Գագիկ Հարությունյանը` մարտի 1-ի դեպքերի քննության մասին

Իրավական գործընթացում գտնվող ցանկացած գործ պետք է լինի թափանցիկ և լիարժեք քննության առնվի: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք անհրաժեշտություն տեսնում է, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների դեպքով հարուցված քրեական գործերի շրջանակներում հարցաքննվեն ՀՀ նախկին և ներկա նախագահները:

«Ես ընդհանրապես չեմ ցանկանում քննության ընթացքում գտնվող գործի վերաբերյալ կարծիք հայտնել, որովհետև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, առավել ևս նախագահին չի թույլատրվում արդարադատական գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել: Սակայն ընդհանուր կարծիք կարող եմ հայտնել, որ ցանկացած գործ, որը իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ և լիարժեք քննության առնվի: Ես, օրինակ, հիմա մտածում եմ ոլորտում մտցնել մշտադիտարկման համակարգ, ինչի համար փորձագետներ եմ հրավիրել նաև դրսից: Համակարգի էությունը պետք է լինի հետևյալը` դիմումը եկավ դատարան, դրա ընդունման կամ մերժման պահից մինչև վերջնական իրացման պահը գործը պետք է լինի ուշադրության կենտրոնում և մշտադիտարկման առարկա` ուր գնաց, ինչ ընթացք ստացավ, ինչ կարծիք արտահայտվեց, ինչ սխալներ կան, իսկ վերջում գնահատվի գործընթացի արդյունավետությունը»,- նշեց նա:

Հարությունյանը հավելեց, եթե այդ գործընթացում առաջանում են տարբեր խոտորումներ, պետք է բացահայտել և փորձել իրավիճակը հաղթահարելու մեխանիզմներ գտնել: «Խոսքը վերաբերվում է բոլոր գործերին, առավել ևս` քրեական գործերին: Այսօր դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը խոսքով չի լինում: Դա սկսվում է հենց մարդու նկատմամբ վերաբերմունքից, դատարանում դատավարական գործընթացից, ավարտվում է որոշումով և որոշման կատարմամբ: Եթե կա գործ քննության գործընթացում, այս կանոններին պետք է ենթարկվեն և տաբուներ չպետք է լինեն»,- ասաց Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը հավելեց, որ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցածը ողբերգություն էր: «Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ բոլորիս մեղքն է, որ իրավիճակը նման հանգուցալուծման հասավ, որը չպետք է լիներ: Նորմալ իրականության մեջ համապատասխան կոնֆլիկտները պետք է հաղթահարվեն»,- նշեց նա:

ԲԴԽ նորընտիր նախագահն ասաց, որ ժամանակի ընթացքում հնարավորություն կունենա ներկայացնել մի ստեղծագործական աշխատանք, որը ստեղծված իրավիճակի առնչությամբ խորը ապրումներով գրել է մարտի 1-ից շաբաթներ առաջ: Նրա խոսքով` հակասությունների խորացումը միշտ հավաքում է կրիտիկական զանգված և կարող է հանգեցնել պայթյունի: Գագիկ Հարությունյանը շեշտում է, որ նման իրավիճակները պետք է հաղթահարվեն, ինչը պետության կառավարման կարևորագույն արվեստներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս