Շիրակի մարզում իրականացվելու են 11,5 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ
Շիրակի մարզում, Գյումրի քաղաքի փողոցները ներառյալ, 2018թ. իրականացվելու է 11,5 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ նպատակով այս տարի ավելի շատ գումար է հատկացվել, քան նախորդ տարի:
Ըստ Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի, այդ գումարից 6 մլրդ 650 միլիոնը «Հյուսիս-Հարավ» մայրուղու Շիրակի մարզի՝ Լանջիկ-Գյումրի, ճանապարհահատվածի շինարարության համար է ծախսվելու, 647 միլիոնը՝ Վահրամաբերդի ճանապարհի հիմնանորոգման, 2 մլրդ 230 մլն դրամ՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ծրագրով Գյումրու փողոցաշինությանն է հատկացվելու, 900 միլիոն դրամ՝ Գյումրու Վարդանանց հրապարակի՝ հարակից փողոցներով շինարարության իրականացման համար է, մարզի ճանապարհների սպասարկման համար շուրջ 770 միլիոն դրամ է հատկացված, որից 615 միլիոնը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
Խաչատուր Խնձրցյանի խոսքով, մարզային նշանակության մեկ ճանապարհ՝ Հովհունու և Վահրամաբերդի հատվածում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավման ծրագրով է վերանորոգվելու, աշխատանքները սկսվել են, պայմանագրային ժամկետ սահմանված է 9 ամիս:
Ինչ վերաբերում է դեպի Արփի լիճ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, ապա, ըստ Խ. Խնձրցյանի, ապրիլի 1-ից կսկսվեն ճանապարհների սպասարկման աշխատանքները, հնարավորության դեպքում ավազակովշային եղանակով այդ ճանապարհահատվածը կբերվի բավարար մակարդակի:
«Այդ ճանապարհը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակա ճանապարհ է, ձմեռային սպասարկման տակ էր: Ձնհալից հետո կհանձնարարենք կապալառուին բավարար մակարդակի բերել ճանապարհը, բայց միայն ավազակովշային հիմքով: Ամասիայի և Աշոցքի ճանապարհների մեծ մասն հենց այս հիմքով են հիմնանորոգվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս նշեց, որ ունենք 54 երթուղիներ, այժմ մեկ համայնք կա, որը չի սպասարկվում ներմարզային երթուղային ցանցի միջոցով, դա Արփի համայնքն է.
«Ոչ բավարար ուղևորահոսք լինելու և երթուղին շահութաբեր չլինելու պատճառով այս ճանապարհահատվածն այս պահին չի սպասարկվում»,- ասաց Խ.Խնձրցյանը:
Նշենք, որ դեպի Արփի լիճ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի այստեղ տուրիզմի զարգացման համար:
Ինչ վերաբերում է Ռուսթավելի փողոցում առկա թերություններին, մարզպետարանի պաշտոնյան նշեց, որ այն հիմնադրամն է վերանորոգել իր միջոցներով.
«Բնական է՝ հիմնադրամի գործառույթների մեջ եղել է այդ վերահսկողությունը, նախագծողներն են վերահսկել, առկա է եղել տեխնիկական հսկողություն, երաշխիքային ժամկետում առաջացած թերություններ են, որոնք կապալառուն պարտավոր է վերացնել»:
Թե ի՞նչ բնույթի շինաշխատանքներ են իրականացվելու Գյումրու Վարդանանց հրապարակում, 168.am-ը կփորձի պարզել Գյումրու քաղաքապետարանից:
Նշենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակն ասֆալտապատվել է դեռևս 2013 թվականին՝ 100 միլիոն դրամից ավելի գումարի շրջանակներում:
Գյումրիում իրականացվող փողոցաշինական և ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ Խաչատուր Խնձրցյանը տեսակետ էր հայտնել, որ կատարված լաբորատոր ստուգումների համաձայն, շինաշխատանքների ժամանակ օգտագործվող ասֆալտը համապատասխանում է նորմատիվային և նախագծանախահաշվային փաթեթում նախատեսված պահանջներին: 2013 թվականին Գյումրու փողոցների շինաշխատանքներն իրականացնում էր «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն:
Չնայած ասֆալտի որակի վերաբերյալ հավաստիացումներին, Վարդանանց հրապարակի ասֆալտապատումից կարճ ժամանակ անց դրա վրա ճաքեր առաջացան, սա՝ այն դեպքում, երբ այն ընդամենը 5 տարվա կյանք ունի:
Ըստ մասնագետների, ճաքերի առաջացման հնարավոր պատճառներից մեկն այն է եղել, որ ասֆալտի բաղադրության մեջ օգտագործված մազութի քանակը չի համապատասխանել նորմերին, այն քիչ է եղել, ինչի պատճառով ասֆալտը կարող էր կորցնել իր ամրությունը:
Մեկ այլ դիտարկման համաձայն, մազութի որակն է վատը եղել:
Շինարարների պարզաբանմամբ, հնարավոր է՝ ասֆալտի բաղադրության մեջ մտնող ավազի որակը լավը չի եղել, կամ դրա մեջ առկա է եղել հողային խառնուրդ:
Իր հերթին՝ ամառ-ձմեռ ջերմային տատանումների պատճառով ասֆալտը կծկվել ու ընդարձակվել է, ինչի պատճառով դրա վրա ճաքեր են առաջացել:
Այս պարագայում համապատասխան ոլորտի պաշտոնյաների այն պնդմանը, թե փողոցների ասֆալտապատման աշխատանքների ժամանակ իրականացվում է որակի վերահսկում, տեխնիկական ստուգում և վերահսկողություն նաև կապալառու կազմակերպության կողմից, բավարար հիմք չի կարող հանդիսանալ իրականացվող շինաշխատանքների և ասֆալտի բարձր որակի վերաբերյալ: Այս ոլորտում, միևնույն է՝ առկա են կոռուպցիոն ռիսկեր:
Անահիտ Սիմոնյան