Բաժիններ՝

«Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի տանում այդ ուղղությամբ». Արման Թաթոյան

«Երբ անձը հայտնվում է ՔԿՀ-ում, առաջին օրից սկսած պետք է աշխատանքներ տարվեն՝ նրան ազատ արձակման նախապատրաստելու համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի տանում այդ ուղղությամբ, և մեկ էլ պայմանական վաղաժամ ազատման հարցը որոշելիս՝ հայտարարում, թե տվյալ անձը պատրաստ չէ ազատ արձակման»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, երբ անձը գտնվում է ազատազրկման մեջ, այդ ընթացքում պետք է ամուր լինեն ընտանիքի հետ նրա կապերը, պետք է ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվեն նրա հետ, աշխատանքի հնարավորություն տրվի. «Մենք մշակել ենք մի մեծ օրենսդրական փաթեթ, որով առաջարկում ենք ընտանիքի հետ կապի առումով բարեփոխել Հայաստանի գրեթե ողջ օրենսդրական համակարգը։ Առաջարկում ենք մի մոտեցում, որ ինքնին նախաքննության փաստը չի կարող հիմք դառնալ՝ կալանավորի կապն ընտանիքի հետ սահմանափակելու համար։ Բացի դրանից, պետք է անընդհատ դա վերանայվի՝ անկախ նրանից՝ անձը ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսօր քննիչը ակտով սահմանափակում է, և վերջ, դա այլևս վերանայման ենթակա չէ, ժամկետով էլ սահմանափակված չէ։ Կարևոր է, որ լինի ժամկետային սահմանափակում, և անընդհատ վերանայվի դա։ Մենք առաջարկում ենք, որ դատական և դատախազի ուժեղ վերահսկողություն լինի այս միջոցի նկատմամբ։ ՔՕ-ն պետք է ստեղծի պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերը»։

Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրներ է տեսնում նաև քրեաիրավական ներգործության միջոցների հարցում. «Առաջին հերթին՝ նկատի ունեմ պատիժը․ պատժի համակարգն այսօր ճկուն չէ, և մենք պետք է ունենանք այնպիսի ճկուն համակարգ, որ ազատազրկումը լինի բացառիկ միջոց․ չի կարող ազատազրկումը դառնալ գլխավոր միջոց»։

Թաթոյանի խոսքով՝ թեև ՔՕ-ում կան պատժի տեսակներ, կան ազատությունից չզրկելու հետ կապված պատժատեսակներ, բայց նրա խոսքով՝ դրանց համակարգը ճկուն և արդյունավետ չէ. «Ունենք փոփոխությունների կարիք»։

Ինչ վերաբերում է խոշտանգումների խնդրին, նա ասաց, որ դա արդեն նախատեսված է ՔՕ համապատասխան հոդվածով, որի ձևակերպումը լիարժեք համապատասխանում է միջազգային չափանիշերին. «Գլխավոր հարցը պրակտիկայի կիրառության հարցն է։ Դրսևորումները մի քանի կոմպոնենտ ունեն՝ խոշտանգում, անմարդկային վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որոնցից յուրաքանչյուրի դեպքում այդ արարքները պետք է արժանանան գնահատականների, և ՔՕ-ն պետք է նախատեսի խիստ պատիժներ։ Այսօր գործող օրենսգրքում դա կա, հիմա մենք պրակտիկան ենք ուսումնասիրում, փորձում ենք հասկանալ, թե պրակտիկայում արդյո՞ք դա կիրառվում է, որովհետև մենք բողոքներ ենք ստանում, և ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ այն չէ, ինչ կարող էինք ակնկալել»։

Նա ընդգծեց՝ պայմանական վաղաժամկետ համակարգի արդյունավետ գործողության կարևոր երաշխիքներից է անձի անմիջական մասնակցությունն իրեն վերաբերող գործընթացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս