Պուտինի պյուռոսյան հաղթանակը. Ինչ դասեր ունեն քաղելու Ռուսաստանի գործընկերները

Հետսովետական Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իրեն կողմ քվեարկածների թվով աննախադեպ ռեկորդ է գրանցել: Կիրակի օրը` մարտի 18-ին, ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում չորրորդ, սակայն այս անգամ՝ ջախջախիչ հաղթանակ տարավ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նախագահ ընտրվեց 6 տարի ժամկետով, սակայն 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք, ըստ ՌԴ Սահմանադրության՝ Պուտինը չունի, թեև Ռուսաստանում չեն բացառում, որ Սահմանադրությունը կհարմարեցվի ՌԴ նախագահին, ինքը՝ Պուտինը, ընտրություններից անմիջապես հետո պատասխանելով սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին հարցին՝ ասել է, որ նման փոփոխություններ դեռ չեն նախատեսվում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովայի տեղեկացմամբ, գործող նախագահը ստացել է ձայների 76.67 տոկոսը` 47-48 միլիոն ձայն, այն դեպքում, երբ 2012 թվականին նա ստացել էր ձայների 63.6 տոկոսը: Մոսկվայում, վերջին տվյալներով, Պուտինը ստացել է 70 տոկոս, Սանկտ Պետերբուրգում՝ 75, Չեչնիայում՝ 90, իսկ Ղրիմում՝ 92 տոկոսից ավելի:

Ընտրությունների արդյունքում՝ 11,79 տոկոս ձայներով, երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ստացել է 1 տոկոս ձայն, իսկ Բորիս Տիտովը, Սերգեյ Բաբուրինն ու Մաքսիմ Սուրայկինը չեն ստացել նույնիսկ ձայների 1 տոկոսը: ԿԸՀ-ն ունի 10 օր ընտրությունների վերջնական արդյունքները հստակեցնելու և բոլոր կազմակերպչական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ուշագրավ է, որ չնայած ռուս հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում ԿԸՀ-ն չէր գրանցել՝ որպես նախագահի թեկնածու, և ով մերժել էր Սոբչակի հետ համագործակցության առաջարկը, բնակչությանը կոչ էր արել չմասնակցել կեղծվող ընտրություններին, սակայն ՌԴ ընտրողների 67,47 տոկոսը, այսինքն` 73,36 միլիոն մարդ, մասնակցել է ընտրություններին, որոնք մի շարք թեկնածուներ արդար չեն որակել:

Ի դեպ, ըստ ԿԸՀ-ի, ընտրությունների կեղծման վերաբերյալ լուրջ բողոքներ ու տվյալներ չեն եղել: Խախտումների փաստերով ընդամենը 11 քրեական գործ է արձանագրվել և ուղարկվել Ներքին գործերի նախարարություն: Սակայն իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են հազարավոր ընտրախախտումներ՝ նշելով, որ ընտրություններն արդար չեն եղել:

Ի դեպ, ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել 474,5 տեղացի և 1513 օտարերկրացի դիտորդ, 10,5 հազար ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն է ունեցել ընտրատեղամասերում լուսաբանել ընտրությունների ընթացքը:

«168 Ժամի» տեղեկությունների համաձայն, ընտրախախտումները բավականին մասշտաբային բնույթ են կրել թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս, թե՛ ԿԸՀ-ում: Նույն աղբյուրների համաձայն, կասկածելի են Պուտինի ստացած աջակցությունը հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որովհետև այս քաղաքներում է կենտրոնացած ռուսական մտավորականությունը` հիմնականում ընդդիմադիր հատված, որը հակված է եղել քվեարկել Քսենյա Սոբչակի և Գրիգորի Յավլինսկու օգտին, որոնք անհավատալի ցածր տոկոսներ են ստացել:

Մեր տեղեկությունների համաձայն, բնակչության համար արժանահավատ չէ նաև բարձր մասնակցության մասին ԿԸՀ տվյալը, քանի որ ընդդիմության մի ստվար հատվածը հետևել է կեղծված ընտրություններին չմասնակցելու՝ Նավալնիի կոչին: Միևնույն ժամանակ՝ մեր աղբյուրները պնդում են, որ մարզերի բնակչությունն էապես տարված է Պուտինի «Հզոր Ռուսաստանի» գաղափարներով: Մի շարք կարծիքների համաձայն՝ այս տվյալները բացարձակ կանխատեսելի էին՝ հաշվի առնելով ռուսական ընդդիմության «ողբերգական» վիճակը: Քննադատությունների թիրախում է հատկապես Ալեքսեյ Նավալնին, ով, ըստ շրջանառվող փորձագիտական կարծիքների, չպետք է Սոբչակին` ամենաազդեցիկ ընդդիմադիր թեկնածուին, մեղադրեր իշխանությանն աջակցելու մեջ:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը Պուտինի հաղթանակը պյուռոսյան է որակում: Նա ասաց, որ Պուտինը երկիրն է՛լ ավելի վտանգավոր փակուղի մտցնելու և նախկին փակուղին շարունակելու մանդատ ստացավ, որը Ռիժկովը չափազանց վտանգավոր է համարում:

Ըստ նրա, ՌԴ գործող նախագահը ստացավ բնակչությունից էական քարտ-բլանշ, որն ամենազարմանալին է ներկայիս փակուղային իրավիճակի մեջ: Ռիժկովն ասաց, որ այս արդյունքները ցույց են տալիս, որ նա որևէ ազդանշան չստացավ բնակչության որոշ հատվածներից և ընդդիմությունից, որ երկրում ինչ-որ բան փոխել է պետք, քանի որ լիբերալներն էլ ավելի քիչ ձայներ ստացան, քան նախկին բոլոր ընտրությունների արդյունքում: Լիբերալ թևն այսքան քիչ ձայն ՌԴ պատմության մեջ չէր ստացել, և սա կործանիչ է երկրի համար:

Ռուս ընդդիմադիր գործիչն էական հանգամանք է համարում նաև այն փաստը, որ այս ամենը տեսնում է Պուտինի շրջապատը, այն մարդիկ, ում վրա հենվում է Պուտինի իշխանությունը, սա իր հերթին՝ նշանակում է, որ նրանք ևս կարծելու են. «ինչո՞ւ փոխել», և թույլ չեն տալու Պուտինին իշխանություն պահելու համար նույնիսկ որոշ բարեփոխումներ իրականացնել, կիսել իշխանության պատասխանատվությունը` երկիրը տանելով կործանման:

«Իմ կարծիքով` նա դառնալու է այս հաղթանակի պատանդը, քանի որ այն մարդիկ, ովքեր ապահովել են այդ հաղթանակը, մարդիկ, ում վրա նա հիմնվում է, և որոնք նրա քաղաքականությունն են ուրվագծում` ուժայինները, օլիգարխները, կոռումպացված գործիչները, դա շահարկելու են, նրան թույլ չեն տալու որևէ խնդիր լուծել: Նա ավելի ապահով հաղթանակ կունենար, եթե ստանար ոչ թե 70 տոկոսից ավելի, այլ 50 տոկոսից ավելի ձայն:

Նա այլևս որևէ ծրագիր երկրի համար չի կարողանալու իրականացնել, Պուտինը բոլոր ահռելի խնդիրների առջև կանգնած է մեն-մենակ` մեծ մասշտաբների հասնող սոցիալական շերտավորում, աղքատության աճ, տնտեսական աճի բացարձակ բացակայություն, կոռուպցիոն բազում խմբավորումներ, առճակատում Արևմուտքի հետ, մեկուսացում, ներդրումների բացակայություն, ներդրումների անկում ավելի քան 80 տոկոսով, «իզգոյ» ներկրի իմիջ»,- նման կարծիք հայտնեց Վլադիմիր Ռիժկովը: Քաղաքական գործչի խոսքով՝ այդ հզոր քարտ-բլանշը Պուտինին հուշում է. «Արա` ինչ ուզում ես», բայց դրա համար այլևս ռեսուրս չկա:

Ռուս քաղաքական գործիչն ամիսներ առաջ էր ենթադրել, որ նախագահական ընտրությունները նման արդյունքներով են ավարտվելու: Ըստ նրա, այս արդյունքները ստանալու համար այս անգամ իշխանությունները խախտումների և արդյունքները «նկարելու» այլ սխեմա են մշակել, որը տարբերվում է նախորդից:

«Այս անգամ նկարել են ավելի քիչ, բնականաբար, մարզերում, կառավարվող մարզերում, որտեղ Պուտինն իսկապես բացարձակ աջակցություն ունի, այդ հատվածներում պակասեցրել են խախտումները, այդ ռեգիոններում մասնակցության ավելի պակաս ցուցանիշեր են եղել, քանի որ թվեր չեն նկարվել, սակայն մասնակցության թիվն ապահովելու խախտումների հոսքն ընթացել է ծրագրով, որով բնակչությունը հնարավորություն ունեցավ ընտրել էլեկտրոնային եղանակով: Այս ծրագրի միջոցով քվեարկել է 6 միլիոն մարդ, այստեղ և հեշտ է նկարել, և ապահովել բարձր մասնակցություն, քանի որ այսպես քվեարկելը հեշտ է, և շատերն են որոշել քվեարկել այս միջոցով՝ առանց ընտրատեղամաս գնալու»,- ասաց Ռիժկովը:

Նրա խոսքով՝ Պուտինի ստացած ձայները հասկանալի ու վիճարկելի չեն միայն Ղրիմում և Չեչնիայում, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանի ողջ ռեսուրսն ուղղվել է այդ տարածքների ամեն տեսակի բարեկարգմանը, քանի որ Պուտինը խնդիր ուներ՝ Արևմուտքին և Ղրիմի ժողովրդին ցույց տալ, որ Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ ճիշտ քայլ էր: «Դա լիովին դոտացիոն ռեգիոն է, այդ ռեգիոնն իր ծախսերի 80 տոկոսը ստանում է ՌԴ բյուջեից, ներդրումները բոլորը ռուսական են: Հաղթանակը Ղրիմում կարևոր էր Պուտինի համար, նա դրանով ցույց տվեց, որ Ղրիմում ունի նման ջախջախիչ աջակցություն: Նա վերհաստատում է Ղրիմի նկատմամբ իր իրավունքը, փորձում է լեգիտիմացնել իր որոշումը, այդ գումարները հենց այնպես չեն գնում Չեչնիա և Ղրիմ, դրանք նպատակ ունեին և ծառայեցին իրենց նպատակին»,- ասաց Ռիժկովը:

