ԿԲ-ի մոտ կնոջը մահացու վրաերթի ենթարկած անձը 2 մանկահասակ երեխաների հայր է. մանրամասներ
Օրերս Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց 26-ամյա մի երիտասարդ վրաերթի էր ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել էր:
ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) տարածած հաղորդագրության համաձայն՝ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։ Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն նշեց, որ ձերբակալված անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հենց այդ խափանման միջոցն ընտրվել անձի նկատմամբ: Ս. Տռուզյանն ասաց, որ խափանման միջոց կիրառելու հիմքերը սահմանված են Դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով:
Այդ հոդվածում նաև նշվում է, թե որ դեպքերում են կալանավորումը կիրառում. այն դեպքերում, երբ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը:
Ս. Տռուզյանի փոխանցմամբ՝ այս դեպքում անձն ինքնակամ ներակայացել է, օգնել է վարույթն իրականացնող մարմնին, դեպքի վերաբերյալ տվել է մանրամասն ցուցմունքներ:
Նա նաև ասաց, որ նկատի ունենալով, որ անձն ունի 2 մանկահասակ երեխա՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրա ազատության մեջ գնվելը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը, և դրա համար խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Վրաերթ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտելը, որն առաջացրել է անզգուշութամբ մարդու մահ, և՝ հեռանալը:
Ս. Տռուզյանը նկատեց, որ հաճախ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունն ընկալվում է որպես ազատ արձակել, բայց դա նույնը չէ: Նրա խոսքով՝ անձը մեղադրյալ է, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցներից մեկը: