ա, խայտառակության ա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ քանի որ իրենց խմբակցության անդամ Արամ Սարգսյանը կողմ է և ասում է, որ օրինագիծն առաջընթաց է գործողի համեմատ, իրենք ևս կողմ կքվեարկեն։

«Բայց ես կարծում եմ՝ նոր հանձնաժողովը երբ նշանակվի, պարոն Շաբոյան, դուք չպետք է լինեք դրա անդամ՝ ձեր իսկ այս ամբիոնից ներկայացրած պնդումների հիման վրա, չնայած այդ պնդումներն իրականության մեջ ոչ մի կապ չունեն ազատ մրցակցության կամ անկախ մարմնի հետ»,- ասաց Է.Մարուքյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս