Բաժիններ՝

«Այդ կարգի համայնքապետերը թող պատժվեն». Դավիթ Լոքյան

«Դա վերաբերում է հին` 2016 թ. պարարտանյութ ստանալու գումարին: Ես մանրամասներին տեղյակ չեմ, այդ պրոցեսը հիմնականում իրականացնում են գԳյուղատնտեսության նախարարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը: Ես տեղյակ եմ եղել այն համայնքներին, որտեղ պարարտանյութ ստացել են, բայց վճարումներ չէին իրականացրել` փոքր մասով բնակիչների, նաև հիմնական սխալներ կային, երբ համայնքապետն էր ստացել ամբողջը և վճարում չէր արել: Այս դեպքը, եթե արդեն իրավաբանորեն հաստատված է, ուրեմն համայնքապետը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` անդրադառնալով Լոռու մարզպետարանի աշխատակցի կողմից պետությանը 8մլն դրամից ավելի վնաս հասցնելու փաստով հարուցված քրեական գործին:

168.am-ի հարցին` սա կարելի՞ է դիտարկել Սերժ Սարգսյանի հայտարարության համատեքստում, որ ՏԻՄ ղեկավարներին այլևս ներում չի լինելու, Դ.Լոքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ համատեքստում եք դուք ուզում դիտարկել, սա օրենքի խախտում է, ընկերությունը փոխանցել է մարզպետարանին պարարտանյութ, մարզպետարանը փոխանցել է համայնքին, համայնքապետը ստացել է, փողը չի վերադարձրել: Իհարկե, կարող եք դիտարկել նաև այդ համատեքստում, ինչո՞ւ ոչ: Բայց սա ավելի շատ պարզ, տարիների ընթացքում գործող, ոչ նորմալ պրոցես է եղել, երբ պետությունը վստահելով, փաստորեն, պարարտանյութը փոխանցել է համայնքապետին, վճարումը հետ չի կատարվել, և վերջին հաշվով այդ պարտքը մնացել է պետության վրա: Այդ կարգի համայնքապետերը թող պատժվեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:

Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է: Դատական ակտը ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կատարողական թերթ ստանալու և ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը:

Կարդացեք նաև

Ավելին, հետագայում նշված անձանց կողմից հիշյալ պարտքը ներկայացվել և ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է՝ որպես համայնքի պարտավորություն: Փաստորեն, մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8.274.000 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի  նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս