«Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ զորավարժությունները կարող են վերածվել որոշակի հստակ գործողությունների Ադրբեջանի կողմից». Գառնիկ Իսագուլյան
«Սա առաջին դեպքը չէ, որ խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է իմանանք, որ Ադրբեջանը միշտ է խախտելու պայմանավորվածությունները և միջազգային պայմանագրերը, ուղղակի մենք ինքներս պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած ոտնձգության և կարողանանք համարժեք պատասխան տալ. «Պատասխանը պետք է լինի շատ ավելի ուժեղ, քան՝ այն կարող է սպասվել Ադրբեջանի կողմից: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ զորավարժությունները կարող են վերածվել որոշակի հստակ գործողությունների Ադրբեջանի կողմից, ուշի ուշով պետք է հետևել և համարժեք պատասխան տալ այդ պարագայում»:
Հարցին՝ մենք միշտ պետք է պատասխանե՞նք, չի՞ լինի, որ մենք ինչ-որ քայլ անենք, իրենք արձագանքեն՝ Գ. Իսագուլյանն ասաց, որ Հայաստանն էլ իր հերթին՝ կանխարգելիչ գործողություններ է անում, բայց ՀՀ-ն միշտ կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը. «Իսկ եթե որևէ մեկին թվում է, որ քաղաքական առումով Հայաստանը պասիվ է կամ հետ է Ադրբեջանից, ապա չարաչար սխալվում է, ուղղակի ՀՀ-ն վարում է քաղաքականություն, որը բխում է բացառապես ՀՀ-ի և Արցախի շահերից: Երբ Ալիևը խոսում էր Երևանը որպես իրենց պատմական հայրենիք գրավելու մասին, ամենևին պարտադիր չէր, որ մեր նախագահը նույն կերպ հայտարարություն աներ, որ Բաքուն մեր պատմական հողն է, դա բոլորին է հայտնի: Հետագայում տարբեր բարձր ատյաններում երբ հարցեր էին ուղղվում,ՀՀ նախագահին, նա շատ հստակ պատասխանել է: Այստեղ էլ պատասխանն այն մակարդակի և ուժգնության է եղել, որ Ալիևը և իր խորհրդականները, մեկ ամիս է՝ փորձում են ամեն կերպ ասել, որ ժամանակին Ալիևի հայտնած միտքը ճիշտ չի ընկալվել տարբեր շրջանակների կողմից»:
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի, ՀՀ-ի և ՌԴ-ի ընտրություններից հետո աշխուժացում լինի ԼՂՀ հարցում՝ Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Արցախյան բանակցություններում կարող են և՛ աշխուժություններ լինել, և՛ պասիվություններ: Մի բան պետք է հասկանանք, որ արցախյան խնդրի հետ կապված քննարկումներ լինելու են շատ երկար տարիներ: Վստահ եմ, որ մոտակա 50 տարում սպասել ստատուս-քվոյի փոփոխության, նշանակում է՝ չընկալել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: