ԵՄ-ն փոխում է Արևելյան գործընկերության կառուցվածքը

ԵՄ-ն շարունակում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար առավել արդյունավետ մոդելներ փնտրել: Օրերս ՀՀ ԱԺ-ում Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին անակնկալ հայտարարություն արեց՝ ասելով, թե ԵՄ-ն մտադիր է ընդլայնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը՝ այն ավելի մեծ ծրագրի մեջ ներառելով:

«Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն` Բրյուսելը ցանկանում է «Արևելյան գործընկերության» ծրագիրն ընդլայնել, ներառել ավելի մեծ ծրագրի մեջ և ֆինանսավորել այն»,- ասաց Ռոցկին: Նա այլ մանրամասներ չի հայտնել` խոստանալով համապատասխան մարմիններից ավելի թարմ տեղեկություններ հայթայթել և փոխանցել հայկական կողմին:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ ձևավորվելու է «Արևելյան գործընկերություն+»  ձևաչափը Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի համար, որոնք ԵՄ-ի հետ հարաբերություններում ավելի հավակնոտ ծրագրերի՝ մինչև անգամ ԵՄ անդամակցության են հավակնում, քան Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը: Մինչ «Արևելյան գործընկերություն+» ձևաչափը կհաստատվի Եվրոպական հանձնաժողովի կողմից, այս երեք երկրների խորհրդարանները, հաշվի առնելով, որ ԵՄ-ի հետ հարաբերություններին գրեթե նույն մարտահրավերներին են բախվում, որոշում են կայացրել եռակողմ ձևաչափ ստեղծել և սերտ համագործակցել՝ հանուն ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման: Սրան զուգահեռ՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրում այլ փոփոխություններ են նախատեսվում:

Օրերս ԱլԳ անդամ երկրների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում Եվրահանձնակատար Յոհանես Հանն ասել էր. «Այսօր պաշտոնապես Արևելյան գործընկերության համար նոր կառուցվածք ենք ձևավորում, ներկայումս ամենակարևորը ծրագրին իմպուլս հաղորդելն է ու բարեփոխումներին մեր և գործընկեր երկրների համատեղ հանձնառության վերահաստատումը»:

«168 Ժամի» հետ զրույցում Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԵԺԿ (Լեհաստան) անդամ, լեհ քաղաքական գործիչ Յաչեկ Սարյուշ Ուոլսկին ասաց, որ ԵՄ-ն նպատակադրվել է ավելի արդյունավետ և կառուցողական դարձնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Այդ նպատակը, նրա տեղեկացմամբ, պետք է իրագործվի մինչև 2020 թվականը:

«Այս փնտրտուքը վերջին տարիներին չի դադարում, քանի որ ԵՄ-ն ականատեսը դարձավ այնպիսի զարգացումների, որոնք հաշվարկված չէին: Դրանցից երկուսը Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված խնդիրներն էին` ՌԴ-ով պայմանավորված: Այդ խնդիրներից պարզ դարձավ, որ երկրները, երկխոսելով ԵՄ-ի հետ, փաստորեն,  պարտավորված չեն որևէ քայլ կատարել և ցանկացած պահի կարող են հրաժարվել համագործակցությունից: Նույն այդ խնդիրն առաջ է գալիս նաև այն ժամանակ, երբ ԱլԳ անդամ երկրների բարեփոխումներ իրականացնելու փուլն է հասունանում` դրանք ձգձգվում են, չեն իրականացվում, ծրագրերը ներդրվում են կիսատ:

Իսկ «ինչու» հարցի պատասխանը մեկն է` ԱլԳ գործիքները, ԵՄ-ի լծակները չափազանց քիչ են: ԵՄ-ն չի ցանկանում որևէ բարեփոխում պարտադրել որևէ երկրի, դա հակասում է եվրոպական արժեքներին, սա ազնիվ համագործակցություն է ԵՄ-ի կողմից և ակնկալվում է ազնիվ պատասխան: Այս մտայնությունից ելնելով՝ եվրոպացի պաշտոնյաները փորձում են էֆեկտիվ դարձնել այս համագործակցությունը ոչ թե՝ լծակներ ձեռք բերելու միջոցով, այլ՝ ընդլայնելով համագործակցությունը, ինչպես ես եմ հասկանում»,- մեկնաբանեց եվրոպացի պատգամավորը:

Նա նշեց, որ խոսքը ոչ թե ավելի մեծ ծրագրի մեջ ներառելու մասին է, այլ ԱլԳ  ինստիտուցիոնալ կառուցվածքի, պլատֆորմի և պանելների վերանայման, ընդլայնման մասին է, որոնք կոորդինացվելու են ԵՄ չորս առաջնահերթությունների միջոցով, որը թույլ կտա ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով:

Ըստ նրա, չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին և հասարակությանը: «Այս նոր կառուցվածքի էությունն այն է, որ համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք անդամ-երկրներում բարեփոխումներն իրացնողներն են, ԵՄ-ի կողմից ձևավորված համապատասխան հարթակներում հանդիպումներ են ունենալու, վերապատրաստումներ անցնելու: Սա վերաբերում է բիզնեսին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, սոցաշխատողներին, կառավարման ոլորտի աշխատակիցներին ու մասնագետներին, տրանսպորտին, էներգետիկային, կլիմային:

Այսինքն` ԵՄ-ն անմիջական ներկայություն է ցանկանում ունենալ բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նպաստելով դրան»,- ասաց պատգամավորը:

Նա վստահեցնում է, որ ԵՄ-ի նախաձեռնած այս հավելյալ աշխատանքը, բնականաբար, ավելի դյուրին կդարձնի ԱլԳ անդամ երկրների կողմից եվրոպական պահանջների կատարումը, քանի որ սկզբնական փուլում հենց եվրոպացի մասնագետները դրանք կներկայացնեն անդամ-երկրների ներկայացուցիչներին: Սա, նրա կարծիքով, միանշանակ կարագացնի բարեփոխումների ներդրման գործընթացը:

«Այս կառուցվածքային փոփոխությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական կողմը պետք է սկսի ՀՀ-ԵՄ համաձայնագրի  վավերացման գործընթացը, իսկ ԵՄ-ն այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքն ակնկալում է տեսնել արդեն աշնանը, երբ կհանդիպեն նախարարները ԵՄ պաշտոնյաների հետ»,- ասաց Յաչեկ Սարյուշ Ուոլսկին:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունն արդեն ամառվանից, առանց ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, կարող է սկսել  վավերացման գործընթացը: ԵՄ-ն, գիտակցելով, որ ԵՄ անդամ-երկրների կողմից վավերացման գործընթացը երկար ժամկետ կարող է պահանջել, հնարավորություն է տվել հայկական կողմին կոնկրետ քայլեր իրականացնել համաձայնագրով պահանջվող բարեփոխումների ուղղությամբ:

«Կարծում եմ` ԱլԳ նոր կառուցվածքը Հայաստանին թույլ կտա սկսկել բարեփոխումներն ավելի արդյունավետ մեկնարկային կետից՝ համատեղ աշխատելով ԵՄ-ի հետ: Կարծում եմ` շատ արդյունավետ է լինելու, և Հայաստանը հնարավորություն է ունենալու ակտիվորեն վավերացնել համաձայնագիրը, դրա համար աներևակայելի աշխատանք պետք չէ, խոսքը պարզ բարեփոխումների մասին է, տնտեսական լրջագույն բարեփոխումները հանված են փաստաթղթից»,- ասաց լեհ գործիչը:

Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը մեզ հետ զրույցում ասաց, որ այս կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են ԵՄ-ի հարմարավետության և բարեփոխումների ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու նպատակով: Ըստ նրա, պատահական չէ նաև, որ այդ փոփոխություններն արվեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացից առաջ:

«Նոր ձևաչափը կնպաստի, որպեսզի Հայաստանի քաղաքական կամքն է՛լ ավելի շուտ կյանքի կոչվի, իսկ ներդրումները ծառայեն նպատակներին: Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակով, թեև այդ երկրներն ունեին քաղաքական կամք, ավելի, քան Հայաստանը, կարծրացած համակարգերում բարդանում էր բարեփոխումների գործընթաց, որի ընթացքում նաև ծախսերն էին հասնում մեծ ծավալների, ներկայումս ԵՄ-ն փորձում է ավելի արդյունավետ դարձնել ասոցիացման ողջ գործընթացը»,- ասաց Զաշտովտը:

Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առաջինը կփորձարկի Հայաստանը: «Հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաների հույսերը կարդարանան, և այս նոր մոտեցումն իրեն կարդարացնի»,- նկատեց նա: Ամփոփելով` լեհ փորձագետն ասաց, որ առանց քաղաքական կամքի՝ ԱլԳ-ի համար ցանկացած նոր կառուցվածք, նոր մոտեցում դատապարտված է լինելու անհաջողության:

«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:

Տեսանյութեր

Լրահոս