Ռուս ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Պուտինի նոր նախագահությամբ հենց Պուտինի համար վտանգավոր և մարտահրավերներով լի փուլ է սկսվում: Նրա խոսքով, Ռուսաստանի լիբերալ թևը, որը «սպանելու» ուղղությամբ մեծ աշխատանք է տարել Պուտինը, լուրջ աշխատանք ունի անելու:

Թեև, ըստ նրա, այս պահին այդ գիտակցումն ունեն միայն ոմանք: Ինչ դասեր պետք է քաղեն ռուսաստանյան զարգացումներից ՌԴ գործընկերները. այս հարցին Ռիժկովը պատասխանեց, որ միակ դասն այն է, թե ինչպես չպետք է ղեկավարել երկիրը, պետք է ուսումնասիրել այդ սխալները և իշխանություն չպահել նման մեթոդներով, քանի որ երկրի ներքին խնդիրները նման առաջնորդի համար մեծ խնդիր են դառնալու վաղ թե ուշ: «Պետք է մտածել առողջացնել, բարեփոխել երկիրը ներսից: Սա պետք է լինի բոլոր երկրների ղեկավարների նպատակը»,- նկատեց Ռիժկովը:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ՌԴ ընտրությունների արդյունքներն արտացոլեցին այն հանգամանքը, որ արտաքին ճնշումները միավորել են հասարակությանը իշխանության շուրջ:

Հենց այդ պատճառով, ըստ նրա, հասարակությունն իր ձայնը տվեց՝ հանուն ուժեղ երկրի գաղափարի: Եվսեևի կարծիքով, ՌԴ գործող նախագահի ստացած այս ձայները նրան թույլ են տալու է՛լ ավելի վստահորեն առաջ մղել իր քաղաքականությունը թե՛ Արևմուտքի հետ հարաբերություններում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, ԵԱՏՄ-ում, և այլն: «Սա շատ ավելի լուրջ մանդատ էր, քան ՌԴ նախագահի ստացած նախորդ մանդատը, որը, բնականաբար, նրան միայն վստահություն կհաղորդի»,- ասաց Եվսեևը: Հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը ռուսաստանյան զարգացումներից և ինչպիսի քաղաքականություն ակնկալի Ռուսաստանից Հարավային Կովկասում, Հայաստանի ուղղությամբ, նա պատասխանեց, որ անկանխատեսելի որևէ զարգացում տեղի չի ունեցել, այս արդյունքներին սպասում էին բոլորը:

«Յուրաքանչյուր երկիր ընթանում է զարգացման իր ճանապարհով, դժվար է և տեղին չէ նկարագրել դասեր՝ Հայաստանի համար: Բայց ռազմավարական երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական զարգացումներն ուսումնասիրության առարկա պետք է լինեն Հայաստանի համար»,- նկատեց Եվսեևը: Խոսելով սպասվելիք քաղաքականությունից` քաղաքական վերլուծաբանն ասաց, որ այս պահին հիմքեր չունի պնդելու, որ որևէ բան է փոխվելու, հատկապես, երբ երկրում իշխանություն չի փոխվում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական քաղաքականությունը համարյա թե բոլոր տարածաշրջաններում հաճախ է քննադատության ենթարկվում, ներկայացվում՝ որպես սխալ, այս ընտրությունների արդյունքները ՌԴ նախագահին հնարավորություն են տալիս չնկատել այդ քննադատությունները և շարունակել այն քաղաքականությունը, որը վարում էր նախորդ ժամկետի ընթացքում, քանի որ այն, փաստորեն, ստացավ հասարակության աջակցությունը, ինչն իշխանության համար ամենակարևորն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ` կարևորն այն է, որ ոչինչ չի փոխվելու, կշարունակվի ՌԴ-Արևմուտք առճակատումը, որից գուցե սկսի տուժել նաև Հարավային Կովկասը, քանի որ ամերիկյան պատժամիջոցներն են մոտենում տարածաշրջանին, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությունը կպահպանվի, Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս ՌԴ-ն կշարունակի ունենալ իր այն դերակատարությունը՝ ինչ միշտ է ունեցել:

Սակայն այստեղ հետաքրքրականն ինձ համար հետևյալն է` բոլորն այս ընտրություններից հետո ակնկալում են ՌԴ նախագահից ավելի սուր արտաքին քաղաքականություն հատկապես Արևմուտքի ուղղությամբ, քանի որ, իբրև թե հասարակությունը նախագահին տվել է այդ իրավունքը, բայց չի բացառվում, որ զարգացումներն այլ ուղիով ընթանան»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս