Պոմպեոյի պետքարտուղարությունը Ղարաբաղի հարցում կարող է անակնկալ ակտիվություն ցուցաբերել

Մի քանի ամիս շարունակվող Թրամփ-Թիլերսոն կուլիսային տարաձայնություններից հետո մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աղմկահարույց պաշտոնանկություն արեց:

Նա աշխատանքից հեռացրեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Իր թվիթերյան միկրոբլոգում Թրամփը գրել է, որ շնորհակալ է Թիլերսոնին նրա կատարած աշխատանքի համար, և նոր պետքարտուղարը կդառնա Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն, իսկ ԿՀՎ ղեկավար կնշանակվի Ջինա Հեսփելը, որն այս պաշտոնում առաջադրված առաջին կին թեկնածուն է:

Լրագրողների հետ կարճ զրույցում իր անակնկալ որոշումը Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Որոշումը միայն ես եմ կայացրել, կարծում եմ՝ Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի: Մենք մի շարք տարաձայնություններ ունեինք, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, նրա համոզմամբ, մինչդեռ, ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում»:

Նա նաև նշել է, որ պաշտոնանկության հարցը քննարկվել է երկար ժամանակ, թեև Թիլերսոնն ու Թրամփը բավականին մտերիմ ու լավ հարաբերություններ են ունեցել, ԱՄՆ նախագահը նրան «լավ մարդ» է որակել: ԱՄՆ ղեկավարը տեղեկացրել է, որ բավականին լավ հարաբերություններ ունի նաև Մայք Պոմպեոյի հետ, և իրենց մտածելակերպը նման է, ուստի ակնկալում է, որ իրենց համագործակցությունը ֆանտաստիկ արդյունքների է հանգեցնելու:

«Պետքարտուղարի պաշտոնում նա կշարունակի վերականգնել Ամերիկայի դիրքերն աշխարհում, կամրապնդի դաշնակցային հարաբերությունները, կդիմակայի մեր թշնամիներին ու կփորձի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- ասել է Թրամփը:

Ի դեպ, ամերիկական ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են հրապարակել պաշտոնանկության վերաբերյալ: Որոշ լրատվամիջոցներ արձանագրել են, որ Թրամփն իր որոշման մասին անձամբ Թիլերսոնին չի հայտնել և չի զրուցել նրա հետ այդ մասին:

Ավելին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Սթիվ Գոլդսթեյնը Թվիթերում գրել է, որ պետքարտուղարը նախագահի հետ չի խոսել և անտեղյակ է պատճառներից, սակայն շնորհակալ է ծառայելու՝ իրեն տրված հնարավորության համար:

Նա նաև նշել է, որ Թիլերսոնը մտադիր էր մնալ իր պաշտոնում, քանի որ կարծում էր, որ առաջընթաց է արձանագրում ազգային անվտանգության առանցքային հարցերում: Իսկ մի քանի պարբերականներ լուրեր են շրջանառում, որ դեռ մարտի 9-ին է Թրամփը Թիլերսոնին խնդրել լքել պետքարտուղարի պաշտոնը:

Մինչ փորձագետները փորփրում են Պոմպեոյի կենսագրությունն ու փորձում կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու ԱՄՆ նոր պետքարտուղարը, ինչը չկարողացավ անել Թիլերսոնը, արևմտյան ԶԼՄ-ները փորձում են բացահայտել աղմկահարույց պաշտոնանկության պատճառները: The Washington Post-ին ու Reuters-ին հայտնի է դարձել, որ, բացի Իրանի միջուկային գործարքի և այլ հարցերի շուրջ տարաձայնություններից, Թրամփը ցանկացել է նոր թիմ ձևավորել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Նահանգների առևտրային գործընկերների հետ նախատեսված բանակցություններից առաջ` Թիլերսոնին համարելով չափազանց ավանդապաշտ և մեղմ գործիչ:

Ըստ Սպիտակ տնից հասած տեղեկությունների, ԱՄՆ նախագահը ցանկացել է, որպեսզի նոր պետքարտուղարն անցնի իր աշխատանքին մինչ բանակցությունների մեկնարկը: Սրան զուգահեռ՝ ռուսական փորձագիտական հանրությունը կարծում է, որ Թիլերսոնի պաշտոնանկությունն անխուսափելի էր, քանի որ խորացող ԱՄՆ-ՌԴ առճակատման այս փուլում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնը բավականին թույլ գործիչ էր Լավրովի համեմատությամբ:

Ուշագրավն այն է, որ այս կարծիքին են թե իշխանամետ, թե լիբերալ թևի փորձագետները: Սակայն նրանք նաև գտնում են, որ սա ամենևին էլ բիզնեսմեն և քաղաքականությունից «գլուխ չհանող» Թրամփի որոշումը չէր, քանի որ Թիլերսոնը Թրամփի ընկերն է: Ըստ այդ կարծիքների, Թրամփին խորհուրդ են տվել պաշտոնանկ անել բիզնեսմեն Թիլերսոնին, և նա լսել է ավելի բանիմաց քաղաքական գործիչների խորհուրդը:

Այս աղմկահարույց պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը Պոմպեոյից ակնկալելու է իր կոշտ ծրագրերի իրագործում Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի ուղղությամբ, ինչը, մի շարք փորձագետների պնդմամբ, էական տեղաշարժեր է առաջացնելու միջազգային հարաբերություններում:

Չկարգավորված ԼՂ հակամարտություն և հայ-թուրքական փակ սահմաններ, բարդ հարևանություն ունեցող փոքր երկրի համար հատկապես կարևոր են նման մասշտաբային քաղաքական փոփոխություններն աշխարհում, կարևոր է նաև, թե ինչպիսի դիրքորոշում ունի նոր պետքարտուղարը հայկական հարցերի ուղղությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ազդեցիկ գործընկեր Թուրքիայի համար, թեև ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերությունները փորձության բավականին լուրջ փուլ են հաղթահարում: Հայկական կազմակերպություններից մի քանիսի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ Մայք Պոմպեոն հայկական հարցերով 13 նախաձեռնություններից 12-ին դեմ է հանդես եկել:

Մասնավորապես, նա չի ստորագրել Հայաստանին օգնություն հատկացնելու նամակները, չի ստորագրել Բարաք Օբամային ուղղված նամակը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ, չի ստորագրել Ռոյս-Էնգելի առաջարկներն Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու վերաբերյալ, չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի անկախության նվիրված միջոցառումներին:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, թե վաղուց էր հայտնի, որ Թրամփն ու Թիլերսոնն ունեն հակասություններ մի շարք ուղղություններում` Հյուսիսային Կորեա, Իրան: «Սակայն, իմ կարծիքով, այս ամենը կապ ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին աջակցելու՝ Թիլերսոնի որոշման հետ: Թիլերսոնն իր հայտարարություններով շատ հեռուն գնաց՝ հաշվի չառնելով Թրամփի դիրքորոշումն այդ հարցում:

Մեյի հայտարարությունից 24 ժամ անց Թրամփը Ռուսաստանի հասցեին որևէ բացասական մեկնաբանություն չարեց, իսկ Թիլերսոնը չհամաձայնեցված մի շարք մեկնաբանություններ տվեց: Սկզբից Թրամփը որևէ արձագանք չտվեց այդ ամենին, քանի որ ամերիկյան քաղաքականությունը բավականին յուրահատուկ է, նրանք միանգամից չեն արձագանքում, այլ փորձում են հասկանալ, որ ճիշտ են նկատել, թե ինչ կա այդ ամենի ետևում, որից հետո են արձագանքում, բայց Թրամփն արձագանքեց այսկերպ, քանի որ Թիլերսոնը հեռուն էր գնացել: Բայց, ընդհանուր առմամբ, Թրամփն անկեղծ էր, կային տարաձայնություններ, և այդ մասին նա նշեց, չնայած Թիլերսոնն իր գործընկերն է»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը: Սակայն գերմանացի քաղաքագետը լիահույս չէ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ-ը դրական ուղղությամբ կընթանա: Ըստ նրա, դեռ վաղ է խոսել, թե ինչպիսին կլինի ամերիկյան նոր քաղաքականությունը:

Սակայն նա նշեց, որ Պոմպեոն ավելի արհեստավարժ քաղաքական գործիչ է, դիվանագետ, քան Թիլերսոնը, Պոմպեոն ավելի տեղեկացված է, ավելի կտրուկ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ՝ որպես ԿՀՎ նախկին ղեկավար, ինչը թույլ է տալիս պնդել, որ Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականությունն ավելի կոպիտ է լինելու, ավելի փակ, թեև արտաքին քաղաքականությունը վարում է ԱՄՆ նախագահը, և Կոնգրեսի ու ուժային կառույցների ճնշումների պատճառով, եթե լինեն տարաձայնություններ նաև Պոմպեոյի հետ, նա ստիպված կլինի հեռացնել նաև Պոմպեոյին:

«Ես որևէ առաջընթաց Ռուսաստանի, Ուկրաինայի հարցում չեմ ակնկալում, Իրանի միջուկային ծրագրի հարցում ևս, փաստորեն, իր դիրքորոշումը Թրամփը պետք է փորձի առաջ մղել: Բայց դեռ վաղ է ենթադրություններ անելու համար, քանի որ իրական պատճառների շուրջ մենք միայն ենթադրություններ ենք անում»,- նկատեց Ռարը:

Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը` Ալեքսանդր Ռարն ասաց, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և նրա Պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց:

«Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և Ղարաբաղյան հակամարտությունից, հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի անտարբեր դիրքորոշումը և ցանկությունը՝ կենտրոնանալ ԱՄՆ խնդիրների և ԱՄՆ զարգացման վրա:

Պոմպեոյից ակնկալվում է արդարացնել Թրամփի սպասումները, քանի որ նրան ևս գուցե հրաժեշտ տան, եթե նա Թիլերսոնի նման շարունակի պահել ավանդական ամերիկյան քաղաքականությունը՝ Թրամփին ետ պահելով անմտածված քայլերից»,- ասաց Ռարը: Նրա համոզմամբ, այնուամենայնիվ, Պոմպեոյի Պետքարտուղարությունը կլինի Ղարաբաղյան բանակցություններում՝ հաշվի առնելով այդտեղ ՌԴ-ի մասնակցությունը և ԱՄՆ ներկայիս նախագահի վերաբերմունքը Ռուսաստանի ազդեցության հարցում:

«Այն համոզմանն եմ, որ Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունն այս ռեգիոնում կբարձրացնի Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Եթե իրադարձություններն այդ ընթացքով գնան, ապա կարելի է ակնկալել նոր տեսակի ակտիվություն ԱՄՆ-ի կողմից: Այն տվյալները, որոնք հրապարակվել են հայկական հարցերի ուղղությամբ նրա դիրքորոշման մասին, այսօր չեն կարող ուղենիշ լինել, քանի որ Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնում անձնական նախասիրություններով չի կարող առաջնորդվել»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս